Հա
25/04/2018 - 12:00

Արամ Ա. «Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց Ցեղասպանութիւնը յիշելու, այլ նաեւ աշխարհին մեր պահանջատիրութիւնը յիշեցնելու օր է»

Անթիլիասի մայրավանքում յիշատակել են Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը: Ներկայ հարիւրաւոր մարդիկ Եղեռնի նահատակների յիշատակին նւիրւած յուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի յիշատակ Ցեղասպանութեան անմեղ զոհերի:

«alikonline.ir» - Անթիլիասի մայրավանքում յիշատակել են Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը: Ներկայ հարիւրաւոր մարդիկ Եղեռնի նահատակների յիշատակին նւիրւած յուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի յիշատակ Ցեղասպանութեան անմեղ զոհերի:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ հաւաքւածներին ուղղւած խօսքում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նշել է, որ Ապրիլի 24-ը իւրաքանչիւր հայի ինքնաճանաչման, ինքնագիտակցութեան եւ որպէս հայ ինքնահաստատման օր է:

«Հայերի համար օրացոյցի վրայ Ապրիլի 24-ը սովորական օր չէ: Այն հայերի համար դարձել է ուխտի, վերանորոգչութեան սրբազան օր: Ազգային պահանջատիրութիւնը մեր ազգի ինքնութեան, գոյութեան հիմքն է: Հետեւաբար` այս օրը իր խորհրդով ու պատգամով մեզ հրաւիրում է մէկ անգամ եւս վերանորոգելու մեր հաւատարմութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին: Ցեղասպան թուրքը ցանկացաւ Հայաստանը ջնջել աշխարհի քարտէզից, սակայն Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի մեր ժողովուրդը վկայ է, որ մեր ժողովուրդը մնաց կանգուն պատմութեան արիւնոտ կապանքների՝ Ցեղասպանութեան դիմաց»,-ասել է Արամ Ա-ն ու յաւելել, որ ցեղասպանը չկարողացաւ սպանել հայի հոգին:

Նրա խօսքով՝ այսօր մեր ժողովուրդն աշխարհին ներկայանում է որպէս հարութեան եւ առաջադէմ ժողովուրդ, որ ցեղասպանը չուրանայ իր գործած ոճիրը, չնենգափոխի իր իսկ պատմութիւնը: Ողջ աշխարհը գիտի ճշմարտութիւնը, որ 1915-ին հայ ժողովրդի դէմ Օսմանեան Թուրքիան ծրագրւած Ցեղասպանութիւն է կատարել: Այսօր նոյնիսկ որոշ թուրք մտաւորականներ են սկսել խօսել պատմական իրողութիւնից:

«Մենք հաւատարիմ ենք մեր նահատակների սրբազան կտակին, յիշում ենք անցեալը: Սակայն այսօր միայն Ցեղասպանութիւնը յիշելու օր չէ, մենք միաժամանակ աշխարհին մեր պահանջատիրութիւնը, մեր ժողովրդի արդար իրաւունքները յիշեցնելու գիտակից ժողովուրդ ենք: Չենք կարողանա մոռանալ, որ Թուրքիան 1.5 միլիոն հայերի արիւնը թափեց»,- նշել է Վեհափառ Հայրապետը:

Օսմանեան կայսրութեան կողմից 1915 թւականին հայերի նկատմամբ իրականացւել է 20-րդ դարասկզբի մեծագոյն ոճրագործութիւնը: Աշխարհասփիւռ հայութիւնը նշում է Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտօնեաներն ու Հայաստան ժամանած հիւրերը Ապրիլի 24-ին գալիս են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ յարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։