Հա
09/01/2019 - 08:40

Ստամբուլի հայաշատ շրջանում փոխել են փողոցներից մէկի հայկական անւանումը

Պոլսահայ համայնքի ակտիւ գործիչներից Նազարէթ Դաւիթեանն իր ֆէյսբուքեան էջում տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնւող Տատեան փողոցից անհետացել է փողոցի «Տատեան» անունը մատնանշող ցուցանակը եւ դրա փոխարէն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է յայտնւել։

«alikonline.ir» - Պոլսահայ համայնքի ակտիւ գործիչներից Նազարէթ Դաւիթեանն իր ֆէյսբուքեան էջում տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնւող Տատեան փողոցից անհետացել է փողոցի «Տատեան» անունը մատնանշող ցուցանակը եւ դրա փոխարէն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է յայտնւել։ Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը:

Նրա խօսքով մի քանի տարի առաջ հայերի շրջանում մեծ ոգեւորութիւն էր առաջացրել փողոցը յայտնի հայկական Տատեան գերդաստանի պատւին անւանակոչելու հանգամանքը։ Այդ փողոցում են գտնւում Սուրբ Աստւածածին հայկական եկեղեցին եւ Տատեան վարժարանը։

Փողոցը «Տատեան» անւանելուց յետոյ, չնայած ազգայնականների բարձրացրած դժգոհութիւններին, քաղաքային իշխանութիւնները տեղի չտւեցին եւ հաստատեցին հայկական Տատեան անւանումը։

Բայց այժմ անհասկանալի պայմաններում «Տատեան» գրութեամբ ցուցանակն անհետացել է եւ փողոցն անւանափոխւել է որպէս Մաբեթի փողոց։

Յիշեցնենք, որ Տատեանները 18-20-րդ դարերում Օսմանեան կայսրութիւնում պետական, հայ ազգային հասարակական գործիչներ, նշանաւոր մտաւորականներ են եղել։ Ուսումնասիրողները Սուլթան Մահմուդի գահակալութեան շրջանն անւանել են «Տատեան դար»։ Տատեանները նիւթական միջոցներ են տրամադրել Վենետիկի Մխիթարեաններին, ազդեցիկ դեր խաղացել Կոստանդնուպոլսի հայ համայնքի կրօնական եւ մշակութային կեանքում։ Տատեանների ամառանոցում ստորագրւել է Սան Ստեֆանոյի ռուս-թուրքական պայմանագիրը (1878)։

Տատեանների նախահայրը՝ արհեստաւոր Մահտեսի Առաքել Տատեանը (1753-1812) Կոստանդնուպոլիս է գաղթել Ակն գաւառի Ապուչեխ գիւղից։ 1795 թւականին ստացել է ամիրայի կոչում եւ նշանակւել Օսմանեան կայսրութեան արքունի վառոդապետ։ Այնուհետեւ, շուրջ 75 տարի Տատեանների շառաւիղները ղեկավարել են Օսմանեան պետութեան զինագործարանները, թղթի արտադրութիւնը, բանակի հանդերձաւորումը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։