Հա
12/03/2018

Պոլսահայ գործիչ. «Ոչ ոք չի կարող մեզ ստիպել, թէ Աթեշեանը մեր համայնքի առաջնորդն է»

Թուրքիայի հայկական պարբերականներից «Ակօս»-ը հարցազրոյց է ունեցել Ստամբուլի Գեդիկփաշայի Սուրբ Յովհաննէս եկեղեցու հիմնադրամի նախկին ղեկավար Յարութիւն Շանլըի հետ, որը յայտնի է Պոլսոյ հայոց պատրիարքի վերանշանակւած փոխանորդ Արամ Աթեշեանի դէմ իր սուր քննադատութիւններով:

«alikonline.ir» - Թուրքիայի հայկական պարբերականներից «Ակօս»-ը հարցազրոյց է ունեցել Ստամբուլի Գեդիկփաշայի Սուրբ Յովհաննէս եկեղեցու հիմնադրամի նախկին ղեկավար Յարութիւն Շանլըի հետ, որը յայտնի է Պոլսոյ հայոց պատրիարքի վերանշանակւած փոխանորդ Արամ Աթեշեանի դէմ իր սուր քննադատութիւններով: Գրում է «tert.am»-ը:

Շանլըն օրեր առաջ հրաժարական է ներկայացրել Գեդիկփաշայի Սուրբ Յովհաննէս եկեղեցու հիմնադրամի ղեկավարի պաշտօնից՝ Աթեշեանի կողմից Սուրբ Յովհաննէս եկեղեցուց հեռացւած քահանային վերադարձնելու պայմանով:

«Այս համայնքը բոլորինս է: Մեր պատրիարքական աւանդոյթի մէջ «փոխանորդ» կոչւածը չկայ: Աթեշեանին որպէս ի՞նչ ընդունենք: 2010 թւականին պետութիւնը դրական մօտեցում ցուցաբերեց նոր պատրիարքի ընտրութեան համար: Սակայն Աթեշեանը խոչընդոտեց դրան: Չորս տարի շարունակ ձգձգեց եւ պատրիարք Մութաֆեանի հիւանդութեան մասին վկայող թղթերը պետութեանը չյանձնեց:

Եթէ տար՝ իրադարձութիւններն այլ կերպ կը զարգանային»,- նշել է Շանլըն՝ ընդգծելով, որ այժմ համայնքն ունի օրակարգային մի շարք խնդիրներ, որոնք լուծելու փոխարէն Աթեշեանը զբաղւած է իր անձնական հարցերը կարգաւորելով:

«Անցեալ տարի էլ ընտրութեան նախօրէին գիտէր, որ ինքը չի ընտրւելու, եւ դրա համար շտապեց նահանգապետարանից հանդիպում խնդրել: Սակայն նահանգապետարանը երկար ժամանակ հանդիպում չէր նշանակում նրա հետ: Այս ընթացքում ի՞նչ փոխւեց, որ գնաց ներքին գործերի նախարարի հետ հանդիպեց: Այն դէպքում, երբ մեր համայնքի դպրոցներն ու երիտասարդութիւնն այդքան դժւարութիւնների միջով են անցնում, համայնքը գոյութեան կռիւ է տալիս, իսկ Աթեշեանն այս ամենով է զբաղւած: Ես գործի անցայ, որպէսզի ասեմ «Այլեւս բաւակա՛ն է, կա՛նգ առ»: Մեր եկեղեցու հանդէպ անօրէնութիւն է արւել, եւ ես շարունակելու եմ պայքարել: Ոչ ոք չի կարող մեզ ստիպել, թէ Աթեշեանը մեր համայնքի առաջնորդն է»,- ասել է Շանլըն:

Նա կոչ է յղել նաեւ խորհրդարանում մանդատ ունեցող երեք հայազգի պատգամաւորներին՝ պատրիարքի ընտրութեան համար ընդհանուր ծրագիր մշակելու եւ գործի անցնելու համար:

«Եթէ մենք ճիշտ բացատրենք խնդիրը պետութեանը՝ այս հարցը կը լուծւի: Այժմ տպաւորութիւն է ստեղծւում, թէ ընդդիմութիւնն ու յատկապէս քրդամետ Ժողովրդա-դեմոկրատականները ցանկանում են «զաւթել» պատրիարքարանը՝ Աթեշեանին դէմ դուրս գալով: Սակայն նման բան չկայ: Մենք ունենք երեք պատգամաւոր: Ես նրանց էլ եմ մեղադրում: Նրանք Մեջլիս են մտել հայ համայնքի ձայներով ու մեր խնդիրներն այնտեղ բարձրաձայնելու համար: Ես հիմա չեմ տեսնում ընդդիմադիր կեցւածք դրսեւորելու այն իւրօրինակ բանաձեւը, որ մենք տեսնում էինք Հրանտ Դինքի մօտ: Օրինակ՝ Կարօ Փայլանը երբեմն շատ կոշտ ելոյթներ է ունենում»,- յաւելել է պոլսահայ գործիչը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։