Հա
30/05/2018

Բագրատ Էստուկեան. «Սփիւռքի նոր նախարարը պէտք է աւելի թափանցիկ կերպով շփւի թրքահայ համայնքի բոլոր տարրերի հետ»

Սփիւռքի նորանշանակ նախարարը Թուրքիայի համայնքի հետ աշխատելիս պէտք է աւելի լայն շփումներ ապահովի: «Tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Ստամբուլում հրապարակւող «Ակօս» թերթի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը՝ խօսելով նոր կառավարութեան, սփիւռքի նախարարութիւնից ունեցած իր ակնկալիքների մասին:

«alikonline.ir» - Սփիւռքի նորանշանակ նախարարը Թուրքիայի համայնքի հետ աշխատելիս պէտք է աւելի լայն շփումներ ապահովի: «Tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Ստամբուլում հրապարակւող «Ակօս» թերթի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը՝ խօսելով նոր կառավարութեան, սփիւռքի նախարարութիւնից ունեցած իր ակնկալիքների մասին:

«Նոյնիսկ խորհրդային տարիներին աւանդոյթ է եղել, որ Հայաստանը Պոլսի մէջ երկխօսութիւն է արել միայն իրեն պատահական կերպով ծանօթ դարձած մի քանի անձանց հետ, եւ կարծել են, որ աշխարհն այդ մարդկանցով է սահմանափակւած»,- ասաց նա՝ նշելով, որ իրականութիւնը դա չէ, եւ սփիւռքի նոր նախարարը պէտք է զգուշանայ այդ սխալ ընկալումից եւ աւելի թափանցիկ կերպով շփւի թրքահայ համայնքի բոլոր տարրերի հետ:

Կարեւոր է, որ սփիւռքի նախարարը լինի սփիւռքագէտ. Բագրատ Էստուկեանի նկատառմամբ՝ մեր պետականութեան մէջ Հրանուշ Յակոբեանի օրօք հիմնւած սփիւռքի նախարարութիւնն էլ նորութիւն է, դա կարեւորւում է, բայց պէտք է բոլորը, ոչ միայն սփիւռքի նախարարութիւնը, այլ նաեւ՝ մշակութային գործիչները, հասարակութիւնը հասկանան, որ սփիւռքը միայն Միացեալ Նահանգներով, Լոս Անջելէսով չի սահմանափակւում:

«Մենք շատ կարեւոր դերակատարումներ ունեցող քաղաքների համայնքներ ունենք, աւելի մեծ ներուժ ներկայացնող համայնքներ ունենք, երեւոյթ, որ ընդհանրապէս անտեսւած էր Հայաստանի քաղաքական գործիչների կողմից: «Օտար ամայի ճամփեքի վրայ» ծրագիրը, օրինակ, չկարողացաւ Եւրոպայի սահմաններից դուրս գալ: Չեմ ասում նրա համար, որ մէկ անգամ այդ հաղորդաշարը չեկաւ Պոլիս, չշփւեց պոլսահայերի հետ: Եթովպիայի հայերի մասին ի՞նչ պատկերացում ունեն Հայաստանում, Եգիպտոսի հայերի մասին ի՞նչ պատկերացումներ կան: Այո՛, Սիրիան այսօր պատերազմի դաշտ է, բայց Յորդանանի հայերի մասին ի՞նչ պատկերացումներ կան, Լիբանանի հայերի դէպքում ի՞նչ պատկերացումներ կան»,- հարց բարձրացրեց նա՝ նշելով, որ սփիւռք հասկացողութիւնն աւելի մեծ անկիւնով պէտք է նայենք, իր նշած երկրներում հայ համայնքները շատ աւելի մեծ ներուժ ունեն, քան եւրոպական երկրների շատ համայնքներ:

Դիտարկմանը, թէ գուցէ ՀՀ իշխանութիւնները թուրքահայ համայնքից ներդրումներ բերելու հետ կապւած մեծ ակնկալիքներ չեն ունեցել, այդ պատճառով չեն աշխատել նրանց հետ, Բագրատ Էստուկեանը պատասխանեց․«Դա իրականութիւն չէ: Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու ցանկութիւն յայտնողների ամենամեծ թիւը թրքահայ համայնքից է: Թուրքիայի հայութիւնն է, որ Հայաստանի մէջ աշխատանք ստեղծելու ճանապարհներ է որոնում: Եթէ մենք հիմա համեմատենք, թէ քանի Թուրքիայի հայ է Հայաստանի հետ տնտեսական կապերի մէջ եւ օրինակ, քանի ֆրանսահայ կամ ամերիկահայ, ապա կը տեսնենք, որ կշեռքի նժարը շատ աւելի կը կշռի ի նպաստ Թուրքիայի հայութեան»:

Ի՞նչ պէտք է անել Թուրքիայի հայութեանը Հայաստանի հետ առաւել ամուր կապերով կապելու համար: Բագրատ Էստուկեանը այս հարցին պատասխանելիս նկատեց, որ Հայաստան-Սփիւռք համաժողովին եղել է առաջարկ՝ վերանայել հայրենադարձութեան ծրագիրը:

«Բայց դա միայն ցանկութիւններով ձեռնարկւող գործ չէ: Դրա կողքին պէտք է օրինականութիւն հաստատւի: Յոյս կայ, որ այդ օրինականութիւնը պէտք է հաստաւի Հայաստանում: Դրանից յետոյ միայն կը դիւրացւի, օրինակ, Թուրքիայի հայերին Հայաստանի քաղաքացիութիւն տալու գործընթացը: Վերջին տարիներին Թուրքիայի համայնքում արտագաղթի պատճառով «արիւնահոսութիւն» ենք ունեցել: Հիմա այդ «արիւնահոսութեան» հոսանքը պէտք է հակառակ ուղղութիւնով վերակազմակերպենք, պէտք է հայորդիներին իրենց գիտելիքով, իրենց փորձառութեամբ ուղղորդենք դէպի Հայաստան: Սա անելու համար միայն բարեմաղթանքը բաւարար չէ, այլ պէտք է օրինական երկիր, օրէնքի տառին համապատասխան միջավայր ստեղծել»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։