Հա
06/10/2018 - 09:20

Ի նշան յաւերժ բարեկամութեան. լեհական Շչեչինեկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրւել

Լեհաստանի Շչեչինեկ քաղաքում կայացել է հայ համայնքի միջոցներով պատրաստւած խաչքարի բացման արարողութիւնը, որը մեկնարկել է Շառլ Ազնաւուրի յիշատակին նւիրւած մէկ րոպէ լռութեամբ:

«alikonline.ir» - Լեհաստանի Շչեչինեկ քաղաքում կայացել է հայ համայնքի միջոցներով պատրաստւած խաչքարի բացման արարողութիւնը, որը մեկնարկել է Շառլ Ազնաւուրի յիշատակին նւիրւած մէկ րոպէ լռութեամբ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է «Rusarminfo»-ն, հանդիսաւոր արարողութեանը մասնակցել են Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարեանը, Շչեչինեկի քաղաքապետ Եժի Հարդի-Դուգլասը, Շչեչինեկի հայերի միութեան ղեկավար Իւրիկ Խուրշուդեանը, հայկական եկեղեցու ներկայացուցիչ Ներսէս Յարութիւնեանը:

«Շչեչինեկում մեծ թւով հայեր են բնակւում: Հայերը բացառիկ մարդիկ են, որոնք իւրայատուկ պատմութիւն ունեն: Յուսով եմ, որ խաչքարը քաղաքի մշակոյթի կարեւոր մաս կը դառնայ»,- ասել է Շչեչինեկի քաղաքապետը:

Խաչքարի վրայ առկայ են հայերեն եւ լեհերեն գրութիւններ, որոնք նշում են, որ այն կանգնեցւել է ի նշան հայերի եւ լեհերի յաւերժ բարեկամութեան:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին եւս մէկ հայկական խաչքար է տեղադրւել ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկում գրանցւած Զամոշչ լեհական քաղաքի կենտրոնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։