Հա
01/11/2018 - 11:00

Ամերիկահայ թեկնածուները միջանկեալ ընտրութիւններում միտւած են յաղթելու

Դաշնային մակարդակով ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ առաջադրւած է չորս ամերիկահայ թեկնածու:

«alikonline.ir» - Դաշնային մակարդակով ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ առաջադրւած է չորս ամերիկահայ թեկնածու: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Իր տեղի համար է պայքարելու 1992-ից Կոնգրեսում ներկայացւած հայ մօր եւ ասորի հօր դուստր Աննա Էշուն, ով Կոնգրեսում ներկայացնում է Սիլիկոնի հովիտը եւ համարւում է Դեմոկրատական կուսակցութեան ազդեցիկ գործիչներից մէկը:

Ջէքի Սփիր-Կանչելեանը, ում մայրը նոյնպէս հայ է, իր քաղաքական ուղին սկսել է հերոսական պատահարից։ 1978-ին, լինելով կոնգրեսական Լիօ Ռայանի օգնականը, նրանց ինքնաթիռն օդանաւակայանում յարձակման է ենթարկւել Մարդկանց տաճար աղանդի հետեւորդների կողմից: Յարձակման արդիւնքում կոնգրեսական Ռայանի հետ միասին զոհւել էր եւս չորս մարդ: Երիտասարդ Սփիր-Կանչելեանը հրազէնային հինգ վնասւածքներով 22 ժամ սպասել է օգնութեանը: 2008 թւականից ի վեր դեմոկրատ Ջէքի Սփիր-Կանչելեանը կոնգրեսական է, իսկ վերջին տարիներին հանդիսանում է նաեւ Կոնգրեսում հայ-ամերիկեան բարեկամութեան խմբի համանախագահ:

56-ամեայ Դանիէլ Թարխանեանը Նեւադայում Հանրապետական կուսակցութեան թեկնածուն է: Դանիէլի հայրը Ջերի Թարխանեանը Լաս Վեգասում տեղի բնակիչների համար լեգենդ էր: 1973-ին դառնալով տեղի համալսարանի բասկետբոլի թիմի մարզիչը՝ նա գրեթէ երկու տասնամեակ իր թիմը ԱՄՆ-ի քոլեջի բասկետբոլի չեմպիոնի էր հասցնում: Ինքը՝ Դանիէլ կամ Դենի Թարխանեանը ստացել է անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցութիւնը եւ համոզւած է, որ նոյեմբերի 6-ին յաղթելու է:

Կոնգրեսի հայ թեկնածուներից առաւել երիտասարդը՝ Էնթոնի Բրինդիսին ծնւել է 1978-ին: Աւարտելով անւանի Ալբանիի իրաւունքի դպրոցը՝ Բրինդիսին աշխատել է հօր հիմնադրած իրաւաբանական ընկերութիւնում, այնուհետեւ 2011-ից ներկայացւած է եղել Նիւ Եօրքի նահանգային խորհրդարանում: Հարցումների համաձայն, Բրինդիսին ունի յաղթելու հնարաւորութիւն, մէկ տոկոսով առաջ անցնելով իր մրցակից հանրապետական Քլոդիա Թենիից:

Բազմաթիւ ամերիկահայեր նոյեմբերի 6-ին պայքարելու են նաեւ նահանգային խորհրդարաններում եւ քաղաքային խորհուրդներում ներկայացւած լինելու համար: Կալիֆորնիայից մինչեւ Նիւ Ջըրզի, Մերիլենդից մինչեւ Մէյն, Նիւ Համշիր, Քենթաքի եւ Ռոդ Այլենդ՝ բազմաթիւ նահանգներում ներկայացւած են լինելու Միացեալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։