Հա
11/03/2019 - 10:20

Կրկին կռւախնձոր դարձաւ. ո՞վ ու ե՞րբ կը նստի Կոստանդնուպոլիսի Հայոց պատրիարքի աթոռին

62 տարեկանում մահացել է ՀԱԵ Կոստանդնուպոլիսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆեանը։ Պատրիարքը երկար ժամանակ հիւանդ էր, վերջին տարիներին կոմայի մէջ էր, եւ նրա վախճանը որքան տխուր էր, այն էլ սպասելի։ Նրան փոխարինող գտնելու փորձերը վաղուց էին սկսել, հիմա դրանք ակտիւացել են։

«alikonline.ir» - 62 տարեկանում մահացել է ՀԱԵ Կոստանդնուպոլիսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆեանը։ Պատրիարքը երկար ժամանակ հիւանդ էր, վերջին տարիներին կոմայի մէջ էր, եւ նրա վախճանը որքան տխուր էր, այն էլ սպասելի։ Նրան փոխարինող գտնելու փորձերը վաղուց էին սկսել, հիմա դրանք ակտիւացել են։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

ՀԱԵ Կոստանդնուպոլիսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆեանն ընդամենը 62 տարեկան էր, ընդ որում նա վերջին տարիներին անգործունակ էր։ Ցաւակցութիւններ, այդ թւում՝ արեւմտահայերէնով, նրա վախճանի կապակցութեամբ յայտնել են Թուրքիայի առաջնորդ Էրդողանը, նրա մամուլի քարտուղար Քալինը, նախկին վարչապետ եւ խորհրդարանի նախկին խօսնակ Եիլդիրիմը եւ նոյնիսկ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը։

Այո, Մութաֆեանի մահը սպասելի էր։ Հիւանդութիւնը, որով նա տառապում էր, յանկարծակի է առաջանում, երկար ընթանում, այսօր դրանից փրկութիւն չկայ։ Ուստի իրաւայաջորդի մասին հարցը վաղուց էր ծագել, բայց այն լուծելու հնարաւորութիւն չի եղել, քանի դեռ Մութաֆեանը ֆիզիկապէս գոյութիւն ունէր այս մեղաւոր հողում։

Այնուամենայնիւ, փորձեր եղել են։ 2017 թ.-ին փորձել են փոխանորդ ընտրել արքեպիսկոպոս Գարեգին արքեպիսկոպոս Բեքչիեանին՝ Արամ Աթեշեանի այլընտրանքային թեկնածուին, որը թուրքական կառավարութեան կողմից փաստացի նշանակւել էր այս պաշտօնում՝ Էրդողանին եւ պետութեանը լիարժէք նւիրւածութեան համար։

Եղան սկանդալներ եւ դրանք քիչ չէին։ Հիմա, հնարաւոր է, պէտք է սպասել նորերին, թէեւ Գարեգին Բեքչիեանը երկու տարի առաջ լքել է Կոստանդնուպոլիսը, որպէսզի չսրի տարաձայնութիւնները եւ գործընթացն աւելի շատ չքաղաքականացնի։ Թէեւ, քաղաքականութիւնն առանց այդ էլ շատ է…

Աթեշեանը, բնականաբար, մնացել է։

Արքեպիսկոպոս Արամ Աթեշեանը «Sputnik» Արմենիային ասել էր, որ նոր պատրիարքի ընտրութեան մասին խօսքը լինել չի կարող, քանի դեռ Մեսրոպի մարմինը չի յանձնւել հողին. հոգեհանգիստը կը տեւի 2-3 օր, ամենայն հաւանականութեամբ, յուղարկաւորութիւնը տեղի կունենայ յաջորդ շաբաթւայ վերջ։ Բայց դա դեռ առիթ չէ ընտրութիւններ կազմակերպելու համար։

