Print this page
02/07/2018 - 12:10

Երւանդ Թերզեանին ՆԱՍԱ-ի բարձրագոյն մրցանակ կը շնորհւի

ԱՄՆ Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութիւնը՝ ՆԱՍԱ-ն, իր բարձրագոյն պարգեւը՝ «Նշանակալի հանրային ծառայութեան համար» շքանշանը, կը յանձնի աստղագէտ, Քորնէլի համալսարանի պրոֆեսոր Երւանդ Թերզեանին:

«alikonline.ir» - ԱՄՆ Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութիւնը՝ ՆԱՍԱ-ն, իր բարձրագոյն պարգեւը՝ «Նշանակալի հանրային ծառայութեան համար» շքանշանը, կը յանձնի աստղագէտ, Քորնէլի համալսարանի պրոֆեսոր Երւանդ Թերզեանին:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «news.cornell.edu» կայքը, շքանշանը կը յանձնի ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Ջիմ Բրայդենսթայնը՝ ՆԱՍԱ-ի՝ Հիւսթոնում գտնւող Ջոնսոնի անւան տիեզերական կենտրոնում: Յայտնի է, որ արարողութիւնը տեղի կունենայ օգոստոսի 2-ին ու կը հեռարձակւի «NASA TV»-ով:

«Դոկտոր Երւանդ Թերզեանն իր կեանքը նւիրել է կրթութեանը, հանրային ծառայութեանն ու գիտական հետազօտութիւններին: Նա իր խանդավառութիւնն օգտագործել է տիեզերքն ուսումնասիրելու, ուսանողների ու առհասարակ հանրութեան համար ոգեւորիչ փորձառութիւններ ապահովելու համար: Դոկտոր Երւանդ Թերզեանն անհաւանական ազդեցութիւն է ունեցել երիտասարդ ուղեղներին ոգեշնչելու ու կրթելու հարցում:

Այս ձեռքբերումներն ու նրա մարդկային բարձր որակներն ապացուցում են, որ Թերզեանն արժանի է «Նշանակալի հանրային ծառայութեան համար» շքանշանին»,-ասւած է ՆԱՍԱ-ի՝ պարգեւի համար նախապատրաստւած տեքստում:

Աղբիւրը յաւելում է, որ Թերզեանն ութ տարի աշխատել է ՆԱՍԱ-ի յանձնաժողովներում, 20 տարի ղեկավարել է ՆԱՍԱ-ի՝ Նիւ Եօրքի տիեզերական դրամաշնորհների կոնսորցիումը, որը ներառում է 19 համալսարան եւ գիտական կենտրոն:

Բացի այդ, Թերզեանը 12 տարի աստղագիտութեան թեմայով դասախօսութիւններ է կարդացել Ամերիկացի աստղագէտների ընկերակցութեան անդամների համար՝ այդ ընթացքում ճամբորդելով նահանգից նահանգ:

Նշւում է, որ հայազգի գիտնականը յայտնի է աստղային էւոլիւցիայի ոլորտում իր ուսումնասիրութիւններով, ինչպէս նաեւ հեռաւոր գալակտիկաների միջեւ ջրածնային գօտիների յայտնագործմամբ:

Յայտնի է, որ Թերզեանն աւելի քան 235 գիտական յօդւածի համահեղինակ է ու 7 գրքի խմբագիր:

Աւելի վաղ Երւանդ Թերզեանն իր ձեռքբերումների համար ՆԱՍԱ-ի կողմից արժանացել է «Lifetime Achievement Award» մրցանակին:

Երւանդ Թերզեանը ծնւել է 1939 թ. փետրւարի 9-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հայրը հայ էր, մայրը՝ յոյն: Դպրոցն աւարտել է Ալեքսանդրիայում եւ սովորել Կահիրէի ամերիկեան համալսարանում։ 1960 թ. ստացել է նոյն համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բակալաւրի դիպլոմ։ Այնուհետեւ, տեղափոխւելով ԱՄՆ, Ինդիանայի համալսարանում 1963 թ. ստացել է աստղագիտութեան գծով մագիստրոսի, իսկ աւելի ուշ՝ 1965 թ.` գիտութիւնների դոկտորի աստիճան։ 1965 թ. Թերզեանի գիտական եւ մանկավարժական գործունէութիւնը կապւած է Քորնէլի համալսարանի հետ։ 

Յարակից լուրեր