Հա
23/02/2019 - 08:30

Ով տեսել է գաղթը, երբեք չի մոռանայ. Արգենտինայում մահացել է Ցեղասպանութիւնը վերապրած հայը

Հայոց ցեղասպանութեան վերջին ականատեսներից մէկը արգենտինական մամուլին պարբերաբար պատմել է իրենց ապրած սարսափի մանրամասները։

106 տարեկանում կեանքից հեռացել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած վերջին մոհիկաններից մէկը։ Լուսին Բերեջիկեան-Խաչերեանը մահացել է փետրւարի 20-ին Արգենտինայում։

«alikonline.ir» - Հայոց ցեղասպանութեան վերջին ականատեսներից մէկը արգենտինական մամուլին պարբերաբար պատմել է իրենց ապրած սարսափի մանրամասները։

106 տարեկանում կեանքից հեռացել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած վերջին մոհիկաններից մէկը։ Լուսին Բերեջիկեան-Խաչերեանը մահացել է փետրւարի 20-ին Արգենտինայում։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Լուսինը ծնւել է 1913 թ.-ի յունւարի 7-ին, Արեւմտեան Հայաստանի Այնթապ գաւառում։ «Աւելի լաւ է ոչինչ չյիշել: Երբ յիշում եմ, չեմ կարողանում քնել»,- ասել է նա 2015-ին` Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին «Telefé Noticias»-ին տւած հարցազրոյցում: Փոքրիկ Լուսինն իր ընտանիքի հետ հայրենի գիւղը թողել ու գաղթական էր դարձել Օսմանեան կայսրութեան կողմից իրականացրած Ցեղասպանութեան ու հայերի տեղահանման պատճառով։

Հայրը` Աբրահամը, ոսկերիչ էր։ Խառնակ տարիներին նա իր աւագ որդիներին ուղարկում է Սիրիա։ Շուտով, ցաւօք, Աբրահամը հիւանդանում է։ Ազգութեամբ թուրք նրա մի քանի ընկերները փորձում են օգնել հային։ Նրանք կառք են գտնում, որպէսզի Աբրահամն ընտանիքով կարողանայ փախչել: «Երբ մենք ճանապարհ էինք ընկել, զինւորականները կանգնեցրին կառքը եւ բոլորիս իջեցրին: Նրանք մեզնից ոսկի էին պահանջում: Մայրս մի քանի ոսկու ձուլակտոր էր թաքցրել բարձերի մէջ։ Զինւորները քրքրեցին ու ստուգեցին մեր իրերը եւ գտան ոսկիները. նրանք ուզում էին մեզանից խլել ամէն ինչ: Մայրս սկսեց լաց լինել, նա ասում էր`ինչպէ՞ս մենք կապրենք առանց այդ խնայողութիւնների: Ճամփորդութեան համար մենք որոշ սնունդ ունէինք, որը նրանք նոյնպէս վերցրին: Մնացինք առանց ուտելիքի, բայց կարողացանք հասնել Հալէպ: Մայրս չփրկւեց: Նա յղի էր, արիւնահոսութիւն սկսւեց, եւ մայրս մահացաւ ճանապարհին»,- պատմել է Լուսինը պարբերականին:

Յետոյ, Առաջին Համաշխարհային պատերազմի աւարտին նրանք մեծ յոյսով ու ակնկալիքով վերադառնում են իրենց գիւղ: Այն աւերակների էր վերածւել... Թուրքական իշխանութիւնները նրանց գնացք են նստեցնում եւ կրկին աքսորում:

Լուսինը յիշում է. «Գնացքը կանգ առաւ մի անհիւրընկալ եւ խաւար վայրում: Հայրս  ոսկի տւեց պահակին, որպէսզի մեզ թոյլ տայ գնանք: Դա մի ամայի վայր էր: Մենք սկսեցինք քայլել դէպի միակ լոյսը, որ տեսանելի էր: Երբ հասանք, տեսանք, որ դա մի հսկայական պահեստ էր, որը լի էր հայերով: Բոլորը իրար սեղմւած էին: Մի քանի օր այնտեղ անցկացնելուց յետոյ հայրս ասաց, որ մենք չենք կարող այստեղ մնալ: Նա որոշեց գնալ Դամասկոս: Ճանապարհին հանդիպում էինք մարդկանց, որոնք նոյնպէս փախչում էին: Մի կնոջ եմ յիշում, որն անդադար լալիս էր. նրա երեխաներն ու ամուսինը սպանւել էին: Հայրս նրան խնդրեց, որ հոգ տանի իմ մասին, քանի որ ես ամենափոքրն էի: Եւ այդ կինն ինձ խնամում էր դէպի Դամասկոս ողջ ճանապարհի ընթացքում»:

Հայրը` Աբրահամը, մահանում է Դամասկոսում, իսկ եղբայրներն այդ ժամանակ արդէն մեկնել էին Արգենտինա: Լուսինը եւ նրա աւագ քոյրը մնում են Դամասկոսում, մինչեւ նրա 16 տարին լրանալը եւ միայն 1929 թ.-ին  որոշում են մեկնել Հարաւային Ամերիկա:

«Նա, ով տեսել է գաղթն ու Ցեղասպանութիւնը, երբեք չի կարող մոռանալ դա: Մենք շատ վատ ժամանակներ ենք ապրել առանց մօր ու առանց հօր: Ցեղասպանութիւնը երբեք չի մոռացւի»,- ասել է նա «La Nación» պարբերականի հետ հարցազրոյցի ժամանակ:

Լուսին Բերեջիկեան-Խաչերեանը պատմել է, որ ինքնուրոյն է սովորել իսպաներէն խօսել, երբ ժամանել էր երկիր եւ բնակութիւն հաստատել Բուէնոս Այրէսի Պալերմոյի թաղամասում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։