Հա
05/07/2018

 «Los Angeles Times»-ի անդրադարձը. «Հայաստանը սկսել է վերագտնել իր կապը սփիւռքի հետ՝ սկսելով Գլենդէլից

«Los Angeles Times» պարբերականն անդրադարձել է Գլենդէլ Հայաստանի մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցի այցին, որի ընթացքում նա կիսւել է Հայաստանի ժամանցային մշակոյթի ապագայի մասին իր տեսլականով եւ պատասխանել Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեան մասին հարցերի:

«alikonline.ir» - «Los Angeles Times» պարբերականն անդրադարձել է Գլենդէլ Հայաստանի մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցի այցին, որի ընթացքում նա կիսւել է Հայաստանի ժամանցային մշակոյթի ապագայի մասին իր տեսլականով եւ պատասխանել Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեան մասին հարցերի: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Դաունթաուն Սենթրալ Լայբրըրի»-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Մակունցը յայտարարել է, որ նախարարութեան համագործակցութիւնը Լոս Անջելէսում եւ Երեւանում հիմնւած «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի հետ կաջակցի Հայաստանի կառավարութեանը երկրի ժամանցային մշակոյթի բարեփոխումների հարցում:

Ինչպէս գրում է յօդւածագիրը, այս հանդիպումը կարեւոր իրադարձութիւն էր Գլենդէլի համար, որտեղ բնակւում են Արեւմուտքում ամենամեծ թւով հայերը, որոնց մեծ մասն արտագաղթել է Հայաստանից վերջին տասնամեակներին:

«Մենք յոյս ունենք, որ սա նախարարի, Հայաստանի կառավարութեան եւ Գլենդէլի ժողովրդի միջեւ շատ աւելի ակտիւ այցերի, խորը եւ աւելի ջերմ կապերի սկիզբն է»,- ասել է Գլենդէլի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարեանը:

Յօդւածագիրը նշում է, որ 34-ամեայ Մակունցը մէկուկէս ամիս է, ինչ զբաղեցնում է մշակոյթի նախարարի պաշտօնը: Նա 19 նորանշանակ նախարարներից մէկն է, որոնց մի մասն այժմ վարչապետ Նիկոլ Փաշինեանի առաջնորդած ցոյցերի, որոնք աւելի ուշ յայտնի դարձան որպէս «Թաւշեայ յեղափոխութիւն», երիտասարդ մասնակիցներ են եղել:

Գլենդէլի գրադարանում ակնյայտ է եղել առաջին ձեռքից յեղափոխութեան մասին լսելու շուրջ ոգեւորութիւնը, երբ Մակունցը 400 ներկաների հետ կիսւել է իր փորձով եւ ներկայացրել Հայաստանում մշակոյթի մասին իր տեսլականը, գրում է պարբերականը։

Յօդւածագիրը նշում է, որ Մակունցը սկսել է խօսել անգլերէն, բայց հաւաքւածների առաջարկից յետոյ նա շարունակել է խօսել հայերէն: Ամերիկահայ բնակիչների համար հանդիպումը բացառիկ հնարաւորութիւն էր իրենց հայրենիքի իշխանութիւնների հետ նոր կապ ստեղծելու համար:

«Ստեղծարար Հայաստան»-ի փոխնախագահ Ալեք Մուհիբեանը յայտնել է, որ իշխանափոխութիւնից յետոյ, սփիւռքը կարող է «Հայաստանը դիտել որպէս հնարաւորութիւն, այլ ոչ որպէս բեռ»:

Նաջարեանն, իր հերթին, յաւելել է, որ այժմ, երբ սփիւռքը Հայաստանի իշխանութիւններից ունի աջակցութիւն, Գլենդէլում յոյսի զգացողութիւն կայ:

«Գլենդէլում մեծ փոփոխութիւն է տեղի ունեցել, որովհետեւ քաղաքը շատ սերտօրէն է կապւած Հայաստանի հետ՝ չնայած հեռաւորութեանը: Մենք իսկապէս հաւատում ենք, որ իշխանութեան այս նոր փոփոխութիւնը բերելու է շատ աւելի բաց, աւելի ազատ եւ շատ աւելի թափանցիկ կառավարման, մի բան, որ տասնամեակներ շարունակ բոլորը ցանկանում էին տեսնել Հայաստանում»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։