Հա
30/05/2018 - 08:50

Հալէպի օդանաւակայանի վերաբացումը հեռու չէ

Հալէպի օդանաւակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգութեան որոշ հարցերից ելնելով, իշխանութիւններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:

«alikonline.ir» - Հալէպի օդանաւակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգութեան որոշ հարցերից ելնելով, իշխանութիւններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:

«Հարցը չափազանց կարեւոր է, Սիրիայի կառավարութիւնը լուրջ աշխատանքներ է տանում այդ ուղղութեամբ: Օդանաւակայանն, իրականութեան մէջ, կարող եմ ասել, պատրաստ է: Այն նոյնիսկ երբեմն ոչ պաշտօնական թռիչքներ ունի: Ինչպէս գիտենք, որոշ շրջաններում դեռ կան զինեալ ահաբեկչական խմբեր եւ բնականոն թռիչքների պարագայում հնարաւոր է հրթիռակոծութիւններ լինեն, հետեւաբար, անվտանգութեան նկատառումներից ելնելով կառավարութիւնը դանդաղում է պաշտօնապէս օդանաւակայանը վերագործարկել»,- ասաց Ժիրայր Ռէիսեանը:

Ամէն դէպքում վերջին շրջանի քաղաքական զարգացումների, բանակի գործողութիւնների, առաջընթացի լոյսի ներքոյ, Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ օդանաւակայանի վերաբացումը հեռու չէ:

Հալէպում ճանապարհները բաց են, ենթակառուցւածքները հիմնականում բարելաււած են, կեանքը վերադարձել է բնականոն հուն: Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ նախկինում պայմանների առումով լուրջ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը բաւական բարելաււել է:

«Օրեր են եղել, երբ տեւական ժամանակ չենք ունեցել ջուր, էլեկտրականութիւն: Այսօր իրավիճակն այլ է, օրւայ 10 ժամից աւելի հոսանք ենք ունենում, ջրամատակարարման հարցը կարգաւորւել է: Քաղաքային իշխանութիւնը զգալի աշխատանք է կատարել փողոցները քարերից, աղբից մաքրելու ուղղութեամբ: Այսինքն՝ կարող ենք ասել, որ կեանքը վերադառնում է իր բնականոն ընթացքին»,- ասաց Ժիրայր Ռէիսեանը:

Ժիրայր Ռէիսեանը նկատեց, որ սիրիական պատերազմի ընթացքում երկիրը հսկայական վնասներ է կրել, այսօր կառավարութիւնը կանգնած է խոշոր նիւթական պարտաւորութիւնների առջեւ: Այդուհանդերձ, կառավարութիւնը ժողովրդի հետ ձեռք ձեռքի տւած աշխատանքներ է տանում երկրի վերականգնման ուղղութեամբ: Խօսելով Սիրիայի զինւած ուժերի յաջողութիւններից՝ Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ այսօր երկրի կարեւորագոյն տարածքներն ազատագրւած են:

Անդրադառալով Հալէպում սիրիահայերի տեղաշարժին՝ Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ արդէն դրական միտումներ նկատւում են, նկատելի թւով ընտանիքներ գործնական քայլերի են դիմել եւ վերադարձել են: Վերադարձողները ե´ւ Լիբանանից են, ե´ւ արեւմտեան երկրներից: Հայերից ոմանք իրենց նախկին գործն են վերականգնում, ոմանք նոր գործ են սկսում: Հիմնականում արհեստագործական, առեւտրի ոլորտներում են: Հայ համայնքն իր ազգային կենտրոններով ձեռնամուխ է եղել հայկական կրթօջախների, կառոյցների վերականգնման գործընթացին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։