Հա
13/03/2019 - 08:15

«Հայ կին» ամսագրի խմբագիրը. Հայկանուշ Մարկ

Հայկանուշ Մարկն անհրաժեշտ էր համարում հայ համայնքի ղեկավար կառույցներում կանանց ներգրաււածութիւնը։

Ստամբուլի կանանց թանգարանն իրականացնում է մի նախագիծ, որտեղ ներկայացւած են Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանից մինչ մեր օրերը թուրք առաջին կին լրագրողների կենսագրութիւնները։

Հայկանուշ Մարկն անհրաժեշտ էր համարում հայ համայնքի ղեկավար կառույցներում կանանց ներգրաււածութիւնը։

Ստամբուլի կանանց թանգարանն իրականացնում է մի նախագիծ, որտեղ ներկայացւած են Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանից մինչ մեր օրերը թուրք առաջին կին լրագրողների կենսագրութիւնները։ Նախագծի շրջանակներում հնարաւոր է գտնել նաեւ ութ կին լրագրողի լուսանկարներ ու նրանց մասին գրւած յօդւածներ։ Այդ կանանցից մէկն էլ Հայկանուշ Մարկն է։ Մարկը պատմութեան մէջ է մտել որպէս օսմանեան կանանց շարժումների ամենաերկարակեաց` «Հայ կին» ձախակողմեան ամսագրի խմբագիր։ Սուրբ Փրկիչ հայկական հիւանդանոցի (Եդիքուլէ, Ստամբուլ) որբանոցում կէս դրոյքով ուսուցչութիւն է արել։  Նիկողոսեան օրիորդաց դպրոցում (Ստամբուլ) հայերէնի դասեր է տւել։

 

Ամսագրում տպագրւել են նաեւ կնոջ անուն օգտագործած տղամարդիկ

1905 թ. Մարկին առաջարկել են «Ծաղիկ» ամսագրի խորագիրը փոխել, դարձնել կանանց համար նախատեսւած հանդէս ու ղեկավարել այն։ Նա «Միայն կանանց հետ ու կանանց համար» կարգախօսով «Ծաղիկ» ամսագրի խմբագիր է եղել 2 տարի։ Մարկը ցանկանում էր ամսագրում տպագրել միայն կին գրողների գործերը, սակայն բաւականաչափ կին գրող չգտնելու պատճառով հանդէսը բաց էր նաեւ այն տղամարդ գրողների համար, որոնք համաձայնում էին տպագրւել կնոջ անւան տակ։

 

«Գրի՛ր եւ երջանիկ եղի՛ր»

1907-1909 թթ. ընթացքում Հայկանուշ Մարկն ու ամուսին Վահան Թոշիկեանը Իզմիրում հրատարակել են «Արշալոյս» («Շաֆաք») ու «Արձագանգ» («Եանքը») թերթերը, որտեղ էջեր են եղել նաեւ կանանց համար։ Այդ օրերին «Իզմիր է հասել ու Ստամբուլից յետոյ Էգէեանի ափերին առաջին ակտիւ ֆեմինիստ հայ կնոջ հետ է ծանօթացել»,- պատմել է նա։ «Գրի՛ր եւ երջանիկ եղի՛ր» արտայայտութիւնն էլ գրանցւել է։

 

Ամսագիրը լոյս է տեսել 14 տարի շարունակ

1919-1933 թթ. Հայկանուշ Մարկը «Հայ կին» ամսագրի խմբագիրն է եղել։ Նա այդ ամսագիրը նկարագրել է որպէս հանդէս, որտեղ հնարաւոր է քննարկել կանանց վերաբերող ամէն հարց։ Ամսագիրը 14 տարի շարունակ ամսական երկու համարով էր լոյս տեսնում։ Ամսագրի գործունէութիւնը դադարեցւեց 1933 թ.։ Հայկանուշ Մարկը չի բացայայտել ամսագրի փակւելու պատճառը։ Միայն ասել է. «Բոլորին յայտնի մի բանի պատճառով»։ Մինչեւ 1936 թ. նրա ակտիւ գրական գործունէութիւնն ընդմիջւել է։ 1936 թ. ամուսնու` Վահան Թոշիկեանի հրատարակած «Նոր լուր» թերթում Մարկը կարճ ժամանակով պատրաստել է կանանց անկիւն։

 

Հայկանուշ Մարկն ու կանանց նկատմամբ իրականացւած քաղաքականութիւնը

Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում հայ համայնքի կրթական խորհուրդը զբաղւում էր համայնքի կրթական հարցերով, իսկ դատական խորհուրդը՝ ընտանեկան, ամուսնութեան, բաժանման ու ժառանգութեան նման հարցերով։

Հայկանուշ Մարկը պաշտպանում էր այն տեսակէտը, որ այդ խորհուրդներում ու հայկական համայնքի ղեկավարների մէջ կանայք էլ պէտք է տեղ ունենան։ «Հայ կին» ամսագրում նա այդ պահանջի անհրաժեշտութիւնն է ներկայացրել, կրթական ու դատական խորհուրդներում համոզիչ ելոյթներ ունեցել։ Կրթական խորհրդում կանանց որպէս «օգնական անդամ» ներգրաւելու առաջարկին դէմ է դուրս եկել ու հաւասար իրաւունքներով անդամակցութիւն պահանջել։ Նա խորհրդի անդամակցութեան համար իր թեկնածութիւնն է առաջադրել։

Թարգմանեց Անի Մելքոնեանը

«Akunq.net»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։