Հա
23/10/2018 - 09:40

«Իսկ դուք ճանաչո՞ւմ էիք Արամ Գիւլէրեանին». պոլսահայ սիւնակագիրը Գիւլէրի եւ Էրդողանի մտերմութեան ու Թուրքիայում հայ լինելու դժւարութեան մասին

Պոլսահայ սիւնակագիր Ալին Օզինեանը լեգենդար լուսանկարիչ Արա Գիւլէրի մահից յետոյ անդրադարձել է նրա դէմ ուղղւած մի շարք քննադատութիւններին եւ իր՝ «Իսկ դուք ճանաչո՞ւմ էիք Արամ Գիւլէրեանին» յօդւածում խօսել Թուրքիայի հայերի՝ յաճախ լռեցւած դժւարութիւնների մասին: 

«alikonline.ir» - Պոլսահայ սիւնակագիր Ալին Օզինեանը լեգենդար լուսանկարիչ Արա Գիւլէրի մահից յետոյ անդրադարձել է նրա դէմ ուղղւած մի շարք քննադատութիւններին եւ իր՝ «Իսկ դուք ճանաչո՞ւմ էիք Արամ Գիւլէրեանին» յօդւածում խօսել Թուրքիայի հայերի՝ յաճախ լռեցւած դժւարութիւնների մասին:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է Ստամբուլում հրապարակւող պարբերականներից «ՀայԹերթը», Օզինեանը յատկապէս դիմել է այն անձանց, որոնք սուր քննադատութեան էին ենթարկել Գիւլէրին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին լուսանկարելու համար:

«Ամէն հայից մի սպասէք, որ թաղապետարան կանչւելուց ու «Զգոյշ կը լինես» սպառնալիքը ստանալուց յետոյ, շարունակէր գրել, խօսել, յանուն խաղաղութեան ինքն իր կեանքը վտանգէր, ինչպէս Հրանտ Դինքը: Հրանտ Դինքի սպանութեան հետ կապւած խայտառակ դատավարութիւնից յետոյ մանաւանդ բնաւ մի սպասէք նման բան»,- գրում է հեղինակը՝ յաջորդիւ փորձելով նկարագրել այն բոլոր վտանգներն ու զրկանքները, որոնցով ստիպւած են լինում անցնել Թուրքիայի հայերը գրեթէ ծննդեան օրից սկսած:

«7 տարեկանից սկսած իրենց համայնքային դպրոցներում պետութեան կողմից նշանակւած յատուկ հսկիչների հայացքների, նրանց վերահսկողութեան ու անգամ «Բոլորդ հայի ծնունդներ էք» խօսքերի ներքոյ հասարակական կեանք սկսած հայերը… Հայեր, որոնք ապրում են ու տարօրինակ կերպով սիրում են մի երկիր, որի իշխանութիւնները նրանց միշտ որպէս սպառնալիք են ընկալել: Հայեր, որոնք ձախակողմեան քաղաքական հայացքների համար ձերբակալւելիս, ի տարբերութիւն միւս ընկերների, մէկի փոխարէն երկու անգամ էին «ծեծ ուտում»: «Քիչ է հայ է, դեռ մի բան էլ ձախակողմեան է դարձել» բառերով սկսւող հայհոյանքներ լսող հայեր…»,- շարունակում է Օզինեանը:

Հեղինակը քննադատել է թուրք, քուրդ եւ այլազգի ընդդիամադիր քաղաքացիներին, որոնք Արա Գիւլէրի կողմից Էրդողանի տուն գնալն ու նրան լուսանկարելն ամօթալի էին համարում: Ըստ Օզինեանի՝ քննադատողները յաճախ տեղեակ էլ չեն, թէ ինչ են ստիպւած լինում վերապրել հայերը Թուրքիայում եւ սովորաբար չեն արձագանգում միայն հայերին վերաբերող խնդիրներին: Աւելին՝ յաճախ ծանօթ չեն հայկական համայնքի ոչ՛ խնդիրներին, ո՛չ էլ ձեռքբերումներին:

«Առաջին թերթը, որտեղ աշխատել է Արա Գիւլէրը, եղել է ստամբուլեան «Ժամանակ»-ը: Իսկ դուք գիտէ՞ք Ստամբուլում քանի հայկական թերթ կայ: Լաւ, իսկ Ստամբուլի հայկական թաղամասե՞րը: Ոչինչ, մի իմացէք, չէ՞ որ, երբ դուք տեղեակ չէք հայերից, դա առանձնապէս մեծ խնդիր չի դառնում»,- գրում է սիւնակագիրը՝ ընդգծելով, որ թէեւ շատերը շեշտում են, որ Էրդողանը հայերի հանդէպ վիրաւորական արտայայտութիւն է օգտագործել, շատերը նաեւ մոռանում են, որ հայերի հասցէին այդ երկրում հայհոյում են տասնեակ տարիներ շարունակ՝ խանութպանից մինչեւ սովորական անցորդ, իսկ ոմանք անգամ տեղեակ էլ չեն, որ իրենց շրջապատող մզկիթներից շատերը հայ ճարտարապետների ձեռքի գործն են:

«Արա Գիւլէրը մահացաւ իր իսկական հայրական ազգանունն այդպէս էլ չօգտագործած: Ըստ իս՝ իրական ողբերգութիւնը դա է, ոչ թէ Էրդողանին նկարելը»,- եզրափակել է սիւնակագիրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։