Հա
07/03/2019 - 10:20

Պատրիարքի յոբելեանական գարունը. Էդւարդ Ջերեջեան հայը եւ դիւանագէտը

Ամերիկեան դիւանագիտութեան եւ քաղաքականութեան առանցքային դէմքերից մէկը` Էդւարդ Ջերեջեանը, տօնում է 80-ամեայ յոբելեանը։ Որպէս Հայոց Ցեղասպանութիւնից անհաւանական պատահականութեամբ փրկւած մարդու որդի` Ջերեջեանն այդ մասին յիշում էր ողջ կեանքում եւ, իր իսկ խօսքերով, այդ «ծանր ժառանգութիւնն» ամբողջ կեանքի աշխատանքը դարձրեց։

«alikonline.ir» - Ամերիկեան դիւանագիտութեան եւ քաղաքականութեան առանցքային դէմքերից մէկը` Էդւարդ Ջերեջեանը, տօնում է 80-ամեայ յոբելեանը։ Որպէս Հայոց Ցեղասպանութիւնից անհաւանական պատահականութեամբ փրկւած մարդու որդի` Ջերեջեանն այդ մասին յիշում էր ողջ կեանքում եւ, իր իսկ խօսքերով, այդ «ծանր ժառանգութիւնն» ամբողջ կեանքի աշխատանքը դարձրեց։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Էդւարդի հայրը` Բեդրոս Ջերեջեանը, այն սարսափելի տարիներին Հաճնում փախաւ թուրքական եաթաղանից. այսօր այդ քաղաքը թուրքական անւանում ունի եւ գտնւում է ներկայիս Թուրքիայի հարաւում։ Սիրիան շատ մօտ հեռաւորութեան վրայ էր, եւ Բեդրոսը յայտնւեց Հալէպում, որտեղ նրան ապաստան տւեց արաբական մի ընտանիք` սնունդ ու տանիք տրամադրելով թեթեւ տնային աշխատանքի դիմաց։

Այնտեղ` Սիրիայում, Բեդրոսը կարող էր ընդմիշտ մնալ, սակայն ամէն ինչ փոխեց մի դիպւած։ Բեդրոսն իմացաւ, որ Հալէպում բնակւող թուրք սպաներից մէկի հարեմում երկու հայուհի կայ. նա որոշեց փրկել նրանց եւ փախցրեց հարեմից։

Այնուհետեւ աղջիկներն անհետացան, սակայն շուտով յայտնւեց նրանց եղբայրը, որը Ամերիկայում էր ապրում. անհաւանական ձեւով նա յաջողացրել էր Հալէպում գտնել Բեդրոսին եւ, որպէս քույրերին փրկելու շնորհակալութիւն, աջակցեց Նահանգներ նրա էմիգրացիային։ Այնտեղ` Մասաչուսեթս փոքրիկ քաղաքում, Բեդրոսը նպարեղէնի խանութ բացեց. կեանքը կարգաւորւեց, նա ամուսնացաւ, կարելի էր մտածել նաեւ երեխաների մասին։

«Ծնողներս ինձ ու եղբօրս համար ուզում էին այն ամէնը, ինչ երբեք իրենք չեն ունեցել։ Նրանք ինձ կրթութեան տւեցին, լաւագոյնը, որ կարող էին թոյլ տալ իրենց, եւ մշտապէս ոգեշնչում էին ինձ յաջողութեան հասնել, ձգտել լինել առաջինը»,- երախտագիտութեամբ ասում էր Էդւարդը։

Կրտսեր Ջերեջեանն աշխատել է ԱՄՆ 8 նախագահների հետ, Պետդեպում, դեսպանատներում, հիմնականում Մերձաւոր Արեւելքում։ 1989 թւականին Դամասկոսում նա որպէս Ամերիկայի դեսպան հաւատարմագրեր է յանձնում Սիրիայի առաջնորդ Հաֆեզ Ասադին եւ նրան պատմում պատմութիւն այն մասին, թէ ինչպէս է իր հայրը յայտնւել ԱՄՆ-ում։ Ասադին պատմութիւնը շատ էր հետաքրքրել, հետագայում յիշում էր Ջերեջեանը։

1991 թւականին աւարտւեց ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեպսան Ջէք Մեթլոքի աշխատանքի ժամկէտը։ Մեթլոքն անձամբ նշեց իրեն փոխարինող թեկնածուի անունը. հնչեց Էդւարդ Ջերեջեանի անունը։ Եթէ Խորհրդային Միութիւնը մի քանի ամիս շուտ փլուզւէր, հաւանական է, որ Ջերեջեանն իսկապէս Ռուսաստանում ԱՄՆ դեսպան դառնար (1970-ականներին նա արդէն աշխատում էր Միութիւնում որպէս ամերիկեան դիւանագիտական առաքելութեան առաջին քարտուղար)։ Սակայն Մոսկւա դեսպանի կագավիճակում նա այնպէս էլ չժամանեց. ազգութեամբ հայի նշանակումով մտահոգւել էր վերակառուցման ժամանակաշրջանի խորհրդային մամուլը, որին Վաշինգտոնում մեծ նշանակութիւն էին տալիս։ Մասնաւորապէս, արձագանգելով Ջերեջեանի թեկնածութեան ընտրութեանը «Կոմսոմոլսկայա պրաւդայի» մօտ հարց էր առաջացել, թէ արդեօ՞ք ԱՄՆ-ն հաշւի առել է, թէ ինչպէս այս նշանակումը կանդրադառնայ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների վրայ։ 1991 թւականին երկու խորհրդային հանրապետութիւնների սահմանին եւ Արցախում արդէն զինւած բախումներ էին ընթանում։

Դրան արձագանգեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ աւագը` փոխարինելով Ջերեջեանին Ռոբերտ Ստրաուսով։ Էդւարդ Ջերեջեանը, սակայն, չտուժեց` ստանալով մերձարեւելեան հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ոչ պակաս կարեւոր եւ պատասխանատու պաշտօնը։

Ջերեջեանը բազմիցս էր Հայաստան այցելել, վերջին անգամ Հայաստանում եղաւ 2016 թւականին որպէս «Աւրորա» մրցանակաբաշխութեան հիւր։

«Կարծում եմ, որ Հայոց Ցեղասպանութեան զոհերի ինքնազգացումից պէտք է անցում կատարենք հայկական մշակոյթի, հայ ժողովրդի եւ հայերի ապագային, որտեղ էլ, որ գտնւեն այդ հայերը»,- ասաց նա այդ օրերին` համոզմունք յայտնելով, որ արտաքին եւ ներքին գործերում Հայաստանին նոր ռազմավարութիւն է անհրաժեշտ։

Այդ իրաւունքը նա ունի որպէս մեծ փորձ ունեցող տարածաշրջանի հարցով մասնագէտ, ինչպէս նաեւ որպէս հայ, որը չի մոռանում այդ մասին եւ ընդգծում է այդ հանգամանքը։

Էդւարդ Ջերեջեանը մի օր յիշում էր ԽՍՀՄ իր  առաջին այցելութիւնը։ Երբ  նրան ներկայացնում էին Միկոյեանին, նա, ձեռքը մեկնելով, ողջունեց Անաստաս Միկոյեանին հայերէնով։ Ինչ պատասխան էր տւել Միկոյեանը յայտնի չէ, սակայն նա հազիւ թէ զարմացած լինէր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։