Հա
09/09/2018

Հայերին նւիրւած 5 վայր եւ յուշակոթող Ֆրանսիայում

Ֆրանսիայում բնակւում է ամենամեծ ու ներկայացուցչական հայ համայնքներից մէկը ողջ աշխարհում: Հայերը Ֆրանսիայի տարբեր շրջաններում հաստատւել են Ցեղասպանութիւնից յետոյ, այնուհետեւ նաեւ գաղթելով Մերձաւոր Արեւելքի երկրներից:

«alikonline.ir» - Ֆրանսիայում բնակւում է ամենամեծ ու ներկայացուցչական հայ համայնքներից մէկը ողջ աշխարհում: Հայերը Ֆրանսիայի տարբեր շրջաններում հաստատւել են Ցեղասպանութիւնից յետոյ, այնուհետեւ նաեւ գաղթելով Մերձաւոր Արեւելքի երկրներից:

Եւ բոլոր ժամանակներում նրանք անմիջականօրէն մասնակցել են ֆրանսիական հասարակական կեանքին: Դրա մասին են վկայում երկրի տարբեր քաղաքներում տեղադրւած հայկական յուշարձանները, գործող եկեղեցիները, դպրոցներն ու մշակութային կենտրոնները, որոնցից մի քանիսը ըստ «tert.am»-ի՝ ներկայացնում է «rusarminfo.ru»-ն:



1. Լեւոն 5-րդի դամբարանը

Կիլիկեան Հայաստանի վերջին թագաւոր Լեւոն 5-րդի դամբարանը գտնւում է Փարիզի մերձակայքում գտնւող Սէն Դէնի աբբայութեան տարածքում: Կիլիկիացի թագաւորը մահացել է Փարիզում 1393-ին: Գերեզմանը, սակայն, դատարկ է. այն սրբապղծւել է յեղափոխականների կողմից 18-րդ դարում:

 

2. Փարիզի գլխաւոր հայկական տաճարը

Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Յովհաննէս Մկրտիչ տաճարը տեղակայւած է Ժան Գուժոնի փողոցում: Այն կանգնեցւել է յայտնի բարերար եւ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշովի օգնութեամբ 1904 թւականին: 2003-ին եկեղեցու հարեւանութեամբ կանգնեցւել է Կոմիտասի յուշարձանը:

3. Ժան Ալթէնի յուշարձանը

Ֆրանսահայ յայտնի գիւղատնտես Ժան Ալթէնի (Յովհաննէս Ալթունեան) յուշարձանը գտնւում է Աւինէոն քաղաքի գլխաւոր հրապարակում՝ Ֆրանսիայի հարաւարեւելեան պատմական Պրովանս մարզում: Նրա պատւին անւանակոչւել է նաեւ քաղաքի փողոցներից մէկը:

4. Միսակ Մանուշեանի անւան հրապարակ

Մարսէլի կենտրոնական հրապարակներից մէկը կրում է Երկրորդ աշխարահամարտի տարիներին գործող ֆրանսիական «Դիմակայութիւն» («La Resistance») շարժման ամենայայտնի ներկայացուցիչներից մէկի՝ Միսակ Մանուշեանի անունը: Մանուշեանի կիսանդրին հրապարակում տեղադրւել է 2010 թւականին:

5. Զաբէլ Եսայեանի անւան ծառուղի

Հանրայայտ հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի եւ իրաւապաշտպան Զաբէլ Եսայեանի անւան ծառուղին տեղակայւած է Փարիզում: Այն բացւել է 2018 թւականի մարտի 8-ին: Տեղադրւած ցուցատախտակի գրութիւնն ասում է. «Զաբէլ Եսայեան, 1878-1943, հայ գրող, մարդու իրաւունքների պաշտպան»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։