Հա
18/04/2019 - 09:50

«Հարկաւոր է քայլեր ձեռնարկել գիտական եւ իրաւական դաշտում իրազեկելու ուղղութեամբ»․ Նորա Արիսեանը՝ Սիրիայի դասագրքերում Հայոց Ցեղասպանութեան թեման ներառելու մասին

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, պատմաբան Նորա Արիսեանի ջանքերով Սիրիայի աւարտական դասարանների դասագրքերում ներառւել է Հայոց Ցեղասպանութեան թեման:

«alikonline.ir» - Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, պատմաբան Նորա Արիսեանի ջանքերով Սիրիայի աւարտական դասարանների դասագրքերում ներառւել է Հայոց Ցեղասպանութեան թեման:

«Tert.am»-ը զրուցել է պատգամաւորի հետ՝ պարզելու, թէ ինչպէս ստացւեց, որ Հայոց Ցեղասպանութիւնը չճանաչած Սիրիայում նա յաջողել է նման նախաձեռնութիւն եւ ինչո՞ւ Սիրիան չի ընդունում պատմական փաստը:

 

- Տիկի՛ն Արիսեան, Ձեր նախաձեռնութեան շնորհիւ, Սիրիայի դասագրքերում ներառւել է Հայոց Ցեղասպանութեան թեման: Կպատմէ՞ք՝ ինչ ջանքերի արդիւնքում յաջողութիւն արձանագրեցիք, յատկապէս եթէ հաշւի ենք առնում, որ Սիրիան Հայոց Ցեղասպանութիւնը չճանաչած երկրներից է:

- Ի վերջոյ, իմ պարտականութիւնն է ծառայել ազգիս եւ մանաւանդ Ցեղասպանութեան իրազեկման խնդրին:

Խորհրդարանում մի քանի անգամ հարցը բարձրացրել էի տարբեր նախարարների ներկայութեամբ: 2017 թւականին կրթութեան նախարարի ներկայութեամբ ելոյթներիս մէջ պահանջել էի դպրոցական դասագրքերի մէջ ներառել Սիրիայում Օսմանեան կայսրութեան հետեւանքների եւ հայերի դէմ կատարւած Ցեղասպանութեան մասին դասեր կամ հատւածներ:

Միեւնոյն ժամանակ, նկատի առնելով, որ դասագրքերը ենթարկւելու էին վերամշակման, նոյն պահանջը ներկայացրի Սիրիայի կրթութեան նախարարութեան «Ուսումնական ծրագրերի վերամշակման Ազգային կենտրոնին»: Իհարկէ, Ցեղասպանութեան մասին իմ հեղինակած գրքերից օրինակներ ներկայացրի եւ մասնագէտների հետ երկարատեւ նիստեր եւ քննարկումներ ունեցանք:

Իսկ 2019 թւականի յունւարի 31-ին պատմութեան դասագրքերի վերամշակման համար ունեցած յատուկ սեմինարին Հայոց Ցեղասպանութեան թեման ներկայացնելուց յետոյ կենտրոնը որոշեց, որ 2019-2020 թթ. աւարտական դասարանների պատմութեան դասագրքերում պէտք է ներառել Հայոց Ցեղասպանութիւնը ներկայացնող թեմայի իմ ներկայացրած հատւածը:

 

- Որքանո՞վ է կարեւոր, որ Սիրիայի դասագրքերում այդ թեման ներառւած լինի: Սիրիացիները տեղեկացւա՞ծ են խնդրից:

- Իմ շփումներից եւ տարածած գիտահետազօտական աշխատանքներից ելնելով՝ կարող եմ ասել, որ հնարաւոր չէ հանդիպել սիրիացի մտաւորականի կամ քաղաքական գործչի, որ տեղեկացւած չլինի Հայոց Ցեղասպանութեան խնդրից ու իր դրական մարդկային տեսակէտն ու դիրքորոշումը չյայտնի: Սակայն կրթական ծրագրերում թեման ներառելն այլ հանգամանք է, մանաւանդ որ գրքում իմ առաջարկած եւ ներկայացրած բաժնում ներառւեց սիրիացի արաբ յայտնի պատմաբանի վկայութիւնը, որն ուսումնասիրել եմ վաղուց: Սա հիմք է տալիս, որ Հայոց Ցեղասպանութեան խնդիրը դասաւանդւի նաեւ սիրիական դպրոցներում եւ ի վերջոյ ուշադրութեան է արժանանալու սիրիահայերի ներդրումը Սիրիայի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կեանքում:

