Հա
22/09/2018 - 08:40

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսեանի հարցազրոյցը թուրքական «Hürriyet»-ին

Թուրքիայում ժամանակակից ամենայայտնի հայ գրողներից Մկրտիչ Մարկոսեանը հարցազրոյց է տւել թուրքական ամենաընթերցւող՝ «Hürriyet» պարբերականին, որի ժամանակ խօսել է իր հայրենի Դիարբեքիրի՝ անցեալի ու ներկայի մասին։

«alikonline.ir» - Թուրքիայում ժամանակակից ամենայայտնի հայ գրողներից Մկրտիչ Մարկոսեանը հարցազրոյց է տւել թուրքական ամենաընթերցւող՝ «Hürriyet» պարբերականին, որի ժամանակ խօսել է իր հայրենի Դիարբեքիրի՝ անցեալի ու ներկայի մասին։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Թուրքիայում մեծ արձագանգ գտած «Գեաւուրի թաղը» գրքի հեղինակը համոզւած է, որ անկախ նրանից, որ տարիներ առաջ ստիպւած է եղել հայրենի Դիարբեքիրից արտագաղթել Կ․Պոլիս՝ հեռաւորութիւնը չի կարող խանգարել, որ հայրենի հողը միշտ մնայ որպէս իր մի մասնիկ։

«Ես հեռացայ Դիարբեքիրից 1953 թւականին։ Սակայն երբեք կապս չկտրեցի դրա հետ, Դիարբեքիրը միշտ կայ։ Ես միշտ քնել ու արթնացել եմ Դիարբեքիրով։ Այն իմ մասնիկն է, ես էլ՝ նրա»,- նշել է գրողը՝ ցաւով փաստելով, որ հին Դիարբեքիրն այլեւս անցեալ է, եւ այժմ քաղաքի բազմագոյն պատկերը, երբ այստեղ միասին ապրում էին հայեր, ասորիներ, թուրքեր, քրդեր ու արաբներ, լիովին կորած է։

Մարկոսեանը փաստում է, որ այդ ամէնը ոչ միայն Դիարբեքիրի, այլեւ ամբողջ երկրի կենսակերպն ու դիմագիծն է փոխել։

«Միայն Դիարբեքիրում չէ, ամբողջ Անատոլիայում հայեր գրեթէ չմնացին։ Բոլորը գաղթեցին։ Դրա պատճառների մասին մենք կարող ենք երկար վիճել, սակայն իրականութիւնն այն է, որ մարդիկ այստեղ միասին են ապրել, իսկ այժմ այդ մշակոյթից ոչինչ չի մնացել։ Մենք դարձել ենք միմեանց վանող ու խտրական մի հասարակութիւն»,- ասել է գրողը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։