Հա
19/04/2018 - 09:20

Կարէն Շահնազարով. «Երազում եմ մեկնել Արցախ»

Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար եւ ռեժիսոր Կարէն Շահնազարովը պատմել է հայկական արմատների եւ Երեւանում սիրելի վայրի մասին։

Ասում են, որ Կարէն Գեորգիեւիչը չի սիրում հանդիպել լրագրողների հետ իր աշխատասենեակում, դրա համար «Մոսֆիլմ» կինոստուդիայում կան շատ ուրիշ տարածքներ։ Սակայն նա բացառութիւն է արել «Sputnik» Արմենիայի թղթակցի համար։

«alikonline.ir» - Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար եւ ռեժիսոր Կարէն Շահնազարովը պատմել է հայկական արմատների եւ Երեւանում սիրելի վայրի մասին։

Ասում են, որ Կարէն Գեորգիեւիչը չի սիրում հանդիպել լրագրողների հետ իր աշխատասենեակում, դրա համար «Մոսֆիլմ» կինոստուդիայում կան շատ ուրիշ տարածքներ։ Սակայն նա բացառութիւն է արել «Sputnik» Արմենիայի թղթակցի համար։

 

Արցախից Բաքու

- Կարէն Գեորգիեւիչ, դուք պատկանում էք Մելիք-Շահնազարով հին իշխանական արցախեան տոհմի՞ն։

- Այո, հօրական կողմից պատկանում եմ հին արցախեան տոհմին։ Մեր նախնիները կապ են ունեցել Արցախի հիմնադրման հետ, իսկ աւելի ուշ, երբ մարզը մտել է Ռուսական կայսրութեան կազմ, արդէն ծառայել են ռուսական բանակում։ Պահպանւել են բազմաթիւ հին փաստաթղթեր, որոնց շարքում նախնիներիցս մէկի` շտաբս-կապիտան Շահնազարովի ուղերձն է կայսրին, որում նա խնդրել է հաստատել մեր կալւածքները տոհմական օրրանում` Շուշիում։ Ի դէպ, այդ փաստաթուղթը երկլեզու է` պարսկերէնով եւ ռուսերէնով, քանի որ Արցախը որոշ ժամանակ եղել է Պարսից թագաւորութեան կազմում։

Մեր տոհմը շատ մեծ է, ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ մարդկանց, որոնք ասում են, որ մենք ազգականներ ենք։ Ամենայն հաւանականութեամբ, դա այդպէս է, բայց շտաբս-կապիտան Շահնազարովի ուղերձը կայսրին, որը փոխանցւում է աւագ որդիների գծով, խօսում է այն մասին, որ հէնց մենք ենք Մելիք-Շահնազարովների անմիջական հետնորդները։ Եւ ես այդ փաստաթուղթը նոյնպէս կը յանձնեմ որդուս։

 

- Բայց դուք ինքներդ Արցախում այդպէս էլ չէք եղել։ Չէ՞ք ուզում մեկնել նախնիների հայրենիք։

- Շատ եմ ուզում։ Մի անգամ կրտսեր որդուս հետ եղել եմ Երեւանում, ինչ-որ ֆիլմ էի ներկայացնում, եւ ինձ առաջարկեցին գնալ Արցախ։ Մենք արդէն հաւաքւել էինք, բայց չգիտես ինչու ստիպւած էի շտապ յետ գալ, եւ մենք այդ գաղափարը յետաձգեցինք անորոշ ժամկէտով։ Եթէ կրկին կանչեն, եւ ես ազատ ժամանակ ունենամ, անպայման կը մեկնեմ Արցախ։

Իսկ առայժմ Արցախը պատկերացնում եմ միայն հօրս պատմելով։ Նա, ի դէպ, յիշում էր Շուշիում մեր տունը։ Երբ հայրս փոքր է եղել, տեսել է տան աւերակները, կալւածքն աւերւել էր անցած դարի սկզբին Բաքւի իրադարձութիւնների ժամանակ։

 

- Իսկ դուք չէ՞ք ցանկացել ֆիլմ նկարել Հայաստանի մասին։

- Եթե ինչ-որ թեմա լինէր, որն ինձ հոգեհարազատ լինէր, անպայման կը նկարէի։ Բայց չեմ կարող ասել, որ ես ընդգրկւած եմ այդ իրականութեան մէջ։ Յատկապէս` Հայաստանի կեանքում։ Մենք բուն Հայաստանում երբեք ազգականներ չենք ունեցել։ Շահնազարովները պատկանում են Բաքւի հայերին, իսկ նրանք շատ իւրայատուկ են եւ աւելի ռուսաֆիկացւած այն պատճառով, որ Բաքուն միջազգային քաղաք է եղել։

Նախապապս պատկանել է բուրժուազիայի վերնախաւին, եղել է Նոբէլի կառավարիչը, նաւթային աշտարակների տէր։ Ճիշտ է` յեղափոխութիւնից յետոյ բաւական աղքատ են ապրել, թէեւ պապիկս իրաւաբան է եղել։

