Հա
19/03/2019 - 12:40

Արգենտինայում Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած թանգարան է կառուցւելու. Բուէնոս Այրէսի քաղաքապետարանը հաստատել է

Բուէնոս Այրէսի քաղաքապետարանը հաւանութիւն է տւել Արգենտինայի մայրաքաղաքում Հայոց Ցեղասպանութեան թանգարանի կառուցմանը:

«alikonline.ir» - Բուէնոս Այրէսի քաղաքապետարանը հաւանութիւն է տւել Արգենտինայի մայրաքաղաքում Հայոց Ցեղասպանութեան թանգարանի կառուցմանը: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝հաղորդում է «Ասպարէզ»-ը` «Estacao Armenia»-ին յղումով:

Քաղաքապետարանն անցեալ շաբաթ հաստատել է նախագիծը, որը հնարաւորութիւն կը տայ Հայոց Ցեղասպանութեան յիշատակին նւիրւած հիմնադրամին` կառուցել թանգարանը: Այն  կը կոչւի «Հայոց յիշողութեան, պատմութեան եւ մշակոյթի թանգարան»:

Տեղանքը, որտեղ նախատեսւում է կառուցել թանգարանը, գտնւում է մայրաքաղաքի Պալերմօ արւարձանում` հայկական համայնքի կենտրոնին շատ մօտ։ Թանգարանին կից կը ստեղծւի նաեւ Հայոց Ցեղասպանութեան գրադարան եւ արխիւ։

Թանգարանի կառուցման համար քաղաքապետարանը հիմնադրամին 30 տարի ժամանակ է յատկացրել, որը կարող է երկարաձգւել:

Կայքը յաւելում է, որ Արգենտինան Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած առաջին երկրներից է։ 1987 թ.-ին երկրի նախագահ Ռաուլ Ալֆոնսինը Օսմանեան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. իրականացւած` 1.5 մլն. հայերի կոտորածը Ցեղասպանութիւն է որակել։

2007 թ.- ին Արգենտինայում Ապրիլի 24-ը, ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան, Մարդկանց միջեւ հանդուրժողականութեան եւ յարգանքի օր է հռչակւել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։