Հա
Հինգշաբթի, 31 Մայիսի 2018 10:50

«Արամ Աթեշեանն ու մի շարք համայնքային առաջնորդներ հայերին կոչ են անում ընտրել Էրդողանին». Բ. Էստուկեանը՝ Թուրքիայում սպասւող ընտրութիւնների մասին

Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնները, տարբեր ազգերի համայնքները թեկնածուներ չեն կարողանում առաջադրել քաղաքական ընտրութիւնների ժամանակ, ըստ այդմ, յունիսին սպասւող նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններին հայ համայնքը սեփական, իր շահերը ներկայացնող թեկնածուներ չի ունենայ:

«alikonline.ir» - Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնները, տարբեր ազգերի համայնքները թեկնածուներ չեն կարողանում առաջադրել քաղաքական ընտրութիւնների ժամանակ, ըստ այդմ, յունիսին սպասւող նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններին հայ համայնքը սեփական, իր շահերը ներկայացնող թեկնածուներ չի ունենայ: «tert.am»-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց Թուրքիայում հրապարակւող «Ակօս» թերթի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը՝ խօսելով առաջիկայում սպասւող ընտրութիւններից հայ համայնքի ակնկալիքների մասին:

«Ընտրութիւններին հայազգի թեկնածուներ կան: Բայց այնպէս չէ, որ նրանք բոլորը համայնքի շահերը կը ներկայացնեն ընտրւելու դէպքում: Մենք նման պատգամաւորներ ունեցանք այս խորհրդարանի մէջ»,- ասաց նա:

Թուրքիայում սպասւող խորհրդարանական ընտրութիւններին, Բագրատ Էստուկեանի ներկայացմամբ, հայազգի 4 թեկնածուներից հնարաւորութիւն ունեն անցնելու միայն երկուսը՝ ներկայիս նստաշրջանի պատգամաւորերը՝ Կարօ Փայլանն ու Մարգար Եսայեանը, որոնցից առաջինը ընտրութիւններին մասնակցում է ընդդիմադիր «ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան կազմում, իսկ երկրորդը՝ իշխանական «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կազմում:

«Ակօս»-ի խմբագրի խօսքով՝ համայնքը միասնական կարծիքով ընտրութիւններին հանդէս չի կարող գալ, յատկապէս Պոլսոյ պատրիարքարանի շուրջ տեղի ունեցածից յետոյ: «Չի կարող միասնական լինել պառակտումների հետեւանքով, միասնականութիւն չկայ պատրիարքի բացակայութեան պատճառով: Հետեւաբար ժողովուրդն իր անհատական հակումներով է, որ պէտք է ընտրութիւններ կատարի»,- ասաց նա:

Բագրատ Էստուկեանի կանխատեսմամբ՝ հայ համայնքի ձայների մեծամասնութիւնը կուղղւի ընդդիմադիր ուժերին, քանի որ այսօրւայ իշխանութիւնների վերջին բոլոր գործողութիւնները ռազմատենչ էին: «Ժողովուրդը յոգնած է այդ երեւոյթից: Ռազմատենչ քաղաքականութիւնը նաեւ տնտեսութեան վրայ է ազդել, եւ դա նոյնպէս իր ազդեցութիւնն է ունեցել»,- ասաց նա:

Թուրքահայութիւնը իր ձայնը կը տայ ե՛ւ քրդական «ժողովրդների դեմոկրատական», ե՛ւ ազգայնական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւններին: «Ազգայնականները գուցէ աւելի շատ հնարաւորութիւններ ունեն աւելի մեծ ձայներ հաւաքելու: Այդ առումով է, որ կարծում եմ, համայնքն այդ կուսակցութեանն էլ ձայն կը տայ»,- ասաց նա:

Ներկայիս նախագահ Էրդողանին եւ Էրդողանի կուսակցութեանը, Բագրատ Էստուկեանի խօսքով՝ հայ համայնքից քչերը ձայն կը տան: «Պատրիարքական շրջանակները կամ որոշակի համայնքային կառոյցների շրջանակներ փառաբանում են Էրդողանին՝ նշելով, որ նրա նախագահութեան ժամանակ համայնքին վերադարձւեցին կալւածքներ, հետեւաբար պէտք է զօրակցենք Էրդողանին: Այդպէս են ասում նաև պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշեանը եւ համայնքային մի քանի առաջնորդներ, ինչպէս Պետրոս Շիրինoղլուն եւ այլք: Բայց նրանք մեծ ազդեցութիւն դժւար թէ ունենան»,- ասաց նա:

Պոլսահայ համայնքի ներկայացուցչի մեծ ակնկալիքը սպասւող քաղաքական ընտրութիւններից արդարութիւնն ու թափանցիկութիւնն է: «Բայց շատ համոզւած եմ, որ այս իշխանութիւնները իրենց դիրքը չկորցնելու համար ամէն միջոցի կարող են դիմել, եւ դա մեզ համար շատ մտահոգող բան է: Ինձ համար կարեւոր է, որ ընտրութիւններն անցնեն անվտանգ ձեւով, բայց դրան սպառնացող իրական պատճառներ կան»,- ասաց նա:

Թէ ինչու հայ համայնքը ակտիւ ներգրաււած չէ Թուրքիայի ներքաղաքական կեանքում, պատճառները, Բագրատ Էստուկեանի նկատառմամբ, երկուսն են՝ թէ՛ համայնք է նոսր, թէ՛ աւանդական մօտեցում կայ՝ հեռու մնալ Թուրքիայի ներքին քաղաքական անցուդարձերից:

«Մենք մեզ տարիներ շարունակ համոզել ենք՝ ասելով, որ սա իրենց խնդիրն է, իրենց երկիրն է, ինչ ուզում են, թող անեն: Նոր-նոր զարգանում է այն գիտակցութիւնը, որ սա նաեւ մեր երկիրն է, հետեւաբար չենք կարող պատահականութեանը թողնել, պէտք է մենք էլ մեր ձայնն ու խօսքը ունենանք այս խորհրդարանի մէջ: Հայերը պէտք է այլեւս իրենց շահերը քաղաքական կեանքում պաշտպանեն»,- ասաց նա:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