Հա
10/01/2019 - 11:00

Բաշշար Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի եւ Հայաստանում հաստատւած սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բաւական կառուցողական ու ջերմ մթնոլորտում:

«alikonline.ir» - Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի եւ Հայաստանում հաստատւած սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բաւական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխաւորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղեանը, ով «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ներկայացրեց մանրամասներ հանդիպումից:

Ջորջ Բարսեղեանը նշեց, որ ակտիւութիւնը սկսւեց Հայաստանում Սիրիայի նոր դեսպան նշանակւելուց յետոյ: Դեսպանատան նոր կազմն սկսեց ակտիւ աշխատել Հայաստանում Սիրիայի հայ համայնքի հետ: Այդ ժամանակ ընտրւեց Հայաստանում սիրիահայ համայնքի վարչութիւն, որը գլխաւորեց Ջորջ Բարսեղեանը: 

«Հարց դրւեց, որ այս վարչութիւնն ակտիւացնի Սիրիա-Հայաստան կապերը: Առաջին քայլն այն եղաւ, որ հանդիպում խնդրեցինք Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ: Շատ արագ դրական արձագանք եղաւ: Հանդիպում նախատեսւեց ոչ միայն Սիրիայի նախագահի, այլեւ երկրի այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ: Վարչութիւնը պատւիրակութիւն կազմեց, որում ընդգրկւած էին սիրիահայեր, հայաստանցի գործարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ»,- ասաց Ջորջ Բարսեղեանը: 

Նա նկատեց, որ Սիրիայի թնջուկը, կարծես, լուծում է ստանում: Բարեբախտաբար, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի իշխանութիւնը կարողացաւ ստեղծւած իրավիճակը յաղթահարել: ԱՄՆ-ն մտածում է զօրքերը դուրս բերելու մասին եւ արդէն գործնական քայլեր է ձեռնարկում: Մի շարք արաբական երկրներ էլ մտածում են Սիրիայում դեսպանատները բացելու մասին: Այս ամէնը ենթադրում է Սիրիայի վերականգնում, իսկ դրա համար բաւական խոշոր տնտեսական ծրագրեր են նախատեսւած: 

«Սիրիական կառավարութիւնը տրամադրւած է այս ծրագրերում առաջնահերթութիւնը տալ այն երկրներին, որոնք այս տարիներին իրենց կողքն են եղել: Դրանց թւում Հայաստանն է, որը պատերազմի տարիներին դեսպանատունը չփակեց, պետական կապը միշտ պահպանեց, օգնութիւն ուղարկեց Սիրիա: Եւ առաջիկայ վերելքի ընթացքում, բիզնես ծրագրերում, վերականգնման աշխատանքներում առաջնահերութիւն տրւելու է հայերին»,- ասաց Ջորջ Բարսեղեանը: Նա նկատեց, որ Սիրիայի կառավարութիւնը մեծ նշանակութիւն է տալիս հայկական համայնքին, այդ մասին միշտ է ասւել: Ջորջ Բարսեղեանը պատահական չհամարեց այն, որ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը խոստացաւ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին իր միջոցներով վերականգնել:

Սիրիա կատարած այցելութեան ընթացքում հանդիպումներ են եղել վարչապետի, խորհրդարանի նախագահի, բիզնես ոլորտի ընկերութիւնների հետ: Նախանշւել են ուղղութիւններ հետագայ համագործակցութեան համար:

«Մեր այցելութիւնը մի քանի նպատակ ունէր: Նախ` Հայաստան-Սիրիա կապերի ակտիւացումն ու ամրապնդումը: Դրանից բացի, ցանկանում էինք մեր աջակցութիւնը յայտնել Սիրիայի նախագահին ու կառավարութեանը: Հայաստանն այն իւրայատուկ երկրներից է, որի հասարակութեան մեծ մասը Սիրիայի ներկայ կառավարութեան կողմնակիցն է, ի վերջոյ մենք այդ իշխանութեան կառավարման ժամանակ կարողացել ենք բաւական յաջողութեան հասնել: Պատշաճ առիթ էր մեր աջակցութիւնը ցոյց տալու: Ի վերջոյ, մենք Սիրիայում ունենք հայ համայնք՝ լինի Հալէպում, Դամասկոսում, Ղամիշլիում, թէ Լաթաքիայում: Տեղի հայերը շատ լաւ յարաբերութիւնների մէջ իշխանութիւնների հետ, մենք պէտք է նաեւ այդ մասին մտածենք»,- ասաց Ջորջ Բարսեղեանը: 

Բաշշար Ասադի հետ հանդիպումը նշանաւորւել է խորհրդանշական նւէրի փոխանցմամբ: Սիրիայի նախագահին է փոխանցւել Հայաստանում գտնւող մի յուշարձանի մանրակերտ, որը խորհրդանշում է հայերի երախտագիտութիւնը Սիրիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան տարիներին տրամադրւած մեծ աջակցութեան համար: Յուշարձանը գտնւում է դէպի «Զւարթնոց» օդանաւակայան տանող ճանապարհին, այն կառուցւել սփիւռաքահայերի միջոցներով: Յուշարձանը պատկերում է Սիրիայի քարտէզը, հայկական արծիւը, հաւէրժութեան սիւնը, որի վրայ գրւած է 1915 թւական: 2013 թւականին տեղի է ունեցել յուշարձանի ոչ պաշտօնական բացումը: 

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը դեկտեմբերի վերջին իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատւած սիրիահայերի պատւիրակութեանը, Հայաստանի գործարարներին՝ Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղեանի գլխաւորութեամբ:

Հանդիպման ժամանակ քննարկումները ծաւալւել են Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի վերակառուցման գործընթացի շուրջ: Գործարարները ցանկութիւն են յայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման գործընթացին: Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի բարեկամ Հայաստանի Հանրապետութեան սկզբունքային դիրքորոշումը եւ երկրի դէմ սանձազերծւած ահաբեկչական պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած աջակցութիւնը թոյլ է տալիս, որ Հայաստանը լինի առաջատար երկրներից մէկը, որոնք արդար իրաւունք ունեն մասնակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին:

Յարակից լուրեր

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • Փաշինեանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
    Փաշինեանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլաւ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը:

  • Հանդիպում-ընդունելութիւն` ՀՅԴ Բիւրոյի նորընտիր ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ
    Հանդիպում-ընդունելութիւն` ՀՅԴ Բիւրոյի նորընտիր ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին հրաւէրով, երէկ` երեքշաբթի, 12 մարտ 2019-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, Մարաշի հայրենակցական միութեան «Գերմանիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ հանդիպում-ընդունելութիւն` ՀՅԴ Բիւրոյի նորընտիր ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, մարտի 11-ի երեկնապահին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցը ոգեկոչող կենտրոնական յանձնախմբի անդամներին:

  • ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահի հանդիպումները խորհրդարանում
    ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահի հանդիպումները խորհրդարանում

    ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը մարտի 12-ին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռուբէն Ռուբինեանի, ԱԺ եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արման Եղոյեանի, ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սփիւռքի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։