Հա
13/03/2018 - 10:10

Բագրատ Էստուկեան. «Արամ Աթեշեանի անունն այլեւս դժգոհութեան առարկայ է, ժողովուրդը նրան տեսնել չի ցանկանում»

Արամ Աթեշեանի անունն այլեւս դժգոհութեան առարկայ է, դժգոհութեան նիւթ է, ժողովուրդը նրան տեսնել չի ցանկանում: «Tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց Ստամբուլում հրապարակւող «Ակօս» թերթի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը՝ մատնանշելով թարմ մի միջադէպ:

«alikonline.ir» - Արամ Աթեշեանի անունն այլեւս դժգոհութեան առարկայ է, դժգոհութեան նիւթ է, ժողովուրդը նրան տեսնել չի ցանկանում: «Tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց Ստամբուլում հրապարակւող «Ակօս» թերթի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը՝ մատնանշելով թարմ մի միջադէպ:

«Երէկ երեկոյեան Ստամբուլի «Մարալ» երգի-պարի խումբը հիւրընկալել էր հայաստանեան «Թաթուլ Ալթունեան» երգի-պարի խմբին: Դահլիճում նստած էր նաեւ Պոլսոյ պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, եւ երբ յիշատակւեց նրա անունը, սրահում սուլոցներ, դժգոհութիւններ եղան իր հասցէին»,- պատմեց նա։

Դիտարկմանը, թէ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը մշտապէս ասում է, թէ իր՝ փոխանորդի աթոռին վերադառնալու հետ կապւած դժգոհողների թիւը մեծ չէ, Բագրատ Էստուկեանը պատասխանեց. «Երէկւայ աղմուկը հաշւի առնելով՝ չեմ կարող ասել, որ սրահն ամբողջութեամբ, բայց յայտնի է, որ տասը-քսան հոգի չէին, նւազագոյնը մի քանի հարիւր հոգու սուլոց էր»։

Խօսելով Ստամբուլի Գեդիկփաշայի Սուրբ Յովհաննէս եկեղեցու հիմնադրամի նախկին ղեկավար Յարութիւն Շանլըիի կոչի մասին՝ ուղղւած Թուրքիայի խորհրդարանում մանդատ ունեցող երեք հայազգի պատգամաւորներին, պատրիարքի ընտրութեան համար ընդհանուր ծրագիր մշակելու եւ գործի անցնելու նպատակով՝ պոսահայ խմբագիրը նշեց, որ իրականում պէտք է համայնքում ինչ-որ բան կազմակերպւի առաջիկայ շրջանում:

«Շատ երեւելի ընթացք չէ: Մարդ ուրախ չէ կառավարութեան թելադրանքից, հետեւաբար դժգոհութիւնն ալիք առ ալիք պէտք է շարունակւի»,- ասաց նա:

Բագրատ Էստուկեանը նկատեց, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը ձգտում է հիմա թուրքալեզու լրատւամիջոցների շնորհիւ ստեղծել տպաւորութիւն, թէ համայնքում համերաշխութիւն կայ, անընդհատ պնդում է, որ դժգոհողները մի քանի հոգի են, համայնքում իրականում համերաշխութիւն է:

«Դա ճիշտ չէ, սուտ է: Համերաշխութիւն չկայ, համատարած դժգոհութիւն է տիրում»,- ասաց նա՝ նշելով, որ մարդիկ հիմա պարզապէս տարակուսած են, որովհետեւ սովոր էլ չեն, չգիտեն՝ այս տեսակի բողոքի ցոյցերը, որտեղ անցկացնել. որտեղ էլ անում են, ասում են՝ սա տեղը չէ բողոքի:

Հիմա, ըստ Բագրատ Էստուկեանի, համայնքը ստիպւած պէտք է լինի քայլեր ձեռնարկել՝ պատրիարքարանի շուրջ ստեղծւած իրավիճակը փոխելու, ընտրութիւններ անցկացնելու համար: Սակայն նա նշեց, որ այնուամենայնիւ մեծ յոյսեր չի կապում համայնքի բողոքի հետ. երկրում ընդհանրապէս տիրող վիճակը՝ հազարաւոր ձերբակալութիւնները, համայնքին հետ է պահում կտրուկ գործողութիւններից, եւ դժւար թէ բողոքի ցոյցով փողոց դուրս գան:

«Սակայն Արամ Աթեշեանի անունը մաշւած է այլեւս, այլեւս յարգանք չի վայելում: Հետեւաբար՝ ժողովրդի համար հիմա տանելի չէ իրավիճակը»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ միայն Թուրքիայի խորհրդարանում եղած հայազգի պատգամաւորները միայնակ ոչինչ չեն կարող անել:

«Միայն Կարօ Փայլանը, որը ամենաշատն է այդ հարցը խորհրդարանում բարձրացնում, ոչինչ չի կարող անել, եթէ համայնքը չհամախմբւի եւ չպայքարի»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։