Print this page
08/09/2018 - 08:30

Վանի Սբ. Խաչ եկեղեցում պատարագին կը մասնակցի Թուրքիայի մշակոյթի նախարարը

Սեպտեմբերի 9-ին երեք տարւայ ընդմիջումից յետոյ Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսոյ հայոց պատրիարքարանի կողմից կրկին պատարագ կը մատուցւի:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 9-ին երեք տարւայ ընդմիջումից յետոյ Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսոյ հայոց պատրիարքարանի կողմից կրկին պատարագ կը մատուցւի: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»-ը:

Պատարագին մասնակցելու են Թուրքիայի կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաններ, այդ թւում՝ Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Նուրի Էրսոյը:

Նախարար Էրսոյի մասնակցութիւնը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից մատուցւող պատարագին զարմանք է առաջացրել Թուրքիայում `«տեսէ'ք, թէ ուր է գնում նախարարը,  կարծրատիպ է կոտրում»: 

Կ. Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, անդրադառնալով պատարագին, ասել է, որ Աղթամար կղզին եւ Սուրբ Խաչ եկեղեցին պատմական տեսանկիւնից շատ կարեւոր են: 

Պատրիարքի փոխանորդը տեղեկացնում է, որ պատարագին մասնակցելու են ներկայացուցիչներ մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնից, քաղաքացիներ Թուրքիայի տարբեր շրջաններից եւ բազմաթիւ պոլսահայեր:

«2011 թ. պատարագին մասնակցել էր 7000 հոգի: Այս տարի չենք ակնկալում, որ այդքան կը լինի, սակայն 2000-3000 հոգի էլ մասնակցի մեզ համար զգալի թիւ է: Որքան տեղեակ ենք, հիմա էլ Վան քաղաքում մեծ ոգեւորութիւն է տիրում, եւ սպառւել է հիւրանոցներում ամրագրման հնարաւորութիւնը: Նշանակում է, որ բաւականին շատ են լինելու պատարագի մասնակիցները»:  

Յիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակութիւն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարութեան ֆինանսաւորմամբ վերականգնւել էր 2010 թւականին եւ բացւել թանգարանի կարգավիճակով:

Եկեղեցու վերանորոգումից յետոյ առաջին անգամ պատարագ մատուցւեց 2010 թ. սեպտեմբերի 19-ին: Հայ համայնքը այնտեղ տարին մէկ անգամ պատարագ տալու թոյլտւութիւն ունի: Սուրբ Խաչ եկեղեցում վերջին անգամ պատարագ էր մատուցւել 2015 թ.: Թուրքական իշխանութիւններն արգելել էին պատարագ մատուցել` անվտանգութեան ապահովման խնդիրներից ելնելով:

Յարակից լուրեր