Հա
19/01/2019 - 09:20

«Ալերգիա» հայկական անուններից. Բագրատ Էստուկեանն անդրադարձել է Ստամբուլում հայկական անւամբ փողոցի անւանափոխութեանը

Թուրքիայի հայ համայնքի համար շարունակում են օրակարգային հարցեր մնալ Հայոց պատրիարքի, ինչպէս նաեւ համայնքային հաստատութիւնների վարչութիւնների ընտրութիւնները: Այս եւ այլ հարցերի վերաբերեալ «Արմէնպրես»-ը զրուցել է «Ակօս» պարբերականի հայերէն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկեանի հետ:

«alikonline.ir» - Թուրքիայի հայ համայնքի համար շարունակում են օրակարգային հարցեր մնալ Հայոց պատրիարքի, ինչպէս նաեւ համայնքային հաստատութիւնների վարչութիւնների ընտրութիւնները: Այս եւ այլ հարցերի վերաբերեալ «Արմէնպրես»-ը զրուցել է «Ակօս» պարբերականի հայերէն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկեանի հետ:

 

- Պարոն Էստուկյան, 2019 թւականին Թուրքիայի հայ համայնքի համար ինչ օրակարգային հարցեր կան ծառացած:

- Վերջին 10 տարիներին շատ յստակ օրակարգային հարց կայ, այն է՝ պատրիարքի ընտրութիւնը: Գիտէք, որ երկար ժամանակ է Հայոց պատրիարք տէր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանը հիւանդ է, գիտակցութիւնը կորցրել է եւ չի կարող պաշտօնով պայմանաւորւած իր պարտականութիւնը կատարել: Հետեւաբար` պատրիարքական աթոռը թափուր է: Փոխանորդ նշանակւել է, սակայն նա ընտրւած չէ: Հետեւաբար, չենք կարող իրենից ակնկալել պատրիարքի պարտականութիւններ: Սա մեզ համար կարեւոր խնդիր է:

Սրանից բացի, խնդիր կայ՝ կապւած համայնքային հաստատութիւնների վարչութիւնների ընտրութիւնների հետ: Տեւական ժամանակ է, այդ ընտրութիւնները չեն կայանում: Մեզ մօտ ունենք աւելի քան 35 հաստատութիւն, որոնց վարչութիւններն ընտրւում են ժողովրդի ձայնով: Պետութիւնն արգելք է դառնում մեզ համար, պատճառաբանում է նոր կանոնագրի ձեւաւորումը, որը մինչ այսօր արւած չէ, հետեւաբար ստիպւած սպասում ենք այդ նոր կանոնագրին: Ի դէպ, այս խնդիրը միայն մերը չէ, դրա հետ առնչւում են նաեւ յույները, հրեաները: Իրենք էլ մեզ նման դեռ զրկւած են այդ իրաւունքից:

Այս ընտրութիւնների կայացումը մեզ համար կարեւոր է, որովհետեւ դրանց չկայանալը համայնքում միասնականութեան բացակայութեան պատճառ է դարձել: Համայնքում բեւեռացում կայ, ինչը մեր բոլոր աշխատանքները դժւարացնում է, այս բոլորը առաջնորդի պակասից են ծագում:

 

- Իսկ նախադրեալներ կա՞ն, որ առաջընթաց կը լինի այդ երկու հարցերի հետ կապւած:

- Շատ յստակ նախադրեալներ, ակնկալիքներ չկան, որովհետեւ յստակ պահանջատիրութիւն չկայ իշխանաւորների կողմից: Իշխանաւոր ասելով՝ նկատի ունեմ պատրիարքարանի եկեղեցին, մի շարք կարեւոր հաստատութիւնների ներկայացուցիչների: Յայտարարութիւնների ժամանակ նշում են, որ իրենք էլ ցանկանում են պատրիարքի ընտրութիւններ, սակայն քայլերի չեն դիմում:

 

- Ասացէք խնդրեմ, Թուրքիայում հայկական կրթական հաստատութիւնները պահելու հետ կապւած ի՞նչ անելիքներ կան ընթացիկ տարում: Ինչի՞ աջակցութեան կամ ինչի՞ պակասի կարիք ունեն հայկական դպրոցները:

