Հա
16/03/2019 - 11:00

Այս հայուհին ԱՄՆ-ում դարձել է առաջինը. ինչպէս է Տէր-Վարդանեանը նւաճել ամերիկեան նաւատորմը

Համաշխարհային պատմութեան մէջ ականաւոր հայուհիների բազմաթիւ անուններ են գրւել։ Նրանցից մէկն Աննա Տէր-Վարդանեանն է։ Ամերիկայում հաստատւած գաղթականների դուստրը յաջող կարիերա է ստեղծել ԱՄՆ-ի ռազմածովային նաւատորմում, այնուհետեւ` Կենտրոնական հետախուզական վարչութիւնում։ Բայց Տէր-Վարդանեանի երազանքներից մէկն այդպէս էլ չի իրագործւել։ 

«alikonline.ir» - Համաշխարհային պատմութեան մէջ ականաւոր հայուհիների բազմաթիւ անուններ են գրւել։ Նրանցից մէկն Աննա Տէր-Վարդանեանն է։ Ամերիկայում հաստատւած գաղթականների դուստրը յաջող կարիերա է ստեղծել ԱՄՆ-ի ռազմածովային նաւատորմում, այնուհետեւ` Կենտրոնական հետախուզական վարչութիւնում։ Բայց Տէր-Վարդանեանի երազանքներից մէկն այդպէս էլ չի իրագործւել։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Սերգէյ Բաբլումեանը:

Կարո՞ղ էք պատկերացնել հայի, որը չէր ցանկանայ իր գործում լինել առաջինը։ Ահա եւ Աննա Տէր-Վարդանեանը նոյնպէս ցանկացել է եւ դարձել ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագոյն գլխաւոր աւագը։

Իսկ Գերագոյն գլխաւոր աւագը ԱՄՆ ռազմածովային ուժերում զինծառայողների համար նախատեսւած հնարաւոր բարձրագոյն կոչումն է (Master Chief Petty Officer)։ Որպէսզի աւելի հասկանալի լինի, ասենք` աւագը պատասխանում է անձնակազմի ուսուցման, դաստիարակութեան, բարոյահոգեբանական վիճակի, տեխնիկական միջոցների շահագործման, նաւային կարգախմբերի ծառայութեան, գոյքի պահպանման եւ անխափան վիճակի համար։ Եւ սա դեռ ամէնը չէ։ Բոլորովին ամէնը չէ։

Գուցէ Աննայից առաջ ինչ-որ մէկը նոյնպէս ցանկացել է դառնալ առաջին կին աւագը, բայց... Թէպէտ պէտք է ասել, որ Տէր-Վարդանեանի դէպքում էլ բոլոր ցանկութիւնները չեն իրականացել։

«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում։ Յուսով եմ, որ մի անգամ կիրագործեմ ծնողներիս երազանքը եւ Հայաստան կը գնամ»,- ասել է նա։

Բայց բախտ չի վիճակւել։

Չի կարելի ասել, որ մեր հերոսուհին չի ցանկացել ամուսնանալ, այլապէս ինչու է մի քանի անգամ համաձայնել նշանադրութեան, բայց առանց հարսանիքի եզրափակիչ միջոցառման։

Միւս կողմից, արդարացի չի լինի Աննային միայնակ անւանել։ Այո, նա երեխայ չի ունեցել, բայց ունեցել է 35 զարմիկ ու զարմուհի, որոնց հետ հեշտութեամբ ընդհանուր լեզու է գտել` հայերէն, ֆրանսերէն, երբեմն` իսպաներէն, գերմաներէն եւ բնականաբար անգլերէն։

««Ռոզի դը Ռիւթրում» (Երկրորդ աշխարհամարտի կերպարներից է։ Մարմնաւորում է այն կանանց, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատում էին գործարաններում եւ նաւարաններում, որպէսզի զօրքերին ռազմամթերք մատակարարէին. խմբ.) աշխատանքի չանցայ։ Ես աւելի աշխոյժ բան էի փնտրում»,- ասել է Աննան։

Ռազմածովային նաւատորմի աւագից աւելի աշխույժ բան պատկերացնո՞ւմ էք։ Այն էլ Երկրորդ աշխարհամարտի շրջանում։

