Հա
09/04/2018

Երուսաղէմում ոստիկանների եւ հայ ուխտաւորների միջեւ միջադէպի վերաբերեալ Հայ Պատրիարքը բողոք է յայտնել Իսրայէլի ԱԳՆ

Երուսաղէմում ապրիլիի 7-ին ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների ու հոգեւորականների միջեւ տեղի ունեցած միջադէպի վերաբերեալ Երուսաղէմի Հայ Պատրիարքն իր բանաւոր բողոքն է յայտնել Իսրայէլի արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչներին:

«alikonline.ir» - Երուսաղէմում ապրիլիի 7-ին ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների ու հոգեւորականների միջեւ տեղի ունեցած միջադէպի վերաբերեալ Երուսաղէմի Հայ Պատրիարքն իր բանաւոր բողոքն է յայտնել Իսրայէլի արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչներին: Այս մասին ըստ «news.am»-ի՝ «Facebook»-ի իր էջում գրել է Երուսաղէմի հայոց պատրիարքարանի դիւանապետ Յովնան Բաղդասարեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Ապրիլի 7-ին, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը` հիւր հոգեւորականների, բազմաթիւ ուխտաւորների եւ սաղիմահայերի հետ միասին Սուրբ Յարութեան Տաճարում նշեց Տիրոջ Յարութիւնը խորհրդանշող Լուսաւորայի արարողութիւնը:

Սուրբ Յարութեան տաճարի դուռը, ինչպէս սահմանւած է «Status Quo»-ով, բացեց Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի Աւագ Թարգմանը: Միաբանութիւնը Սուրբ Յարութեան Տաճար Մուտք գործեց երկու հանդիսաւոր թափորներով:

Գերեզմանից Տիրոջ հրաշափառ Յարութիւնը խորհրդանշող լոյսը հանեց հոգշ. Տ. Ասպետ վրդ. Պալեանը, ով Ս. Գերեզման մտաւ Երուսաղէմի Յունաց պատրիարքի հետ: Ս. Յարութեան տաճարում արարողութիւնն աւարտւեց Ս. Գերեզմանի շուրջ եռադարձ թափորով: Վանք վերադարձին, թափորը շարունակւեց շուկայից մինչեւ Սրց. Յակոբեանց տաճար:

Երուսաղէմում, Լուսաւորայի արարողութիւնը կատարւեց ըստ «Status Quo»-ով սահմանւած կարգի, առանց որեւէ խախտման:

Ցաւօք, պէտք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցաւ միջադէպ` ոստիկանութեան եւ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւորականների միջեւ: Անհամաձայնութիւնը հարթւեց անմիջապէս, սակայն ձերբակալւեց մեր հայրենակիցներից մէկը, ով մէկ ժամ յետոյ ազատ արձակւեց:

Դէպքի վերաբերեալ Երուսաղէմի Հայ Պատրիարքը իր բանաւոր բողոքն է յայտնել Իսրայէլի Արտաքին գործոց նախարարութեան ներկայացուցիչներին»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։