Հա
13/03/2018 - 11:10

Պենտագոնի հայ լեգենդը. ինչպէ՞ս էր Վահէ Կիւպէլեանը հրթիռներ պատրաստում

Երկրորդ համաշխարհայինից առաջ` 1939 թ.-ին, Վահէ Կիւպէլեանն ինքնաթիռների շարժիչներ է մշակել «Pratt & Whitney» ընկերութեան համար։ Աւելի ուշ աշխատել է «Goodyear» ընկերութիւնում, որտեղ ղեկավարել է ինքնաթիռներ եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելու տարբեր նախագծեր, ղեկավարել է «F2G Corsair» կործանիչի ստեղծումը։ Սակայն Կիւպէլեանի յաջողութեան ուղին հարթ չի եղել։ 

«alikonline.ir» - Երկրորդ համաշխարհայինից առաջ` 1939 թ.-ին, Վահէ Կիւպէլեանն ինքնաթիռների շարժիչներ է մշակել «Pratt & Whitney» ընկերութեան համար։ Աւելի ուշ աշխատել է «Goodyear» ընկերութիւնում, որտեղ ղեկավարել է ինքնաթիռներ եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելու տարբեր նախագծեր, ղեկավարել է «F2G Corsair» կործանիչի ստեղծումը։ Սակայն Կիւպէլեանի յաջողութեան ուղին հարթ չի եղել։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

1912 թ.-ին Մարաշում ապրող հայ-յունական ընտանիքում ծնւել է ապագայ կոնստրուկտոր Վահէ Կիւպէլեանը։ Նա կարող էր կոնստրուկտոր չդառնալ, ընդհանրապէս կարող էր չապրել մինչեւ 4 տարեկան. 1915 թ.-ին` Ցեղասպանութեան ժամանակ, ընտանիքը յայտնւել է Սիրիայի Դեր Զօր անապատում։ Վահէի հօրն ուղարկել են թուրքական բանակ. բժիշկ լինելը նրա ընտանիքին փրկել է լիովին բնաջնջումից։

Երբ նրանց արտաքսել են, Վահէի մայրը` Մարիա Կիւպէլեանը, յայտարարել է թուրքերին, որ ամուսինը թուրք սպայ է, եւ նրանց թոյլ են տւել իրենց հետ վերցնել երկու ուղեկցորդների` որպէս ֆելդշեր-սանիտարների, Մարիան այդպէս է ներկայացրել ամուսնու եղբայրներին։ Ի դէպ, խաբէութիւնն արագ բացայայտւել է. հօրը գտել են եւ գնդակահարել, իսկ Վահէի կրտսեր քոյրը մահացել է անապատում։

1918 թ.-ին Մարիան 6 տարեկան Վահէի հետ, չգիտես ինչու, վերադարձել է Մարաշ` հաւանաբար ինչ-որ բանի յոյս ունենալով։ Նրանք տուն չեն ունեցել, քաղաքում ապրելն անհնար է եղել, եւ նրանք զարտուղի ճանապարհներով մի քանի տարում հասել են այն շոգենաւին, որը նրանց ընդմիշտ տարել է Ամերիկա։

Յայտնւելով խաղաղ երկրում` Վահէն լրացրել է կրթութեան բացթողումները։ Բարեբախտաբար, մայրն աշխատանք է գտել եւ կարողացել է որդուն ազատել գումար վաստակելու հոգսից։ Վահէն շատ արագ ընդունւել է այդ ժամանակ արդէն յայտնի Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտ։ Այդ ուսումնական հաստատութեան շրջանաւարտներին տրւող աստիճանը համարւում էր յաջողակ ապագայ ունենալու գործի կէսը, եւ Վահէն լիովին օգտւել է իր առջեւ բացւած հնարաւորութիւններից։

«Pratt & Whitney»-ում աշխատանքը հետաքրքիր է եղել։ Ընկերութիւնը քաղաքացիական եւ ռազմական աւիացիայի համար շարժիչների հեղինակաւոր արտադրող է եղել, եւ ինքնըստինքեան է ստացւել, որ Կիւպէլեանը ներքաշւել է աշխատանքի մէջ` նախանշելով ամբողջ կեանքում իր գործունէութեան ուղղւածութիւնը։

Պատերազմից յետոյ նա տեղափոխւել է «Goodyear», որն այդ ժամանակ սրընթաց կերպով վերածւում էր բազմազգ կորպորացիայի եւ արդէն միլիարդաւոր դոլարի շահոյթ ունէր։ Պատերազմի ժամանակ «Goodyear»-ը թողարկել է «F4U Corsair» կործանիչներ, դրանց հիման վրայ ստեղծւել են մէկտեղանոց, մէկշարժիչանի «F2G» կործանիչներ, որոնց մշակմանն անմիջական մասնակցութիւն է ունեցել Կիւպէլեանը։

1950 թ.-ին Կիւպէլեանին տեղափոխել են Վաշինգտոն` ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բաժին, որտեղից նա գիտական եւ կարիերայի սանդուղքի աստիճաններով հասել է Պաշտպանական գործակալութեան տնօրէնի օգնականի պաշտօնին։ Կիւպէլեանը զբաղւել է բալիստիկ հրթիռների մշակման հարցերով։

Այնուհետեւ Կիւպելեանը դարձել է բալիստիկ հրթիռներից պաշտպանւելու ծրագրում հրթիռային տեխնիկայի հարցերի փորձագէտ, նշանակւել ԱՄՆ-ի միջուկային ուժերի հարցերով պաշտպանութեան փոխնախարարի օգնական` միաժամանակ լինելով Պենտագոնում ԱՄՆ-ի նախագահին կից միջմայրցամաքային հրթիռների խորհրդի անդամ։ Այս խորհրդում զբաղւել է ամերիկեան ՌԾՈՒ համար բալիստիկ հրթիռների մշակմամբ։ Վահէ Կիւպէլեանը Պենտագոնում աշխատել է 40 տարի` մինչեւ մահը. 1988 թ.-ին նա մահացել է ուռուցքաբանական հիւանդութիւնից։

Ուղնուծուծով տեխնիկական աշխատող Վահէ Կիւպելեանը զրկւած է եղել գեղարւեստական խօսքի հանդէպ թուլութիւնից, եւ յետոյ էլ գաղտնի աշխատանքը չի նպաստել, որ նա պատմի իր մասին։ Այդ բացթողումը շատ առումներով լրացրել է նրա որդին` Դաւիթը, որը յայտնի հրապարակախօս է դարձել ԱՄՆ-ում։ Հէնց նա է գրել իր ընտանիքի պատմութիւնը` ներկայացնելով նրա ուղին Հայոց Ցեղասպանութեան ժամանակներից եւ շատ առումներով հրաշագործ փրկութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։