Հա
04/09/2018 - 09:20

Կեանքից հեռացել է պոլսահայ ռեժիսոր Արամ Գիւլիւզը

Ստամբուլում կեանքից հեռացել է թուրքական կինեմատոգրաֆիայի մէջ մեծ աւանդ ունեցող, բազմաթիւ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդիւսեր Արամ Գիւլիւզը:

«alikonline.ir» - Ստամբուլում կեանքից հեռացել է թուրքական կինեմատոգրաֆիայի մէջ մեծ աւանդ ունեցող, բազմաթիւ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդիւսեր Արամ Գիւլիւզը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «ermenihaber.am»-ը:

87-ամեայ հայ երախտաւորի մահւան կապակցութեամբ ցաւակցական հեռագիր է յղել Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:

«Վշտացայ՝ իմանալով մեր կինոյի վարպետ Արամ Գիւլիւզի մահւան լուրը: Լուսահոգի վարպետը 1958 թւականից սկսած մեծ ծառայութիւններ է մատուցել թուրքական կինեմատոգրաֆիային: Ցաւակցում եմ նրա ընտանիքին եւ արւեստագէտների համայնքին»,- ասւած է Էրսոյի ցաւակցական ուղերձում:

Արամ Գիւլիւզը ծնւել է 1931 թ. Պոլսի հայաբնակ Շիշլի թաղամասում: Նախնական կրթութիւնը ստացել է Հինդլեանի դպրոցում, ապա՝ Կենտրոնական, նաեւ Մխիթարեան վարժարաններում։ Բարձրագոյն կրթութիւն ստանալու համար Գիւլիւզը մեկնում է Անգլիա, 4 տարի Լոնդոնում մասնագիտանում էլեկտրոնային եւ երաժշտական ինդուստրիայի ասպարէզում՝ անընդհատ հետեւելով նաեւ հեռուստատեսային արւեստի դասընթացների։ 1954-55 թթ. Թուրքիայի զինւած ուժերում զինծառայութեան շրջանն անցկացնում է Կորէայում։ Այստեղ նրա հանդիպումը յայտնի կինոգործիչ Հալիթ Ռէֆիկի հետ ճակատագրական էր։ Այս հանդիպմանն է նա պարտական կինոյի աշխարհ մուտք գործելու համար։ Վերադառնում է Թուրքիա, պաշտօնավարում անգլիական աւիաուղիներում (British Airways), սակայն շուտով՝ 1958 թ., հիմնադրում է «Metro Film»-ը՝ թուրքական կինոաշխարհ մտնելով որպէս պրոդիւսեր։ Նկարահանում է առաջին թուրք-գերմանական «Ստամբուլեան արկածներ» ֆիլմը՝ օտար եւ թուրք դերասանների մասնակցութեամբ։

Արամը կինոարտադրութիւն է մտնում նաեւ գրելով ֆիլմերի սցենարներ, անւանի գործիչների հետ նկարահանում է սերիալներ, որոնց մի մասը կատակերգութիւններ էին:

Գիւլիւզը շուրջ 140 ֆիլմ է նկարահանել, մօտ 30 ֆիլմի սցենար է հեղինակել եւ 40 ֆիլմի պրոդիւսեր եղել, աշխատել է թուրքական ամենայայտնի դերասանների հետ։ Արամն ամուսնացած է եղել Գիւնուլ անունով թրքուհու հետ, որ բալետի պարուհի էր, 3 զաւակի հայր էր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։