Հա
06/04/2019 - 09:30

Թուրքիայի հայերի անդրկուլիսային պայքարը․ Էրդողանը պատրիարքի ընտրութիւնների ժամանակ չունի՞

Զատկից յետոյ հայ համայնքի ներկայացուցիչները կը դիմեն Թուրքիայի իշխանութիւններին՝ Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրութիւններ անցկացնելու պաշտօնական թոյլտւութեան համար։

«alikonline.ir» - Զատկից յետոյ հայ համայնքի ներկայացուցիչները կը դիմեն Թուրքիայի իշխանութիւններին՝ Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրութիւններ անցկացնելու պաշտօնական թոյլտւութեան համար։

Թուրքիայի հայերի շարքում ոչ պաշտօնական պայքար է ընթանում՝ կապւած Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի նոր պատրիարքի ընտրութիւնների հետ։ Այդ մասին ասաց «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկեանը «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում։

Յիշեցնենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանը մահացել էր մարտի 8-ին։ Նա 2008 թւականից կորցրել էր յիշողութիւնը եւ տառապում էր անբուժելի հիւանդութեամբ։ Մեսրոպ Մութաֆեանի մօտ ալցհայմերի հիւանդութիւն էին ախտորոշել։ Նա մօտ 11 տարի կոմայի մէջ էր։ Այդ ընթացքում պատրիարքարանը փաստացի ղեկավարել է Էրդողանի դրածոյ, արքեպիսկոպոս Արամ Աթեշեանը։ Սակայն նա չի արդարացրել ո՛չ Թուրքիայի հայ համայնքի, ո՛չ պատրիարքարանի հոգեւոր խորհրդի վստահութիւնը։

Ի դէպ, քանի որ Աթեշեանն առանց ամաչելու պարծենում է Էրդողանի հետ յարաբերութիւններով, նրան երբեմն աւանում են «Աթեշօղլու»։

«Պատրիարքի ընտրութիւնների հարցը կը քննարկւի Զատկից յետոյ, որը տեղի կունենայ ապրիլի 21-ին։ Մինչ այդ կընթանայ կուլիսային պայքար, սակայն պաշտօնապէս ոչ ոք ոչինչ չի ասի»,- ասաց Էստուկեանը։

Նրա խօսքով՝ արդէն կան մի քանի խմբեր, որոնք ցանկանում են իրենց թեկնածուներին առաջադրել Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտօնում։ Սակայն այդ բոլոր գործընթացները կրում են ոչ պաշտօնական բնոյթ։ Զատկից յետոյ, որը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է այս տարի ապրիլի 21-ին, համայնքի ներկայացուցիչները պէտք է պաշտօնական հարցում ուղարկեն կառավարութեանը՝ ընտրութիւններն անցկացնելու թոյլտւութիւն ստանալու համար։

Տեսականօրէն թուրքական իշխանութիւնները չեն կարող ձգձգել ընտրութիւններն անցկացնելու հարցը կամ հանդէս գալ թեկնածուների դէմ, ինչպէս դա արդէն արել են ոչ մէկ անգամ։

Էստուկեանի խօսքով՝ Թուրքիայի իշխանութիւնների կողմից անակնկալները բացառւած չեն, եւ սփիւռքը պատրաստւում են իրավիճակի զարգացման տարբեր սցենարների։

Նշենք` 2017 թւականի մարտին Ստամբուլում կայացել էին Պոլսոյ պատրիարքի փոխանորդի ընտրութիւններ։ Այն ժամանակ երեք թեկնածու էր առաջադրւել՝ Արամ Աթեշեանը, Գերմանիայի ՀԱԵ թեմի առաջնորդ Գարեգին Բեքչեանը եւ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Սահակ Մաշալեանը, որը վերջին պահին հանել էր իր թեկնածութիւնը։ 34 ընտրողներից 23-ը քւէարկել էին Բեքչեանի օգտին, 11-ը` Աթեշեանի։ Վերջինս 2017 թւականի մայիսին հրաժարական էր տւել, իսկ Բեքչեանը փոխանորդ էր դարձել ու սկսել պատրաստւել նոր պատրիարքի ընտրութիւններին։

Սակայն Թուրքիայի իշխանութիւնը չէր ճանաչել Բեքչեանին ու մերժել էր հոգեւոր խորհրդին Պոլսոյ պատրիարքի լիարժէք ընտրութիւնների հարցում։ Աթեշեանը վերադարձել էր պատրիարքի փոխանորդի պաշտօնին։

Միաժամանակ, ինչպէս նշեց Էստուկեանը, Թուրքիայի իշխանութիւնները հիմա չեն կարող զբաղւել Կոստանդնուպոլիսի պատրիարքի ընտրութիւններով, քանի որ զբաղւած են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների արդիւնքների հարցերով, որոնք կայացել են երկրում մարտի 31-ին։ Նրա կարծիքով՝ այդ պատճառով իշխանութիւնները յետաձգելու են պատրիարքի ընտրութիւններ անցկացնելու թոյլտւութեան տրամադրումը։

Յիշեցնենք` 20-րդ դարի 50-ականներին մէկուկէսմիլիոնանոց Ստամբուլում 150 հազար հայ էր ապրում։ Այսօր գրեթէ 20-միլիոնանոց Ստամբուլում մնացել են հազար յոյն, 20 հազար հրեայ ու 40 հազար հայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։