Հա
28/06/2018 - 08:10

Թուրքիայի հայերը մոռանում են իրենց արմատների մասին. Անկարան ոչինչ չի խնայում դրա համար

Թուրքիայի հայերն ակտիւօրէն ինտեգրւում են թուրքական հասարակութեանը, ինչն առաջացնում է փորձագէտների անհանգստութիւնը։ Հայկական դպրոցներն աստիճանաբար քչանում են, աշակերտների քանակը կրճատւում է։

«alikonline.ir» - Թուրքիայի հայերն ակտիւօրէն ինտեգրւում են թուրքական հասարակութեանը, ինչն առաջացնում է փորձագէտների անհանգստութիւնը։ Հայկական դպրոցներն աստիճանաբար քչանում են, աշակերտների քանակը կրճատւում է։

Թուրքիայի հայ երիտասարդութիւնն աստիճանաբար հեռանում է իր արմատներից, կարծում է Տիրան Լոքմագեօզեանը։

«Այսօրւայ հայ երիտասարդութիւնը մակերեսային է նայում իր ծագմանը, 1915 թ.-ի իրադարձութիւններին։ Նրանք աւելի շատ մտածում են թուրք դեմոկրատների նման»,- ասաց Լոքմագեօզեանը «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում։

Նա նշեց, որ Թուրքիայի հայ երիտասարդութեան շատ ներկայացուցիչներ կոչ են անում ընկերութիւն անել թուրքերի հետ` չցանկանալով փորփրել անցեալը։ Ոմանք կողմ են խառնամուսնութիւններին։

Լոքմագեօզեանը նշում է, որ ամեն տարի հայերի թիւը նւազում է եւ ոչ միայն այն պատճառով, որ նրանք մեկնում են, այլ նաեւ ձուլման պատճառով։

«Հայկական դպրոցներն աստիճանաբար քչանում են, աշակերտների քանակը կրճատւում է, քանի որ ծնողները նախընտրում են իրենց երեխաներին տալ թուրքական դպրոցներ։ Այսօր դրւում է հայկական դպրոցները փակելու հարցը»,- ասաց Լոքմագեօզեանը։

Նրա խօսքով` Երեւանը տեսականօրէն իրաւունք չունի խառնւել Թուրքիայի ներքին գործերին, նոյնիսկ եթէ կապւած է այնտեղ բնակւող հայրենակիցների հետ։ Միակ բանը, որ կարող է անել Հայաստանը, համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցելն է, դպրոցների համար դասագրքեր գրելու հարցում օգնելը եւ այլն։

Հայ համայնքում այդ գործընթացները տեղի են ունենում ոչ առանց Թուրքիայի իշխանութիւնների միջամտութեան։ Անկարան փորձում է ազդել հայերի վրայ ազգային ինքնութեան պահպանման գլխաւոր տարրերի` դպրոցի եւ հայոց լեզւի միջոցով, կարծում է թուրքագէտը։

Թուրքիան չի կարող փակել իր տարածքում գործող ազգային փոքրամասնութիւնների դպրոցները։ Դա նրան թոյլ չի տայ անել Լօզանի հաշտութեան պայմանագիրը։ Սակայն իշխանութիւններն իրենց նպատակին հասնելու համար նախընտրել են «ընդյատակեայ» ուղի` պայմաններ ստեղծելով դպրոցների փակման համար։

Ստամբուլում գործում են 16 հայկական դպրոցներ, նրանց մեծամասնութիւնն անցում է կատարում թուրքական ուսուցման։ Սովորողների թիւն ընդամենը 3 հազար է։

Հայկական դպրոցներն այսօր ոչնչով չեն տարբերւում թուրքականից. Դրանք նման են ինչպէս ծրագրով, այնպէս էլ դասաւանդման մեթոդիկայով։ Միակ դրական կողմն այն է, որ հայկական դպրոցներում աշակերտները շաբաթական երկու անգամ հայոց լեզու եւ գրականութիւն են անցնում եւ ուսումնասիրում են ոչ թէ իսլամ, այլ քրիստոնէութիւն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։