Այստեղ արդէն աւելի մանրամասն պատմենք հայուհու մասին։ Նա ծնւել է 1920 թ.-ին Դետրոյթում (Միչիգան նահանգ), հայ գաղթականների ընտանիքում։ Սովորել է Դետրոյթի բիզնես համալսարանում եւ միաժամանակ Կանանց օդային օժանդակ կորպուսում։ Սկսւել է պատերազմը։ Տէր-Վարդանեանը զօրակոչւել է կամաւորական ծառայութեան։

Ի դէպ, մեր հերոսուհու ընտանիքում ռազմական գործով զբաղւելը սովորական երեւոյթ է եղել. քոյրը ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային նաւատորմում, եղբայրը` Խաղաղ ովկիանոսի շրջանի զինւած ուժերում, մայրը նոյնպէս փորձել է անցնել նաւատորմային ծառայութեան, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով` մնացել է աշխատելու Կարմիր խաչի կոմիտէում։

Վերադառնանք Աննային եւ նրա ծառայողական առաջընթացին։ «Е-7» կոչումը ստացել է Սան Ֆրանցիսկոյի ռազմածովային բազայում, «Е-8» կոչումը (ՌԾՈՒ աւագ)` Նիւ Ջերսիում։ Յետոյ յաջորդել է «Е-9»–ը, որից յետոյ մտել է ԱՄՆ-ի պատմութեան մէջ` դառնալով առաջին եւ վերջին կինը, որ արժանացել է ՌԾՈՒ բարձրագոյն կարգի սպայի կոչմանը։

Չգիտեմ, թէ ինչպիսի ընթացք կունենար գործը միւս նաւատորմերում, բայց ամերիկեանում Աննան ստիպել է կոտրել այն կարծրատիպը, թէ կնոջ ներկայութիւնը նաւում վատ նշան է։

Չէ՞ որ նախկինում կանանց թոյլ չեն տւել բարձրանալ նաւ։ Նրան, ով կը համարձակւէր խախտել այդ կանոնը, միանգամից մահապատժի էին ենթարկում։ Համարւում էր, որ նաւն արդէն մի կին է։ Բոլոր նաւերը կոչւել են կանանց անուններով, իսկ նաւի առաջամասում միշտ եղել է կիսամերկ աղջկայ արձան։

Նաւաստիների կարծիքով` ծովը կարող էր հանդուրժել մէկ կնոջ (նաւի) ներկայութիւնը, իսկ ահա եւս մէկ իրական կնոջ ներկայութիւնը կը յանգեցնէր նաւաբեկութեան։ Հետաքրքիր է, որ նման սնահաւատութիւն եղել է ոչ միայն ծովահէնների շարքում։ Դանիայում 1562 թ.-ին հրաման է արձակւել. «Կանայք եւ խոզերը տեղ չունեն նաւի վրայ։ Եթէ նման բան յայտնաբերւի, անմիջապէս դուրս նետել»։

Փառք աստծուն, մեր Աննան ապրել եւ ծառայել է ոչ միջնադարեան Դանիայում։

1963 թ.-ին նա հեռանում է նաւի անձնակազմից, բայց նորից չի գնում «Ռոզի դը Ռիւթր», այլ, կարելի է ասել, դառնում է մեր մարդը Կենտրոնական հետախուզական վարչութիւնում։ Սկզբում` կրտսեր, այնուհետեւ աւագ (ով կասկածէր) վերլուծաբան հակահետախուզութեան մասով։

Տէր-Վարդանեանի կեանքի այդ էջերը չես թերթի, բայց, եթէ դատենք նրա յաճախակի ուղեւորութիւններից (Եգիպտոս, Թունիս եւ Ալժիր), ինչ-որ բան կարելի է հասկանալ։ Իսկ եթէ ուշադիր նայենեք մեր հերոսուհու դէմքի բնորոշ դիմագծերին, ապա դա էլ դառնում է «ինչու»-ի պատասխանը։

Ահա թէ ինչ է ասել հէնց նա ԿՀՎ-ում իր ծառայութեան մասին. «Ինձ համար հաճելի էր այնտեղ։ Ես Մերձաւոր Արեւելքի գծով վերլուծաբան էի։ Այսքանը»։

