Հա
26/04/2018 - 09:10

«Թուրքիան 103 տարի անց». պոլսահայ մտաւորականները պատասխանել են թուրքական կայքի հարցերին

Թուրքական «artigercek.com» կայքը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեանը, Թուրքիայում հայ համայնքի ներկայ վիճակի ու Ցեղասպանութեան ճանաչման խնդրի շուրջ հարցեր է յղել պոլսահայ մտաւորականներ Բագրատ Էստուկեանին, Էդւարդ Տանձիկեանին ու Անժէլ Դիքմէին: 

«alikonline.ir» - Թուրքական «artigercek.com» կայքը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեանը, Թուրքիայում հայ համայնքի ներկայ վիճակի ու Ցեղասպանութեան ճանաչման խնդրի շուրջ հարցեր է յղել պոլսահայ մտաւորականներ Բագրատ Էստուկեանին, Էդւարդ Տանձիկեանին ու Անժէլ Դիքմէին: Այս մասին գրում է «tert.am»-ը:

«Թուրքիան 103 տարի անց» վերնագրւած յօդւածում հայ մտաւորականները փաստել են, որ վերջին տարիներին Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան խնդրի շուրջ բաց քննարկումների, ցաւակցութեան արտայայտման ու անցեալի հետ առերեսման հարցում առաջխաղացումն ակնյայտ է, թէեւ այս պահին Թուրքիայում քաղաքական լարւած իրավիճակն անդրադառնում է նաեւ հայ համայնքի վրայ:

Ստամբուլում հրատարակւող «Ակօս» հայկական պարբերականի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանն իր խօսքում շեշտել է, որ շուրջ 10 տարի է, ինչ հայ համայնքն արդէն կարողանում է առաւել ազատ կերպով յիշատակի միջոցառումներ կազմակերպել Թուրքիայի տարբեր քաղաքների փողոցներում:

Ըստ Էստուկեանի՝ դա բաւական դրական առաջխաղացում է:

«Նախագահ Էրդողանն արդէն մի քանի տարի է ապրիլի 24-ին ուղերձ է յղում հայ համայնքին: Սակայն դրանցից ոչ մէկում ցեղասպանութիւն բառը չի կիրառւում: Նա «աքսոր» է ասում: Սակայն հասարակութեան ներսում կամաց-կամաց այս հարցը լսելի է դառնում եւ արձագանգ գտնում: 1915-ն այլեւս հեշտ մոռացւելիք, մոռացութեան տրւելիք թեմա չէ»,- ասել է Էստուկեանը:

Ըստ լրագրող Անժէլ Դիքմէնի՝ անկարելի է ցեղասպանութիւն չապրած ժողովուրդներից պահանջել հասկանալ ու ամբողջութեամբ ըմբռնել հայերի ցաւը:

«Չծննդաբերած մէկին կարո՞ղ ես բացատրել ծննդաբերութեան ցաւը, չես կարող: Ցեղասպանութեան չենթարկւած ժողովրդի՝ մեր ցաւը հասկանալն էլ անհնարին է: Գուցէ մենք էլ պէտք է դադարենք սպասել, որ միւսները պէտք է մեզ հասկանան»,- ասել է Դիքմէնը:

«Ակօս»-ի գլխաւոր խմբագիր Էդւարդ Տանձիկեանն էլ իր հերթին ընդգծում է, որ հայ համայնքը երկրի համար բաւական ծանր ու լարւած քաղաքական ժամանակաշրջանում մի կողմից յիշատակի միջոցառումներ է իրականացնում, միւս կողմից էլ՝ լարւած սպասում դրա արձագանգներին:

«Մի կողմից յիշատակի միջոցառումներ են աշխատում անել, միւս կողմից ապրում են այն վախը, թէ «տեսնենք, թոյլատւութիւն կը տրւի՞, այս մասին կը խօսւի՞ եւ եթէ խօսւի՝ որքա՞ն կը խօսւի»: Այսինքն՝ մի խառը հոգեվիճակ է առկայ»,- նշում է Տանձիկեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։