«Պատրիարք Մութաֆեանի մահից 40 օր յետոյ հոգեւորականներով կը հաւաքւեն, կը նստեն, կորոշեն թեկնածուներին, ապա այդ մասին տեղեակ կը պահեն թեկնածուներին, պետութեանը, հայ համայնքին եւ թեկնածուները կը սկսեն իրենց աշխատանքը»,- բացատրել է Աթեշեանը՝ հասկացնելով, որ նոր պատրիարքի անունը մօտ ապագայում չի նշւի։

Նոր պատրիարքի շուրջ գործընթացները բաւական լարւած կը լինեն, եւ հազիւ թէ ամէն ինչ հարթ ընթանայ՝ հաշւի առնելով Թուրքիայի հայ համայնքի եւ երկրի իշխանութիւնների միջեւ մեծ հակասութիւնները, կարծում է վերլուծաբան, թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։ Պատասխանելով «Sputnik» Արմենիայի հարցին՝ Գեղամեանն ասաց, որ չի կարող կանխատեսել այդ բարդ գործընթացի ելքը, միաժամանակ նշեց, որ Արամ Աթեշեանը, իհարկէ, մնում է այդ պաշտօնում գլխաւոր թեկնածուներից մէկը։

«Տւեալ պահին Աթեշեանի թեկնածութեանն աջակցում են Թուրքիայի իշխանութիւնները, թէեւ նրա նկատմամբ հայ համայնքի վերաբերմունքը միանշանակ չէ։ Համայնքը կիսւել է երկու ճամբարի, եւ կարծիքների բեւեռացումն արդէն դուրս է եկել կոնկրետ անձնաւորութեանն աջակցելու շրջանակից, ամէն ինչ աւելի խորն է։ Դա բացասական հետք կը թողնի համայնքի ներքին գործերում»,- վստահ է Գեղամեանը։

Փորձագէտը կարծում է, որ հայ համայնքի համախմբւած դիրքորոշումը, նրա անդրդւելիութիւնն ընդունւած որոշման մէջ թոյլ չի տայ թուրքական իշխանութիւններին առաջ մղել ցանկալի թեկնածուին, եթէ այդ առումով մնան հակասութիւններ։ Իսկ դրանք, ամենայն հաւանականութեամբ, կը մնան, քանզի Աթեշեանն Անկարայի դրածօն է. Նա այդ հանգամանքը չի էլ թաքցնում։

Ինչ վերաբերում է միւս թեկնածուներին, ապա առայժմ անյայտ է, թէ Գարեգին Բեքչիեանը կը մտնի արդյոք կրկին պայքարի մէջ։ Միւս հաւանական յաւակնորդը արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջեանն է, որը համարւում է «Էջմիածնի մարդը», եթէ կարելի է այդպէս արտայայտւել, իսկ դա, անկասկած, առաւելութիւններ չի տալիս նրան թուրքական իշխանութիւնների աչքերում։

Բանը միայն թեկնածութիւնները չեն, այստեղ պէտք է հետեւել որոշակի ընթացակարգի։ Սկզբից պէտք է դիմել Թուրքիայի ՆԳՆ՝ տեղի նահանգապետի միջոցով, նոյն ուղիով սպասել պատասխանի։ Ձեւականութիւն է, այո, բայց երկրի իշխանութիւնները կարող են հեշտութեամբ խոչընդոտել գործի ընթացքին ցանկացած փուլում եւ ցանկացած ժամկէտում, եթէ մի բան չընթանայ իրենց ուզածով, եթէ նրանք բանի տեղ դնեն Աթեշեանի սպառնալիքին։

Այնպէս որ, ըստ բոլոր կանխատեսումների, Կոստանդնուպոլիսի Հայոց պատրիարքի ընտրութիւնները լաւագոյն դէպքում կը կայանան ամռանը կամ աշնանը, եւ դա դեռ բաւական լաւատեսական կանխատեսում է։ Իհարկէ, ցանկալի կը լինէր յուսալ, որ աթոռը կը զբաղեցնի Էրդողանի ոչ այդքան բացայայտ դրածօն, ինչպիսին Աթեշեանն է, բայց դրան հասնելը չափազանց բարդ կը լինի։ Թէպէտ ժամանակը ցոյց կը տայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։