Մէկ այլ հարց է, թէ որքանով է հաճելի եղել Մերձաւոր Արեւելքին։

Աննան հետախուզութիւնից հեռացել է 2007 թ.-ին 87 տարեկանում` տասնեակ շքանշաններ եւ մեդալներ ստանալով մարտական վաստակի համար. «Բոլորը շրջապատում չափազանց երիտասարդ էին, եւ ես մտածեցի, որ հեռանալու ժամանակն է»։

Ուշադրութիւն դարձրէք ձեւակերպման նրբագեղութեանը. ոչ թէ նա է ծերացել, այլ երիտասարդներն են շատացել։

Ապրել է եւս չորս տարի եւ 90 տարեկանում խաղաղ հանգչել։ Նրան հողին են յանձնել Վաշինգտոնի մօտ` Առլինգտոնի գերեզմանատանը։

Յարակից լուրեր

  • Ծով է դուրս գալիս պատմութեան մէջ խոշորագոյն բրիտանական աւիակիրը
    Ծով է դուրս գալիս պատմութեան մէջ խոշորագոյն բրիտանական աւիակիրը

    Մեծ Բրիտանիայի ռազմածովային նաւատորմն այսչափ վիթխարի նաւ երբեք չի ունեցել: Նոր աւիակրի տախտակամածի չափերը համապատասխանում են ֆուտբոլային երեք դաշտի: Դրա կառուցումը նստել է աւելի քան 6 մլրդ. ֆունտ (աւելի քան 7.6 մլրդ. դոլար):

  • Աշխարհի ամենաթանկարժէք աւիակիրը պատրաստ չէ ռազմական ծառայութեան
    Աշխարհի ամենաթանկարժէք աւիակիրը պատրաստ չէ ռազմական ծառայութեան

    ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պատմութեան մէջ ամենաթանկարժէք աւիակրին՝ «Gerald R. Ford»-ին շարունակում են հետապնդել անյաջողութիւնները:

  • Ֆրանսիան ԴԱԷՇ-ի դէմ պայքարի համար Պարսից ծոց է ուղարկել «Շառլ դէ Գոլ» աւիակիրը
    Ֆրանսիան ԴԱԷՇ-ի դէմ պայքարի համար Պարսից ծոց է ուղարկել «Շառլ դէ Գոլ» աւիակիրը

    «France-Presse» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Ֆրանսիան Պարսից ծոցում տեղակայել է «Շառլ դէ Գոլ» աւիակիրը, որն ԱՄՆ-ի գլխաւորած կամպանիայի շրջանակներում մասնակցելու է Իրաքում «Իսլամական պետութեան» դէմ պայքարին: Այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտարարել է Ֆրանսիայի պաշտպանութեան նախարար Ժան Իւ Լէ Դրիանը:

  • «Իրանի ծովուժը արժանի հակահարւած կը հասցնի թշնամուն»
    «Իրանի ծովուժը արժանի հակահարւած կը հասցնի թշնամուն»

    Իրանի բանակի Հանրութեան հետ կապի գրասենեակի հաղորդմամբ՝ ծովակալը, որը արտայայտւում էր Ամոլի շրջանում կազմակերպւած մի միջոցառման ընթացքում, աւելացրեց. «Իրանի բանակը տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս ուշի-ուշով հետեւում է ամէն մի քայլի եւ պահի, յարմար դիրքորոշմամբ զինեալ ուժերի մօտ անհրաժեշտ պայմանները ստեղծում»:

  • Ռուսական նաւերը խոչընդոտել են ադրբեջանական նաւերին
    Ռուսական նաւերը խոչընդոտել են ադրբեջանական նաւերին

    «haqqin.az» կայքէջի փոխանցմամբ՝ ռուսական լցանաւային նաւատորմը բեռնափոխադրումների իրականացման մենաշնորհ է հաստատել Կասպից ծովում: Արդէն մէկ ամսից աւելի է, ինչ թուրքմէնական Թուրքմէնբաշի նաւահանգստում կանգնած են եւ ապրանքների բեռնմանն են սպասում ադրբեջանական չորս լցանաւեր: 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։