Հա
12/09/2018 - 09:40

Հարցազրոյց եպիսկոպոս Մաշալեանի հետ Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում մատուցւած պատարագից յետոյ

«Ermenihaber.am»-ը Վանայ լճի Աղթամար կղզում գտնւող Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պատարագից յետոյ զրուցել է Պոլսոյ հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալեանի հետ:

«alikonline.ir» - «Ermenihaber.am»-ը Վանայ լճի Աղթամար կղզում գտնւող Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պատարագից յետոյ զրուցել է Պոլսոյ հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալեանի հետ:

Հարցազրոյցը՝ ստորեւ.

 

- Սրբազան, բարեւ Ձեզ: Ինչպէ՞ս կը գնահատէք պատարագը, ի՞նչ կարող էք ասել պատարագի մասին:

- Ուրախ ենք, որովհետեւ 3 տարի ապահովութիւնից ելնլով չէինք կարողանում անցկացնել պատարագը, քանի որ այս շրջանում ահաբեկչութիւն կար, բայց այժմ բաւական ապահով է, եւ այս տարի որոշեցինք գալ: Մեծ շուքով տօնեցինք: Թէ՛ ուխտաւորների թիւը, թէ պետութեան հետաքրքրութիւնը, թէ՛ մեդիայի հետքրքրութիւնը շատ գոհացուցիչ էր: Վերյիշեցինք մեր հայրերի ժառանգութիւնը, աղօթեցինք նրանց հոգիների համար, նաեւ անդրադարձանք այն հանգամանքին, որ դեռ վկայութիւն ունենք այս հողերի վրայ, եւ այս սուրբ եկեղեցին իր խաչով, իր անունով հազարաւոր մարդկանց պատմում  ու վկայում է հայի հանճարի ու հաւատքի մասին:

 

- Սրբազան, համայնքի մասնակցութիւնից գո՞հ էք: Սպասումներն իրականացա՞ն, որովհետեւ Պոլսոյ հայոց պատրիարքի փոխանորդը 2-3 հազար մարդու մասնակցութեան ակնկալիքի մասին էր խօսել:

- Այո, մասնակցութիւնը շատ գոհացուցիչ էր, որովհետեւ 3 տարի չէր եղել, մեծ կարօտ կար ժողովրդի մէջ, այս օրերին քաղաքի մէջ երիտասարդների համար մէկ ռոք-ֆեստիւալ կար, այնպէս որ Վան քաղաքը բաւական լեցուն է: Մենք էլ մեր մասնակցութիւնը բերեցինք: Ուրախ ենք:

 

- Սրբազան Հայր, կը խնդրեմ մի քիչ մանրամասնէք, 3 տարի ապահովութիւնը գնահատւում էր ոչ բաւարար: Հիմա արդէն՝ բաւարար: Ասացէք խնդրեմ, նախաձեռնութիւնն ո՞ւմ կողմից էր՝ թուրքական կառավարութիւ՞նը ապահովութիւնը բարձր գնահատեց ու առաջարկեց շարունակել պատարագները, թէ՞ պատրիարքարանը դիմեց կառավարութեանն ու թոյլտւութիւն ստացաւ:

- Կառավարութիւնն ուզեց: Նախորդ տարիներին իրենք էին մեզ ասում, որ ապահով չէ, բայց այս տարի ասացին, որ բաւական ապահով է, եւ մենք կուզենք, որ դուք վերսկսէք ձեր պատարագները: Պետութիւնն առաջարկեց, մենք ընդունեցինք, մենք նախաձեռնեցինք այս գործը: Պետութիւնը դիւրացրեց եւ ապահովութեան միջոցներ ձեռք առաւ: Այսպիսի համագործակցութեամբ գլուխ բերեցինք այս մեծ գործը:

 

- Այսինքն սա ենթադրում է, որ այսուհետ ամէն տարի կանոնաւոր կերպով կը շարունակւե՞ն պատարագները:

- Այո, եթէ ապահովութիւն կայ:

 

