Հա
30/01/2019 - 10:10

«Մենք իրագործեցինք ամերիկեան երազանքը». Ալին Քեշիշեանը պատմել է իր ընտանիքի մասին

Սելենա Գոմէզի եւ Նատալի Պորտմանի պրոդիւսերը պատմել է, որ իր ծնողներն աշխատասէր մարդիկ են եղել, որոնք իրագործել են ամերիկեան երազանքը` 1968 թ.-ին Բէյրութից արտագաղթելով Բոստոն։

«alikonline.ir» - Սելենա Գոմէզի եւ Նատալի Պորտմանի պրոդիւսերը պատմել է, որ իր ծնողներն աշխատասէր մարդիկ են եղել, որոնք իրագործել են ամերիկեան երազանքը` 1968 թ.-ին Բէյրութից արտագաղթելով Բոստոն։

Պրոդիւսեր Ալին Քեշիշեանի` «Lighthouse Management & Media»-ի հիմնադրի եւ գլխաւոր տնօրէնի առաջին յաճախորդը եղել է աշխարհահռչակ դերասանուհի Նատալի Պորտմանը։ Աւելի ուշ յաճախորդների շարքում են յայտնվել Ջենիֆէր Էնիսթոնը, Ջոշ Գեդը, Թոֆեր Գրէյսը, Բիլի Կրուդապը, Ջասթին Տերուն, Էմիլին Մորտիմերը, Քեթրին Խանը, սցենարիստ եւ հեռուստապրոդիւսեր Մայա Ֆորբսը, Ուոլի Վոլոդարսկին եւ ռեժիսոր Ջեսի Պերէցը։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիան:

Քեշիշեանի գրագէտ կառավարման շնորհիւ Նատալի Պորտմանն արժանացել է «Օսկար»-ի «Սեւ կարապ» ֆիլմում կնոջ լաւագոյն դերի համար։ Չորս տարի առաջ Սելենա Գոմէզը Քեշիշեանին խնդրել է դառնալ իր մենեջերը։ Դրանից յետոյ նրա «Good For You», «Same Old Love» «Hands to Myself» հիթերը դարձել են 2018 թ.-ին ամենաշատ վաճառւած երաժշտական արտադրանքը։ 

Տպաւորիչ յաջողութիւններից բացի, նա գերազանցութեամբ աւարտել է Հարվարդը։

«Forbes»-ին տւած հարցազրոյցում Քեշիշեանը պատմել է իր աշխատանքի եւ ընտանիքի, հայկական աւանդոյթների եւ արմատների մասին։

Հարցին, թէ ինչպէս են կրթութիւնը եւ դաստիարակութիւնն օգնել հասնել մեծ յաջողութեան, Քեշիշեանը պատասխանել է. «Ծնողներս ամենակարեւոր գործօնն են եղել։ Նրանք աշխատասէր մարդիկ են, որոնք իրագործել են իրենց ամերիկեան երազանքը` 1968 թ.-ին Բէյրութից արտագաղթելով Բոստոն, որպէսզի ես ու եղբայրս կարողանանք լաւ կրթութիւն ստանալ։ Նրանք խօսել են հինգ լեզւով եւ շատ յաւակնոտ են եղել։ Նրանք մասնակցել են ամերիկացիների կեանքին, եւ հայրս, որը յաջողակ մանկավարժ եւ գրող էր Բէյրութում, պէտք է այստեղ վերապատրաստում անցնէր եւ արտօնագրւած բժիշկ դառնար ԱՄՆ-ում»։

«Թէեւ ես ու եղբայրս մեծացել ենք Մանչեսթերում` Հիւսիսային Կարոլինա նահանգում, ծնողներս շատ են հպարտացել իրենց հայկական արմատներով, շատ նւիրւած են եղել հայկական ժառանգութեանը եւ մշակոյթին։ Նրանք ուղղակի հասկացել են, որ մենք գրելու եւ կարդալու ենք երկու լեզւով, որ մենք իմանալու ենք երկու երկրների պատմութիւնը եւ լրացուցիչ ժամեր են ծախսելու, որպէսզի սովորենք դպրոցում եւ տանը»,- ասել է Քեշիշեանը։

Նա պատմել է, որ ամուսնուն հանդիպել է ուսման ժամանակ։

«Քոլեջի մեր բոլոր ընկերները նախկինի նման մեր լաւագոյն ընկերներն են, եւ ես ներկայացրել եմ նրանցից մի քանիսի շահերը»,- ասել է պրոդիւսերը։

«Ես կարող եմ բացարձակապէս կախւած չլինել իմ ամուսնուց, լինի դա եկամուտ թէ, կարգավիճակ կամ ինչ-որ այլ բան։ Ես կարող եմ անել այն ամէնը, ինչ կարող են իրենց թոյլ տալ տղամարդիկ։ Բայց ես ամուսնացել եմ, մենք երեխաներ ունենք։ Իմ բախտն այդ հարցում բերել է»,- ասել է Քեշիշեանը։

Հարցին, թէ ինչ է պէտք անել յայտնի ու ազդեցիկ մարդկանց հետ աշխատելիս աստղային հիւանդութեամբ չվարակւելու համար, Քեշիշեանը պատասխանել է. «Նոյնիսկ այն մարդիկ, որոնք ընդամենը մի քանի տարի են զբաղւում բիզնեսով, գիտեն, որ լինում են վերելքներ եւ վայրէջքներ, որ կան աստղեր, որոնք այսօր մեծ պարգեւներ ու աշխատավարձեր են ստանում, իսկ վաղը պէտք է պայքարեն դրա համար։ Բիզնեսում արագ հասկանում ես, որ լինելու են յաջողութիւններ եւ ձախողումներ բոլորի համար»։

Նա նաեւ պատմել է իր կեանքի ամենածանր րոպէների մասին. «2018 թ.-ին հօրս կորուստն անհաւանական բարդ շրջան էր ինձ համար։ Նա 87 տարեկան էր։ Հայրս զարմանալի կեանք է ունեցել։ Նա միշտ իմ ամենամեծ երկրպագուն է եղել, ուստի նրան հրաժեշտ տալը կործանարար էր։ Բայց այդ ընթացքում ես հանդիպեցի անհաւանական մարդկանց։ Ե՛ւ իմ յաճախորդները, եւ՛ ընկերներս, որոնց հետ ամէն օր աշխատում եմ, համախմբւեցին իմ շուրջ»։

Քեշիշեանը պատմել է նաեւ իր աշխատանքի սկզբունքների մասին, թէ որքան կարեւոր է յստակ հասկանալ` ինչն է լաւ, իսկ ինչը` ոչ։

«Ես շնորհակալ եմ մօրս, որ նա ինձ համար ամէն օր օրինակ է ծառայել։ Նա իրաւաբան չէ, երբեք չի գնացել իրաւաբանական դպրոց։ Բայց գիտի խօսքի, համոզելու ուժը եւ միշտ պատրաստ է պաշտպանել իրեն եւ միւսներին։ Նրա անունն է Սեսիլ Քեշիշեան։ Հիմա 80 տարեկան է եւ դեռ լի է աւիւնով եւ էներգիայով»,- ասել է Ալինը։

Վերջում աւելացրել է. «Յուսով եմ, որ երեխաներս կը յիշեն ամուսնուս եւ ինձ այնպէս, ինչպէս ես յիշում եմ իմ ծնողներին` որպէս ընտանիքին նւիրւած, աշխատասէր, եռանդուն, ազնիւ, անկեղծ մարդկանց»։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։