- Այդ խնդիրներն աւանդաբար իրենց լուծումը գտնում են: Պէտք է խոստովանել, որոշ յետընթաց կայ հայախօսութեան, հայկական վարժարան յաճախելու առումով: Տարբեր տարիքային աշակերտների թիւն է նւազել: Ամէն դէպքում հայկական կրթական հաստատութիւնների ուսումնական գործընթացը կազմակերպւում է, բնականոն հունով աշխատանքները շարունակւում են: Ինչ վերաբերում է նոր գրականութեան, ուսուցիչների վերապատրաստման հարցերին, ապա այդ առումով միշտ անելիք կայ: Դպրոցներն իրենց ուսուցիչներին վերապատրաստելու համար տարբեր նախաձեռնութիւններով են հանդէս գալիս:

 

- Պարոն Էստուկեան, մօտենում է Հրանտ Դինքի սպանութեան տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ կան նախատեսւած:

- Մենք աւանդաբար այս տարիների ընթացքում այդ օրը ոչ մի միջոցառման նախաձեռնող չենք եղել: Մեզնից անկախ տարբեր կազմակերպութիւններ միջոցառումներով են հանդէս գալիս, որոնց մենք էլ մեր մասնակցութիւնն ենք ունենում: Մենք երբեք կազմակերպիչ չենք եղել: Այս տարի հիմնական զանգւածային յիշատակի միջոցառում կը լինի «Ակօս»-ի նախկին խմբագրատան շէնքի առջեւ: Ներկայ կը լինեն հազարաւոր մարդիկ եւ այդտեղ այդ օրը խորհրդանշող պատգամ կը փոխանցւի: Յիշատակի միջոցառումներ կը լինեն նաեւ Թուրքիայի տարբեր քաղաքներում:

Ուզում եմ ասել, որ սպանութիւնից քանի տարի անց մենք ունենք հետեւեալը՝ պետութիւնն իր գործած ոճիրների համար հաշիւ չի տալիս, քողարկում է: Հրանտ Դինքի սպանութեան ոճիրն էլ բացառութիւն չի կազմում:

 

- Պարոն Էստուկեան, մենք այս օրերին տեսնում ենք, թէ հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր Կարօ Փայլանն ինչպէս է հետապնդումների ենթարկւում: Սա, ըստ ձեզ, ինչի՞ կարող է յանգեցնել:

- Կարօ Փայլանի անդամակցած կուսակցութեան ղեկավարը բանտում է, նրանից բացի, այլ գործիչներ եւս բանտում են: Հետեւաբար` չեմ բացառում, որ այս համատեքստում Կարօ Փայլանի համար եւս սպառնալիք լինի: Հիմա փորձ է արւում նրան անձեռնմխելիութիւնից զրկել: Կարոյի ելոյթներն իշխանութիւններին մտահոգում են, նրա ելոյթների հետ հաշտւելն իրենց համար երկրին ուղղւած վտանգի սպառնալիքին հաւասար է: Կարոն նոյնպէս Հրանտի նման Հայոց Ցեղասպանութեան հարցն է բարձրացնում:

 

- Մի հարց էլ Ստամբուլում հայկական անունով փողոցի անւանափոխութեան մասին: Տեղեկատւութիւն եղաւ, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում Տատեան փողոցը թուրքական անւամբ փոխարինելու որոշում կայ: Այս քայլն, ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Այն աննշան փողոց է, որը հայկական եկեղեցու եւ դպրոցի միջեւ է գտնւում: Փողոցի հայկական անունը շատ տեղին էր դրւած եւ համարժէք էր, որովհետեւ Տատեանը դպրոցի հիմնադիրն էր: Տեղական մարմինը որոշեց անւանափոխութիւն անել: Ես կարող եմ ասել, որ Թուրքիայի հիմնական քաղաքական միտքը հիմնւած է հայատեացութեան վրայ: Որոշ շրջանակներ միգուցէ ձերբազատւում են այդ ըմբռնումից, սակայն իշխող ընդհանուր գաղափարախօսութիւնը հիմնւած է դրա վրայ: Հետեւաբար` փողոցի անւանումը փոխելը պատահական չէ, մենք իրավիճակը ներկայացրեցինք այսպէս՝ «ալերգիա» հայկական անունից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։