Եռօրեայ այցով ԱՄՆ-ում գտնւող Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը յունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշէնքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած ընդունելութեանը:
«alikonline.ir» - Եռօրեայ այցով ԱՄՆ-ում գտնւող Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը յունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշէնքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած ընդունելութեանը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանութեան, ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի ու Վաշինգտոնի Հայ Դատի գրասենեակի համատեղ ջանքերով կազմակերպւած հանդիսաւոր արարողութիւնը եզրափակել է ԱՄՆ Արեւելեան ափին կազմակերպւած՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակի տօնակատարութիւնների շարքը:
Միջոցառմանը Հանրապետութեան նախագահը հանդէս է եկել ելոյթով, որում մասնաւորապէս անդրադարձել է Հայաստանի առաջին Հանրապետութեան դերին ու նշանակութեանը, կարեւորել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեւաւորւած բարեկամական յարաբերութիւններն ու դրանց խորացման անհրաժեշտութիւնը, խօսել հզօր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կը զգան:
«Մեր այսօրւայ ուղերձը յստակ է: Մենք պէտք է յաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պէտք է հզօր երկիր լինի, որով բոլորս հպարտ կը լինենք ու աշխարհում մեզ հպարտ կը զգանք, որ հայ ենք»,- մասնաւորապէս նշել է նախագահը:
Ընդունելութեանը մասնակցել են ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարիւր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաներ: