Հա
24/07/2018 - 11:10

Փոքրիկ Հայաստանը՝ էկզոտիկ Ուրուգւայում. Լապշինի բլոգ

Ռուս-իսրայէլցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ուրուգւայում եղել է հայկական ամենահին» կուսակցութիւններից մէկի՝ «Հնչակեան» կուսակցութեան կենտրոնակայանում: Այս մասին նա գրել է իր՝ «Փոքրիկ Հայաստանը էկզոտիկ Ուրուգւայում» յօդւածում:

«alikonline.ir» - Ռուս-իսրայէլցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ուրուգւայում եղել է հայկական ամենահին» կուսակցութիւններից մէկի՝ «Հնչակեան» կուսակցութեան կենտրոնակայանում: Այս մասին նա գրել է իր՝ «Փոքրիկ Հայաստանը էկզոտիկ Ուրուգւայում» յօդւածում: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Ուրուգւայ, ինչ ասոցիացիաներ է ձեզ մօտ առաջացնում այս երկիրը: Մեծ մասի մօտ՝ ոչ մի: Կը լինեն մարդիկ, որ չեն յիշի, թէ որ մայրցամաքում է գտնւում այս երկիրը: Մինչդեռ Հարաւային Ամերիկայի շատ հարուստ երկիր է, որի 95 տոկոս կազմող սպիտակամորթ բնակչութիւնը իտալացի, իսպանացի եւ գերմանացի գաղթականների ժառանգներն են, ունի ժողովրդավարութեան 200-ամեայ աւանդոյթներ: Ի թիւս այլոց, երկրում բնակւում է 20-հազարանոց հայկական սփիւռք, որն առաւելապէս կազմւած է 1915-1920 թւականներին Ցեղասպանութեան ժամանակ փրկւած Օսմանեան կայսրութիւնից փախստականների թոռներից եւ ծոռներից: ԽՍՀՄ փլուզումից յետոյ այստեղ են ժամանել արդէն անկախ Հայաստանից մի քանի հարիւր ներգաղթեալներ: Ուրուգւայում հայերը, չնայած փոքրաթիւ լինելուն (հարեւան Արգենտինայում ապրում է 200 հազարից աւելի հայ), զգալի ազդեցութիւն ունեն երկրի քաղաքական եւ հասարակական կեանքի վրայ: Նրանց թւում արտասովոր բարձր է կրթական մակարդակը, իսկ ամենահարուստ ուրուգւայցիների տասնեակի մէջ են մտնում երկու էթնիկ հայեր»,- գրում է բլոգերը:

Գրեթէ բոլոր ուրուգւայցի հայերը բնակւում են երկրի մայրաքաղաք Մոնտեւիդէոյում, որը Ատլանտեան ովկիանոսի ափին է: Քաղաքի կենտրոնից արեւելք մեծ պերճաշուք շրջանն այդպէս էլ կոչւում է՝ «Armenia», ըստ էութեան այնտեղ էլ բնակւում է ուրուգւայցի հայերի մեծ մասը:

«Նրանք Ուրուգւայի մեծ հայրենասէրներ են եւ յիշում են, որ այս երկիրը եղել է այն սակաւաթիւներից մէկը, որն ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածներին՝ նրանց տանիք եւ բոլոր իրաւունքները տալով: Ուրուգւայը նաեւ աշխարհի բոլոր երկրներից առաջինն է ճանաչել Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութիւնը եւ 1965 թւականին Թուրքիային դատապարտել Ցեղասպանութեան հերքման համար, ինչով յարուցել է Թուրքիայի խիստ արձագանգը, որն ի նշան բողոքի Մոնտեւիդէոյում իր դեսպանատունը փակել է: Ի դէպ, հարցն ամենեւին Ուրուգւայի հայամէտ դիրքորոշումը չէ: Սկզբունքօրէն այս երկիրը արդէն երկար տարիներ կոշտ դիրքորոշում է որդեգրել աշխարհում ցեղասպանութեան ցանկացած ձեւին եւ մարդու իրաւունքների խախտումներին հակազդելու հարցում: Լինի դա Ռուանդան, Պաղեստինը, Կոսովոն կամ Սուդանը: Հէնց այս հարցով էլ ես ժամանել էի Ուրուգւայ, որ հանդիպեմ Ուրուգւայի խորհրդարանի սենատորներին, որոնք ժամանակին բողոք են յայտնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ կալանաւորման դէմ»,- պատմում է Լապշինը:

Բլոգերը նաեւ իր տպաւորութիւններն է յայտնել «Հնչակեան» կուսակցութեան մասին. «Նրանք պայքարել են Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների դէմ, որն արդիւնքում հասել է բացայայտ զինւած հակամարտութեան, եւ 1915 թւականին Կոստանդնուպոլսում կուսակցութեան 15 ակտիւիստների թուրքերը կախաղան են բարձրացրել: ԽՍՀՄ տարիներին չնայած բացի ԽՄԿԿ-ից, բոլոր կուսակցութիւններն արգելւած էին, այս տղաները կարողացել են խորհրդային իշխանութեան հետ կոնսենսուս պահպանել եւ անգամ երկար ժամանակ աջակցել են Լենինին: Հետագայում ԽՍՀՄ-ում կուսակցութեան ազդեցութիւնը վերացել է, եւ նրանք ստիպւած էին ամբողջութեամբ սփիւռք անցնել: Մինչ օրս «Հնչակների» համեմատաբար մեծաթիւ հետեւորդներ կան Լիբանանում եւ նոյնիսկ երկու պատգամաւորով ներկայացւած են երկրի խորհրդարանում: Ղարաբաղեան պատերազմի տարիներին նրանք պաշտպանել են Զանգեզուրը: Ներկայումս Հայաստանում կայ կուսակցութեան ընդամենը մօտ 5 հազար անդամ, Լիբանանում մի փոքր աւելին են, Ուրուգւայում, Արգենտինայում եւ Ֆրանսիայում՝ եւս մի քանի հազար: Կոպիտ ասած՝ կուսակցութիւնը հիմա վերածւել է պատմական ժառանգութեան, սակայն քաղաքականութեան մէջ նրա ազդեցութիւնը նւազագոյն է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։