Հա
13/03/2018 - 13:30

Ծպտեալ հայերի «էֆեկտը», կամ ձեռնտո՞ւ է արդեօք Հայաստանին Թուրքիայի փլուզումը

Չի կարելի միանշանակ պնդել, թէ Թուրքիայի հիպոթետիկ փլուզումը Հայաստանին որեւէ աշխարհաքաղաքական դիւիդենտներ կապահովի։ 

«alikonline.ir» - Չի կարելի միանշանակ պնդել, թէ Թուրքիայի հիպոթետիկ փլուզումը Հայաստանին որեւէ աշխարհաքաղաքական դիւիդենտներ կապահովի։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Թուրքիայում ապրող եւ մահմեդականութիւն ընդունած հայերը ցանկացած պատեհ պահի կարող են մեծ գերտէրութիւնների տարատեսակ աշխարհաքաղաքական նախագծերի ու հաւակնութիւնների համար կարեւոր գործօն դառնալ, սակայն բուն հայերի շահերի տեսակէտից նման հնարաւորութիւնը չափազանց կասկածելի է։

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց «Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպութեան ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյեանը։ Քաղաքական գործիչը նշեց, որ տարբեր տւեալների համաձայն` Թուրքիայում բնակւող ծպտեալ հայերի քանակը տատանւում է 3-4 միլիոնի սահմաններում։

Մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի հանրային ծառայութիւնների կայքում նոր հարթակ է գործարկւել, որի միջոցով երկրի քաղաքացիները կարող են գտնել իրենց տոհմածառը` համակարգում գրանցելով սեփական անունը, ազգանունն ու ծննդեան տարեթիւը։ Թուրքիայում մեծ իրարանցում էր առաջացրել, քանի որ նոր հարթակի շնորհիւ թուրքերից շատերը պարզել էին, որ իրենք հայկական ծագում ունեն։ Որոշ հասարակական գործիչներ ու լրագրողներ դէմ էին ցուցակները բացելուն` մտավախութիւն ունենալով, որ դա կարող է անկանխատեսելի հասարակական հետեւանքներ ունենալ։

Նման կարծիք ունի նաեւ Ախոյեանը։ Ըստ նրա` Թուրքիայում հայկական գործօնը հսկայական քաղաքական նշանկութիւն ունի։

«Սակայն ես կարծում եմ, որ Թուրքիայի հայերը չպէտք է մեծ գերտէրութիւնների ձեռքում մանրադրամ դառնան։ Մենք արդէն մէկ անգամ տեսել ենք` ինչով է դա աւարտւում»,- ասաց նա։

Քաղաքական գործիչը համոզւած է` Թուրքիայի համար ամէն վատ բան Հայաստանի ու հայերի համար լաւ չէ, որքան էլ դա պարադոքսալ հնչի` չի կարելի միանշանակ պնդել, թէ Թուրքիայի հիպոթետիկ փլուզումը Հայաստանին աշխարհաքաղաքական կամ տնտեսական դիւիդենտներ կապահովի։

«Ենթադրենք, թէ վաղը Թուրքիան փլուզւում է։ Արդեօ՞ք հայկական պետութիւնը պատրաստ է այդպիսի աղէտի տնտեսական, մարդասիրական եւ քաղաքական հետեւանքներին։ Մենք ուզու՞մ ենք, որ մեր կողքին անկայունութեան ու մշտական հակամարտութիւնների նոր օջախ ստեղծւի։ Կասկածում եմ, որ դա հիմա պէտք է մեզ»,- ասում է Ախոյեանը։

«Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպութեան ազգային խորհրդի հիմնադիր անդամն աշխատանքի բերումով պարբերաբար շփւում է Թուրքիայի տարբեր քաղաքական շրջանակների, այդ թւում` «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամէտ կուսակցութեան ու ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան ներկայացուցիչների հետ։

«Փակ սահմանները թոյլ չեն տալիս մեզ ընկալել իրական Թուրքիան։ Հայաստանի նկատմամբ պաշտօնական Անկարայի քաղաքակնութիւնը յաճախ արմատօրէն տարբերւում է թուրք հասարակութեան ու քաղաքական ուժերի ընկալումից»,- ասաց նա։

Ախոյեանի կարծիքով` թուրք հասարակութիւնը չի ուզում պատերազմել Հայաստանի հետ, այն հետզհետէ հասկանում է, որ վաղ թէ ուշ պէտք է վերջ տալ պատմական վիրաւորանքներին ու յարաբերութիւնները նոր էջից սկսել։

Ախոյեանը ճիշտ է համարում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանն ուղղւած արձանագրութիւնների չեղարկման մասին ՀՀ նախագահի որոշումը։ Մեր զրուցակիցը կարծում է, որ չի կարելի նստել ու անվերջ սպասել Անկարայի «բարի կամքի դրսեւորմանը»։ Սակայն պաշտօնական դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութիւնը չի անտեսում ժողովրդական դիւանագիտութեան նշանակութիւնն ու արդիականութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։