- Ի՞նչ կարող էք ասել պոլսահայ երիտասարդութեան եւ ընդհանրապէս համայնքի երիտասարդութեան մասին: Արդեօ՞ք պատարագն ինչ-որ խթան է միասնութեան առումով: Արդեօ՞ք երիտասարդներին մղում է աւելի կապւել իրենց արմատներին, հայութեանն ու համայնքին, լինել աւելի համախմբւած: Ի՞նչ կասէք այս մասով:

- Հարկաւ, սա խթան է դառնում ու ներշնչում երիտասարդներին: Իսկ մնացածի մասով մենք Պոլսում 33 եկեղեցի ունենք եւ շարունակում ենք պատարագներ մատուցել այնտեղ: Պատարագը նորութիւն չէ մեր համայնքի ու երիտասարդների համար: Եկեղեցին իր սուրբ խորհուրդերը մեր երիտասարդութեան ներշնչանքն է, այն կապն ու օղակն է, որը ներկան կապում է անցեալի հետ: Այս առումով մենք ամէն գնով պէտք է շարունակենք, մեր եկեղեցական արարողութիւնները, որտեղ հնարաւոր է: Այս բոլորը ներշնչանք են:

 

- Մէկ հարց էլ Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սբ. Կիրակոս եկեղեցու մասին, բոլորին շատ հետաքրքիր կարող է լինել: Եկեղեցին յայտնի բախումների (թուրք-քրդական) պատճառով աւերւել էր:  Այժմ փակ է այն թաղամասը, որտեղ գտնւում է մեր եկեղեցին, եւ թուրքական կառավարութիւնն այնտեղ շինարարութիւն է իրականացնում: Կը խնդրեմ տեղեկացնել, թէ ինչ ընթացքի մէջ է այս գործընթացը:

- Տիգրանակերտի Սուր թաղամասը, որտեղ գտնւում է Սբ. Կիրակոս եկեղեցին, քարուքանդ է եղել, եւ նոր թաղամաս պիտի հիմնւի այնտեղ: Եկեղեցին իրապէս մեծ վնաս է կրել, բայց այսօր այստեղ ներկայ գտնւող մշակոյթի նախարարը խոստացել է, որ  եկեղեցին պետական ծախսերով պէտք է վերականգնւի, եւ արդէն գործը սկսւել է: Հաւանաբար եկող տարի կը կատարենք Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումը եւ այնտեղ պատարագ կանցկացնենք:

 

- Սրբազան Հայր, կուզեմ անդրադառնայիք պատրիարքական ընտրութիւններին: Վերջին շրջանում համայնքը մի փոքր անհանգիստ էր այս հարցով: Այս պահին կա՞յ որեւէ գործընթաց:

- Այժմ ամէն ինչ սպասումի մէջ է: Մենք պէտք եղած դիմումներն արեցինք, ժողովուրդը իր անհանգստութիւնը տարբեր ձեւերով ներկայացրեց (թուրքական) պետութեանը, սակայն մենք ներկայում պատրիարքական ընտրութիւնների ուղղութեամբ գործընթաց չունենք: Այս ընտրութիւնները կատարւում են եկեղեցու եւ պետութեան համագործակցութեամբ, ինչպէս 2 թեւ ունեցող կամուրջը, որի թեւերը փակւում են միասնաբար: Մենք փակեցինք՝ տեղապահ ընտրեցինք, պետութիւնն ասաց՝ ոչ: Հետեւաբար պատրիարքական ընտրութիւններ չենք կարող կատարել մինչեւ պետութիւնը համոզւի:

 

- Այսինքն դուք բոլոր դիմումներն ուղարկել էք ու պատասխանի էք սպասում:

- Չէ՛, պատասխանը եկաւ: Իրենք ասացին, որ պատրիարքը ողջ է եւ առողջական խնդիրների պատճառով դուք չէք կարող նոր պատրիարք ընտրել: Պաշտօնապէս մեզ այսպէս ասւեց: Հետեւաբար մեզանից կախւած չէ այն, ինչ կը լինի յետոյ: Եթէ պետութիւնը միտքը փոխի, այն ժամանակ էլ կը լինի:

Հեղինակ` Ռաֆայէլ Սահակեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։