Հայրս Բաքւից մեկնել է ռազմաճակատ։ Ուզում եմ նշել, որ ծագումն ընդհանրապէս չի ազդել իմ ազգականների վրայ, ոչ ոք բռնաճնշման չի ենթարկվւել, հայրս 1944 թ.-ին ռազմաճակատում մտել է կոմունիստական կուսակցութիւն, իսկ աւելի ուշ լաւ կարիերա է ստեղծել։

 

- Դուք ինքներդ ի՞նչ էք ձեզ զգում` հա՞յ, թէ՞ ռուս։

- Ես գնահատում եմ իմ արմատները` որպէս մշակոյթի մաս, որին պատկանում եմ, բայց ինձ համարում եմ ռուս կինոռեժիսոր։

 

- Հայաստանում լինո՞ւմ էք։ Կա՞ն արդեօք սիրելի վայրեր Երեւանում կամ երկրի այլ անկիւններում։

- Այո, պարբերաբար լինում եմ, թէեւ վերջին անգամ մեկնել եմ երեք տարի առաջ։ Երեւանում իմ սիրելի տեղը ջազ ակումբն է (խորհրդաւոր ծիծաղում է)։ Այնտեղ ելոյթ են ունենում հիանալի երաժիշտներ, հաւաքւում են իմ ընկերները, սիրում եմ գնալ այնտեղ։

Ինձ ընդհանրապէս շատ է դուր գալիս Երեւանը, այնտեղ իւրայատուկ մթնոլորտ է, գողտրիկ սրճարաններ։ Հայաստանը գեղեցիկ, շատ հետաքրքիր երկիր է։ Իսկ հայերը հումորի հիանալի զգացում ունեն։ Գիտէք` ես նկատել եմ, որ Հայաստանում սկսել են շատ լաւ գինիներ պատրաստել։ Խորհրդային շրջանում նման բան չի եղել։ Հիմա ես հաճոյքով եմ փորձում հայկական չոր կարմիր գինու տարբեր տեսակները։ Դրանք հէնց իմ ճաշակով են։

 

Ցեղասպանութեան թեման մինչեւ վերջ բացայայտւած չէ

- Երկու տարի առաջ «Sputnik» Արմենիային տւած հարցազրոյցում Դուք ասել էիք, որ հայկական կինեմատոգրաֆի ապագան Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի մէջ է։ Ինչու՞ նման նախագծեր այդքան յաճախ չեն յայտնւում։

- Դա կախւած չէ մեզանից։ Այո, ես գտնում եմ, որ Հայաստանում շուկան շատ փոքր է` կինեմատոգրաֆը զարգացնելու համար։ Հաշւի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի կապերը, այստեղի մեծ սփիւռքը, հայերի ու ռուսների մշակութային կապը, ռուսական շուկան շատ օգտակար կը լինէր հայկական կինեմատոգրաֆի համար։

Ի դէպ, մեզ մօտ աշխատելու են գալիս հայեր, մենք նրանց օգնում ենք, ինչով կարողանում ենք, բայց համատեղ նախագծեր չկան։ Նախաձեռնութիւնը պէտք է բխի հէնց հայերից` Հայաստանի քաղաքացիներից, իսկ մենք պատրաստ ենք դիտարկել նման նախագծերը եւ մասնակցել դրանց։ Հասկանալի է, որ դրանք կարող են զուտ ազգային լինել, բայց պէտք է հետաքրքիր լինեն ռուս հանդիսատեսի համար, որպէսզի կարելի լինէր աշխատանքները թողարկել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Ռուսաստանում։ Ինձ թւում է, որ հայկական կինեմատոգրաֆի համար դա լաւ ուղի է, ճիշտ ուղղութիւն։

 

- Մօտենում է հերթական ողբերգական ամսաթիւը` Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը։ Ի՞նչ է այն նշանակում Ձեզ համար։

- Որպէս ցանկացած նորմալ մարդ` ես կարծում եմ, որ դա հայ ժողովրդի ահռելի ողբերգութիւնն է։ Վէրք, որը երբեք չի սպիանայ, եւ այդ ամէնի միջով անցած հայ ժողովուրդը միշտ կը յիշի այդ ողբերգութեան մասին։ Ցեղասպանութեան մասին շատ գեղարւեստական եւ վաւերագրական ֆիլմեր են նկարւել։

Ի դէպ, ոչ միայն հայկական։ Ցեղասպանութեան մասին գեղարւեստական ֆիլմերից մէկը հիանալի իտալացի ռեժիսորներ Տաւիանի եղբայրների աշխատանքն է։ Իմ ընկերը` կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյեանը, նոյնպէս ֆիլմ է նկարել Հայոց Ցեղասպանութեան մասին։ Ինձ թւում է, որ այդ թեման մինչեւ վերջ բացայայտւած չէ։

 

- Միգուցէ հէնց դա՞ է այն հայկական թեման, որով պէտք է զբաղւէք։

- Հնարաւոր է։ Բայց այն շատ ծանր է, իհարկէ։ Այդ թեման հէնց այսպէս չես նկարի, դա շատ պատասխանատու թեմա է, պահանջում է մեծ նախապատրաստական աշխատանք։ Բայց ես կը մտածեմ այդ ուղղութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։