 

- Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ Սիրիան մինչ հիմա չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Ձեր նախաձեռնութեան յաջողութիւնը կարո՞ղ է նպաստել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թեման նորից մտնի Սիրիայի քաղաքական օրակարգ եւ ի վերջոյ ընդունւի:

- Սիրիայի խորհրդարանը 2015 թւականին՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի կապակցութեամբ մեծ քայլեր է նախաձեռնել: Նախորդ երկու տարիներին խորհրդարանում բազմիցս քննարկւել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թեման, եւ ինքս բազմիցս իմ ելոյթներում ներկայացրել եմ այն:

Իմ կարծիքով՝ ճանաչման հարցն արդէն մեծ նպաստ չի ունենալու, դրա փոխարէն, անկախ քաղաքական տեղաշարժերից, մեզ հարկաւոր է լինելու քայլեր ձեռնարկել Հայոց Ցեղասպանութիւնը գիտական եւ իրաւական դաշտում իրազեկելու ուղղութեամբ:

Յարակից լուրեր

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս հանդիպեցաւ Սուրիոյ Հանրապետութեան Միւֆթիին
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս հանդիպեցաւ Սուրիոյ Հանրապետութեան Միւֆթիին

    Երեքշաբթի, 14 մայիս 2019-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, իր պատուիրակութեամբ, այցելութիւն մը տուաւ Սուրիոյ Հանրապետութեան Միւֆթիին դոկտ. Ահմատ Պատր Էլ-Տին Հասսունին։

  • Զինեալները հրաձգութիւն են սկսել Լաթաքիայի բնակելի վայրերի ուղղութեամբ
    Զինեալները հրաձգութիւն են սկսել Լաթաքիայի բնակելի վայրերի ուղղութեամբ

    Սիրիայի Լաթաքիա բնակավայրի ուղղութեամբ կրակ են բացել անօրինական զինւած խմբաւորումները:

  • Շեշտուեցաւ Արցախին յաւելեալ աջակցութիւն ապահովելու կարեւորութիւնը
    Շեշտուեցաւ Արցախին յաւելեալ աջակցութիւն ապահովելու կարեւորութիւնը

    Մինչ Միացեալ Նահանգներու Ծերակոյտին եւ Ներկայացուցիչներու տան յանձնախումբերը 2020 տարեշրջանի ամավարկի մանրամասնութիւնները կը վերջնականացնեն, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանի, շարք մը քոնկրեսականներու հետ խորհրդակցութիւններ ունեցան Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն ամերիկեան յաւելեալ աջակցութիւն ապահովելու, Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցութիւնը սերտացնելու եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ յիշատակելու պատեհ քաղաքականութիւն մը որդեգրելու նպատակով։

  • Ակնարկ. Գործընկերներու հրապարակային խօսակցութիւնը
    Ակնարկ. Գործընկերներու հրապարակային խօսակցութիւնը

    Թուրքիոյ արտաքին գործոց նախարարին պահանջը իր ռուս գործընկերէն` դադրեցնելու սուրիական Իտլիպ շրջանին վրայ յարձակումները, ուշագրաւ իրողութիւններու մասին ընդգծումներ կը կատարէ. մանաւանդ, որ ռուսական կողմը պատասխանած է, թէ յարձակումները դադրած են պահանջին պաշտօնական յղումէն մէկ օր առաջ արդէն:

  • Մերձաւոր Արեւելք. հայկական գործօնը դարձեալ շահարկւում է
    Մերձաւոր Արեւելք. հայկական գործօնը դարձեալ շահարկւում է

    Ականատես ենք լինում Մերձաւոր Արեւելքում հայկական գործօնի շահարկումների հերթական փուլին։ Պէտք է նշել, որ այդ միտումը դրսեւորւեց քաղաքական ու տեղեկատվական-քարոզչական դաշտում։ Այսպէս` օրերս տեղեկութիւն տարածւեց, թէ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զօրախումբ է ստեղծւել: Յայտնի է, որ Սիրիայի ժողովրդական ուժերը, որոնք գտնւում են քրդերի գլխաւորութեան ներքոյ, վայելում են Վաշինգտոնի աջակցութիւնը։ Յայտնի է, որ այդ ուժերի կազմը բազմազգ է, քրդերից բացի, այնտեղ կռւում են արաբներ, ասորիներ եւ այլ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։