Հա
15/10/2018 - 10:50

Սիրիա հումանիտար առաքելութիւնը որեւէ վտանգ իրենից չի ներկայացնի

«Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Սիրիայի «Գանձասար» թերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը:

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Սիրիայի «Գանձասար» թերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը:

 

- Տիկին Պօղիկեան, ինչէ՞ս էք գնահատում Հայաստանի քայլը, որը սակրաւորներ ու բժիշկներ է ուղարկում Սիրիա՝ հումանիտար առաքելութեան անւան տակ։ Դուք այստեղ որեւէ վտանգ չէ՞ք տեսնում, որ հայկական դրօշի ներքոյ հումանիտար առաքելութեան արդիւնքում կարող է խախտւել հայ համայնքի չէզոքութիւնը։

- Հայաստանը, որպէս պետութիւն, իր պարտաւորութիւնն ու առաքելութիւնն է իրականացնում որպէս մարդասիրական նպաստ մի երկրի, որը տարիներ շարունակ պատերազմի մէջ է եւ կարիք ունի այդպիսի օժանդակութեան։ Ես կարծում եմ՝ դա քաղաքական տեսանկիւնից ոչ մի նշանակութիւն չունի։ Կրկնում եմ՝ սա մարդասիրական առաքելութիւն է։ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են, դիւանագիտական կապերն առկայ են։ Հայաստանը միակ երկիրն է, որ պատերազմի տարիներին իր դիւանագիտական ներկայութիւնը պահպանեց։ Ես կարծում եմ, որ բոլորի կողմից ճիշտ կընկալւի այդ օժանդակութիւնը եւ որեւէ վտանգ իրենից չի ներկայացնում։

 

- Այսինքն՝ այստեղ որեւէ վտանգ չէ՞ք տեսնում։ Հայաստանում մտահոգութիւններ են հնչում, որ հայերը կարող են ահաբեկիչների թիրախ դառնալ։

- Ես այդպիսի վտանգ չեմ տեսնում։ Հաշւի առնելով, որ սա մարդասիրական օժանդակութիւն է, նաեւ հաշւի առնելով, որ Հայաստանը Սիրիային բարեկամ երկիր է։

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա պէտք է նշեմ, որ հայ համայնքը հանդէս է գալիս Սիրիա պետութեան շահերի դիրքերից։ Ես կը ցանկանայի, որ Սիրիայի շահերը, որպէս պետութիւն, պաշտպանւեն, որի արդիւնքում պաշտպանւած կը զգան բոլոր համայնքները, բոլոր մարդիկ, եւ խաղաղ, բոլոր կողմերի համար ընդունելի միջոցներով կարգաւորում լինի։

Պէտք է նկատել, որ հիմա Սիրիան սպասողական վիճակում է, որովհետեւ ձեռք բերւած համաձայնութիւնը ժամանակաւոր է։ Յուսով ենք, որ այդ համաձայնութեան արդիւնքում ելք կը գտնեն՝ բախումները կանխելու առումով։ Բոլոր օտար ուժերը, որոնք ապօրինի մուտք են գործել Սիրիա, աստիճանաբար դուրս կը գան՝ իրենց առաքելութիւնն աւարտած համարելով, եւ Սիրիան կը վերագտնի իր ներքին համերաշխութիւնը։ Անվտանգութեան առումով ներկայումս Հալէպում աւելի անվտանգ է, քան նախորդ տարիներին, որոշ արւարձաններ կան, որտեղ զինեալ խմբաւորումների հետ բախումներ են լինում, բայց համաձայնութիւններ են գոյանում, որպէսզի այդ շրջաններն էլ այդ վիճակից դուրս գան։ Հիմա երկիրը համեմատաբար խաղաղ հանգրւանում է, այդ թւում՝ հայ համայնքը։ Հայ եկեղեցին էլ բնականոն գործում է։

 

- Սիրիայի հայ համայնքից մեծ արտագաղթ կար։ Հիմա ինչպիսի՞ն է իրավիճակն այդ առումով, կա՞ն Սիրիա վերադարձողներ։

- Պէտք է նկատի ունենալ, որ պատերազմը դեռ չի աւարտւել, եւ չի կարելի մտածել, թէ ամէն ինչ վերջացած է, խաղաղ է։ Բայց, բարեբախտաբար, կան մարդիկ, որոնք Հալէպից ժամանակաւոր հեռացել էին աւելի անվտանգ շրջաններ, հիմա վերադարձել են։ Վերադարձողներ կան նաեւ հարեւան երկրներից, օրինակ՝ Լիբանանից։ Մարդիկ նախընտրեցին իրենց ծննդավայրը. այո, կան վերադարձողներ, սակայն պատերազմով պայմանաւորւած դժւարութիւնները դեռ պահպանւում են։ Հայ համայնքն իր միջոցներով փորձում է օգտակար լինել իր անդամներին, այդ թւում՝ դպրոցներին, վարժարաններին, որպէսզի այդ հաստատութիւնները շարունակեն գործել։ Բացի այդ, տարբեր աջակցութիւնների շնորհիւ եկեղեցիներ եւ այլ շէնքեր են նորոգւում, նաեւ վերադարձողները սկսել են վերանորոգել իրենց տները։

 

- Այսինքն՝ հայ համայնքը ոչ թէ չէզոք է, այլ իշխանութիւններին է աջակցում։

- Ոչ թէ իշխանութիւններին է աջակցում, այլ պետութեանը։ Իշխանութիւնները ժամանակաւոր են, իսկ մենք միշտ պետութեան ու հայրենիքի շահերի կողմն ենք։

Հեղինակ՝ Սիրանուշ Պապեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։