Հա
09/01/2019 - 12:30

Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019-ին լայն թափով կը վերականգնւեն ազգային կառոյցները

Սիրիայի հայ համայնքը 2019 թւականին լայն թափով իրականացնելու է ազգային կառոյցների վերականգնման աշխատանքը: Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը, 2018-ին այդ ուղղութեամբ զգալի աշխատանք է իրականացւել, ինչն էլ ակտիւօրէն շարունակւելու է այս տարի:

«alikonline.ir» - Սիրիայի հայ համայնքը 2019 թւականին լայն թափով իրականացնելու է ազգային կառոյցների վերականգնման աշխատանքը: Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը, 2018-ին այդ ուղղութեամբ զգալի աշխատանք է իրականացւել, ինչն էլ ակտիւօրէն շարունակւելու է այս տարի:

«Մենք ակնկալում ենք, որ 2019-ն աշխարհի համար կը լինի խաղաղ տարի: Հալէպի ազատագրումից յետոյ սկսւեց վերականգնման գործընթաց: Կարող ենք ասել, որ կեանքը խաղաղ ընթացքի է վերադարձել: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը յայտարարեց վերականգնման աշխատանքների մասին, դրանք սկսւել են եւ ընթացքի մէջ են: Պէտք է նկատել, որ այդ վերականգնման գործընթացը միայն հայ համայնքում չէ, Սիրիայի իշխանութիւնն է այդ գործին ձեռնամուխ եղել»,- ասաց Ժիրայր Ռէիսեանը:

Հայ համայնքի հետ կապւած` Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ մի շարք կառոյցներ արդեն վերականգնւել են: Նախ` ամբողջութեամբ վերականգնւել է Հալէպի հայ ազգային պատսպարանը: Այնուհետեւ ազգային «Քարեն Եփփէ» ճեմարանի մասնաշէնքերից մէկը, եւ այնտեղ շարունակւել ուսումնական կեանքը:

Նախորդ տարի վերականգնւել է նաեւ Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, Հայ Աւետարանական Էմմանուէլ եկեղեցին, ինչպէս նաեւ Հալէպի Կիլիկեան վարժարանը:

Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ այդ վերականգնման աշխատանքները մեծ թափով շարունակւելու են 2019-ին: Ըստ առաջնահերթութեան՝ վերականգնւելու են բոլոր կառոյցները: Ժիրայր Ռէիսեանը նկատեց, որ Հալէպում ակտիւացել է խանութների, արտադրամասերի բացման գործընթացը:

«Նրանց թւում նաեւ հայերի խանութներ ու արտադրամասեր են: Այսինքն՝ կարող ենք ասել, որ արդիւնաբերական բաժինը ևս վերականգնւում է, միգուցէ ոչ ամբողջ ծաւալով, որովհետեւ ի վերջոյ, շատ արտադրամասեր վնասւած են, կորուստներ կան, ամէն դէպքում, քիչ-քիչ վերականգնւում է»,- ասաց նա:

Այս բոլորի կողքին, Ժիրայր Ռէիսեանը նշեց նաև Հալէպ հայերի վերադարձի մասին: Շատերը վերադառնում են Հալէպ՝ իրենց բնակարանները, իրենց գործատեղերը: Վերադառնում են եւ՛ երկրի ներսում տեղաշարժւածները, եւ՛ Սիրիայից դուրս գնացածները:

Հալէպում նախորդ տարի վերականգնւել են նաեւ ենթակառուցւածքները: Ջրամատակարարումը վերականգնւած է, էլեկտրաէներգիան օրւայ կարեւոր ժամերին արդէն կայ: Հանրային ծառայութեան միւս բաժինները եւս բնականոն աշխատում են:

«Հալէպի ազատագրումից յետոյ Սիրիայի բանակը յաջորդաբար արձանագրած յաղթանակներով ազատագրեց երկրի վտանգւած շրջանները, և այդ գործընթացը շարունակւում է: 2018-ին իսկապէս նկատելի էին խաղաղութեան վերահաստմանն ուղղւած բոլոր աշխատանքները: Տարեվերջին եղաւ որոշում ամերիկեան ուժերը դուրս բերելու մասին, որին հետեւեցին որոշ գործնական քայլեր: Այժմ ակնկալում ենք, որ կանխւի թուրքական ներխուժումը եւ որ վերջնական թուրքական ուժերը դուրս գան սիրիական հողերից: Թուրքիայի ներկայութիւնը ցոյց տւեց, որ մեծ վնասներ հասցւեցին՝ կապւած թէ մարդկային կորուստների հետ, թէ կողոպուտի, թալանի հետ»,- յաւելեց Ժիրայր Ռէիսեանը:

Նա անդրադարձաւ նաեւ Հայաստանում կառավարման համակարգում փոփոխութիւններին, նախարարութիւնների թւի կրճատմանը, որոնց թւում է նաեւ Սփիւռքի նախարարութիւնը: Նա այդ առնչութեամբ իր մտահոգութիւնը յայտնեց՝ ընդգծելով Սփիւռքի նախարարութեան կարեւորութիւնը: 

«Ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է Սփիւռքի նախարարութեան լուծարումը: Այս կառոյցը մեծ թւով հայերի հետ գործ ունի, մեծ դերակատարում ունի Հայրենիք- Սփիւռք կապերի ամրապնդման գործում: Սփիւռքի նախարարութեան կարեւորութեան մասին դեռ շատ բան կարելի է ասել: Արժէ նաեւ հարց ուղղել այդ ծրագիրը իրագործողներին՝ թէ արդեօ՞ք այս նիւթը քննարկւել է Սփիւռքի պատասխանատու, հեղինակաւոր անձանց հետ: Ուշագրաւ է նաեւ Մշակոյթի նախարարութեան պարագան: Նախատեսւում է այն միացնել մէկ այլ նախարարութեան: Մշակոյթը ժողովրդի հայելին է, երջանկայիշատակ Գարեգին Վեհափառը յաճախ էր ասում, որ մշակոյթը յաղթանակի ճանապարհն է»,- յաւելեց Ժիրայր Ռէիսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։