Հա
23/06/2018

Կարօտ Սասունեան. «Ես մուսուլմանացած հայի քրիստոնեայ զաւակ եմ»

Ծնունդով Սասունից, այժմ Դիարբեքիրում բնակւող Կարօտ Սասունեանին մանուկ հասակում մայրն ուղարկում էր մզկիթ, որպէսզի արաբական տառերը սովորի, մտածելով, որ եթէ երեխան մեծանայ որպէս մահմեդական, ապա ատելութեան ու վրեժխնդրութեան զգացում չի ունենայ։

«alikonline.ir» - Ծնունդով Սասունից, այժմ Դիարբեքիրում բնակւող Կարօտ Սասունեանին մանուկ հասակում մայրն ուղարկում էր մզկիթ, որպէսզի արաբական տառերը սովորի, մտածելով, որ եթէ երեխան մեծանայ որպէս մահմեդական, ապա ատելութեան ու վրեժխնդրութեան զգացում չի ունենայ։

«Երբ անցնում էինք մզկիթի մօտով, ինձ ծաղրում էին՝ ասելով, որ Կարպիսի տղան պէտք է դառնայ իմամ, ու մենք էլ նրա առջեւ նամազ անենք: Ես անընդհատ հարցնում էի պապիկիս, թէ ով է Կարպիսը, բայց նա այդպէս էլ չէր ասում։ Մի օր տեղի տւեց ու ասաց, որ Կարպիսն իմ պապն էր՝ ազգութեամբ հայ: Չնայած ինձնից ամէն կերպ փորձում էին թաքցնել իմ արմատները, սակայն չէին կարողանում, քանի որ շրջապատն էր յիշեցնում այդ մասին: Յետոյ ինձ մօտ հարց առաջացաւ, թէ այդ դէպքում ի՞նչ կապ ունենք Հուսէյնի հետ, եթէ պապս Կարպիսն է. մահմեդականութիւնս այդտեղ աւարտւեց։ Ես մուսուլմանացած հայի քրիստոնեայ զավւակ եմ»- պատմեց Սասունեանը։

Կարօտ Սասունեանն ապրում է Դիարբեքիրում, լրագրող է, զբաղւում է լուսանկարչութեամբ։ Քուրդ-թուրքական բախումների հետեւանքով, Դիարբեքիրի Սուր թաղամասը հսկայական վնասներ էր կրել։ Անմասն չէր մնացել նաեւ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որի զանգն այդ ժամանակ ընկաւ ու լռեց մինչեւ այսօր։

«Նախքան բախումը եկեղեցին նորոգւել էր եւ 2011-ին վերաբացւել էր, բայց ոչ թէ որպէս եկեղեցի, այլ ուղղակի այցելելու համար։ 2012-ին՝ 97 տարւայ ընդմիջումից յետոյ Սուրբ Կիրակոսում կատարւել էր առաջին եկեղեցական արարողութիւնը: Տարին մէկ անգամ՝ Սուրբ Զատիկի օրը, մեզ թոյլատրում էին այնտեղ պատարագ մատուցել: Այն կարծես տեղի ու հարակից շրջանների հայերի հաւաքատեղին լինէր։ 2015-ին, Սուրբ Զատիկին 1200 հաւկիթ էինք ներկել, որը յետոյ ինչպէս տեսանք քիչ էր։ Բազմաթիւ հիւրեր ունեցանք։ Իսկ հիմա բոլորը վախից տնից դուրս չեն գալիս»,- ասաց լուսանկարիչը։

Սասունեանը պատմեց, որ այժմ եկեղեցին անմխիթար վիճակում է․խորանն աւերւել է, գմբէթը չկայ։ Արդէն երեք տարի է արգելւած է մուտք գործել այդ թաղամաս:

Պետութիւնն այդ թաղամասում գտնւող ամէն ինչ հողին է հաւասարեցրել՝ հայկական տները նոյնպէս: Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որը նոյնպէս այդտեղ է գտնւում, վերածւեց մզկիթի։

Սասունեանի խօսքով, եթէ քրդերը Դիարբեքիրում համարւում են դուշման՝ թշնամի, ապա հայերին անւանում են «դուշման դուշմանլար»՝ թշնամիների թշնամի։ Այդ իսկ պատճառով հայերը եկեղեցու վերակառուցման համար որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել։ Սասունեանը որպէսզի արդարացնի իրենց վերագրւող ծուռ սասունցի ասոյթը, որոշել է այցելել եւ թաքուն լուսանկարել սուրբ Կիրակոս եկեղեցին։

«Պարծենալու համար չեմ արել, գիտեմ որ կարօտ էք, անգամ որ լուսանկարները շատ մեծ արժէք ունեն ձեզ համար»,- ասաց Սասունեանը։

Կարօտ Սասունեանը Հայաստանում է «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան» կենտրոնի հրաւէրով։

«10 տարի է զբաղւում ենք իսլամացած հայերի հարցերով։ Պէտք է յստակ զանազանել. կան իսլամացած ու ծպտեալ հայեր։ Ծպտեալ հայերը պահպանում են ազգային դիմագիծը, անգամ ստեղծել են յատուկ ցանց ու գիտեն, որ հարեւան գիւղից, որ ընտանքն է հայ ու ամուսնանում են միայն հայերի հետ։ Այս ամէնը բնականաբար գաղտնի է պահւում։ Իսկ իսլամացած հայերը շատ յաճախ տեղեակ էլ չեն լինում որ հայ են, այս տեսակը վտանգաւոր է»,- նշեց կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը։

Յիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին թւագրւում է 5-րդ դարի։ 2011-ին վերակառուցւել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասւել էր 1915-ին` ռմբակոծութիւնից: Եկեղեցու գմբէթն ամենաբարձրն էր քաղաքում, եւ մզկիթների մինարեթներից բարձր չլինելու համար մահմեդականներն աւերել էին այն:

Նանէ Հայրապետեան

«arfd.info.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։