Հա
15/04/2019 - 10:40

Նորա Արիսեանի նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան թեման ներառւել է Սիրիայի պատմութեան դասագրքերում

Սիրիայի պատկան մարմինների հետ երկարատեւ աշխատանքից յետոյ երկրի խորհրդարանի հայ պատգամաւոր, ցեղասպանագէտ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսեանի նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան թեման ներառւել է Սիրիայի դպրոցների պատմութեան դասագրքերում։ 

«alikonline.ir» - Սիրիայի պատկան մարմինների հետ երկարատեւ աշխատանքից յետոյ երկրի խորհրդարանի հայ պատգամաւոր, ցեղասպանագէտ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսեանի նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան թեման ներառւել է Սիրիայի դպրոցների պատմութեան դասագրքերում։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը։

«Նորա Արիսեանը դեռեւս 2017 թւականի փետրւարի 21-ին եւ սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարւած նիստերի ժամանակ իր ելոյթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանեան կայսրութեան իրականացրած ոճրագործութիւնների հետեւանքները Սիրիայում, հայերի դէմ կատարւած Ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ սիրիական հասարակութեան բազմազանութիւնը ներկայացնող հատւածներ:

Շարունակելով այս ուղղութեամբ աշխատանքները՝ Նորա Արիսեանը նոյն պահանջով դիմել էր Սիրիայի կրթութեան նախարարութեան «Ուսումնական ծրագրերի վերամշակման ազգային կենտրոն»: Մասնագէտների հետ երկարատեւ նիստերից եւ քննարկումներից, ինչպէս նաեւ 2019 թւականի յունւարի 31-ին պատմութեան դասագրքերի վերամշակման առիթով տեղի ունեցած յատուկ սեմինարին Հայոց Ցեղասպանութեան թեման ներկայացնելուց յետոյ՝ կենտրոնը վաւերացրեց 2019-2020 ուսումնական տարեշրջանի աւարտական դասարանների (բակալորիա) պատմութեան դասագրքերում Հայոց Ցեղասպանութիւնը ներկայացնող թեմաներ ներառելու որոշումը:

20-րդ դարասկզբին հայերի դէմ իրականացրած ոճրագործութեան լոյսի տակ վերամշակւած դասագրքի «Քաղաքական տեղաշարժեր» բաժնում յիշատակւում է տարածաշրջանի փոքրամասնութիւնների դէմ թուրքական «Միութիւն եւ առաջադիմութիւն» (Իթթիհաթ վէ թերաքքի) կուսակցութեան վարած կամայական քաղաքականութեան մասին, ինչպէս նաեւ 1915 թւականին իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնն ու հայ ժողովրդի տարագրութիւնը դէպի Սիրիա:

Հայոց Ցեղասպանութեան թեման սիրիական աղբիւրների տեսանկիւնից ներկայացնելու համար գրքում իբրեւ օրինակներ յիշատակւած են սիրիացի պատմաբան Մուհամմեդ Քուրդ Ալիի վկայութիւնները:

«Քաղաքակրթական միասնութիւն» ենթագլխում ակնարկւում է նաեւ Սիրիայում հայերի մշակութային արժէքների պահպանման խնդրի, ինչպէս նաեւ զանազան բնագաւառներում սիրիահայերի ներդրման մասին:

Այսպիսով, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Նորա Արիսեանի տարիների հետեւողական աշխատանքի շնորհիւ սիրիական դպրոցների ուսումնական ծրագրերում, բակալորիայի պատմութեան դասագրքերի միջոցով դասաւանդւելու է Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:

Միւս կողմից, աննախադէպ այս քայլով վերջապէս վաւերական եւ գիտական ձեւով Սիրիայում աշակերտները պատմութեան դասաժամին տեղեկանալու են Օսմանեան կայսրութեան կողմից իրագործւած Հայոց Ցեղասպանութեան մասին»,- նշւած է հրապարակման մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։