Հա
19/07/2018 - 10:10

Արա Խաչադուրեանը Մարսէլից հասել է Հայաստան՝ վազքով յաղթահարելով 5 հազար կմ.

Գիւմրիում մարզային ու քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչները յուլիսի 18-ին դիմաւորեցին մարսէլաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրեանին, ով Մարսէլից վազքով հասել է Հայաստան:

«alikonline.ir» - Գիւմրիում մարզային ու քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչները յուլիսի 18-ին դիմաւորեցին մարսէլաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրեանին, ով Մարսէլից վազքով հասել է Հայաստան:

2016 թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էւերեստը նւաճելուց յետոյ մարսէլաբնակ հայազգի լեռնագնացը նոր մարտահրաւէր է նետում. այն է՝ Մարսէլից վազքով հասնել Հայաստան՝ յաղթահարելով 5000 կմ. տարածութիւն: Վազքը մեկնարկել է ապրիլի սկզբին: Օրական վազելով 50 կմ.՝ Արա Խաչադուրեանը եզրափակեց իր խաղաղութեան մարաթոնը Երեւանում: «Ուզեցի վազել յանուն խաղաղութեան,- «Արմէնպրես»-ին փաստեց լեռնագնացը,- կոչ անել, որ ոչ մի տեղ պատերազմ չլինի: Նպատակս է նաեւ երիտասարդներին ասել՝ եթէ նպատակ, երազանք ունէք, ձգտելով կարող էք հասնել դրան»: Նա պատմեց, որ Էւերեստի գագաթին, ինչպէս ինքն է ասում, Աստծոն մօտ, որոշում է նամակ գրել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու կոչով: Սակայն իր Թուրքիա եղած ժամանակ դեռ նախագահական ընտրութիւնները չէին կայացել, եւ չիմանալով, թէ ով է լինելու երկրի նախագահը, Արան այդ նամակը այդպէս էլ Թուրքիայի նախագահին չի յանձնում: «Բայց յանձնելու եմ, յաջորդ անգամ, երբ գնամ Թուրքիա: Եթէ անհրաժեշտութիւն լինի 5 կամ 10 տարի էլ կը փորձեմ: Նամակում ասում եմ, որ Ցեղասպանութեան մեղաւորները նրանք են, ովքեր ոճրագործութեան կատարման հրամանը տւեցին, ինքը պատասխանատու չէ այն բանի համար, ինչ արել են նախկինում: Պատասխանատուն հրաման տւող գեներալներն են, բայց պէտք է ճանաչել Ցեղասպանութիւնը»,- ասում է մասնագիտութեամբ ոսկերիչ լեռնագնացը:

Խօսելով Արարատի մասին՝ նա չի թաքցնում յուզմունքը: «Երբ Արարատից ես տեսնում Հայաստանը, բոլորովին այլ զգացողութիւն ես ունենում»,- նշեց Արան՝ յաւելելով, որ շատ է ցանկանում հանդիպել Նիկոլ Փաշինեանին: 

Լեռնագնացը ծնւել է Լիբանանում: 9 տարեկան է եղել, երբ պատերազմի պատճառով ընտանիքը մեկնել է Ֆրանսիա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։