Հա
18/04/2019 - 09:40

Ամստերդամում կայացել է «Մատեան ողբերգութեան» հոլանդերէն թարգմանութեան առաջին պրակի շնորհանդէսը

Ամստերդամի Բեխիենհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնութեամբ աւանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղօթքների ամենամեայ ընթերցումները, որոնց պատւոյ հիւրերն էին Հոլանդիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայեանը եւ Սուրբ Աթոռի նւիրակ արքեպիսկոպոս Ալդօ Կաւալին (Archibishop Aldo Cavalli):

«alikonline.ir» - Ամստերդամի Բեխիենհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնութեամբ աւանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղօթքների ամենամեայ ընթերցումները, որոնց պատւոյ հիւրերն էին Հոլանդիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայեանը եւ Սուրբ Աթոռի նւիրակ արքեպիսկոպոս Ալդօ Կաւալին (Archibishop Aldo Cavalli): Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան լրատւութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութիւնից։

«Արդէն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձնայատուկ էր, քանի որ դրա շրջանակներում տեղի ունեցաւ նաև Նարեկացու «Մատեան ողբերգութեան» հոլանդերէն թարգմանութեան առաջին պրակի շնորհանդէսը։

Բացելով միջոցառումը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրէն Վահան Աւագեանը ներկայացրեց Աւագ շաբաթւայ ընթացքում կազմակերպւող միջոցառման խորհուրդը՝ արժեւորելու Հոլանդիայում գործող եկեղեցիների միասնականութիւնը եւ դաւանած արժէքները։

Գրիգոր Նարեկացու կեանքն ու գործունէութիւնը, Հայ Առաքելական Եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նրան տրւող գնահատանքն իր խօսքում ներկայացրեց Արեւմտեան Եւրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատւիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը։

Հայ Առաքելական Եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ կեղեցու համագործակցութեան եւ առաքելութեան մասին ներկաների հետ կիսւեց Ամստերդամի եպիսկոպոս Եոհաննէս Վիլլիբրորդուս Հենդրիկսը (Johannes Willibrordus Hendriks)՝ նշելով, որ մեծ պատիւ է Ամստերդամում կարեւոր սրբավայր հանդիսացող Բեխիենհոֆկապել եկեղեցում հիւրընկալել Նարեկացուն նւիրւած միջոցառումը։

«Մատեան ողբերգութեան» հոլանդերէն թարգմանութեան հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հայագիտական ուսումնասիրութիւնների պրոֆեսոր Թէօ վան Լինտը (Theo van Lint) իր խօսքում ներկայացրեց այն խորը զգացմունքները, որոնք ունեցել է Նարեկացու ստեղծագործութիւններին ծանօթանալիս եւ ոգեշնչումը՝ այն հոլանդերէնով թարգմանելու ճանապարհին»,- նշւած է հաղորդագրութեան մէջ։

Այնուհետև Նարեկացու աղօթքների ընթերցեցին Հոլանդիայում գործող եկեղեցիների առաջնորդները՝ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Եոհաննէս Վիլլիբրորդուս Հենդրիկսը (հոլանդերէն), Ասորական Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Մոռ Պոլիկարպոսը (Archibishop Mor Polycarpus Augin Aydin)՝ անգլերէն, Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Հելիսէյը (Архиеписком Елисей)՝ ռուսերէն, Ղպտի Եկեղեցու եպիսկոպոս Անբա Արսէնին (Bishop Anba Arseny)՝ արաբերէն, Հայ Առաքելական Եկեղեցու քահանայ Տէր Տարօն Թադէոսեանը (հայերէն):

Միջոցառմանը երաշժտական կատարումներով հանդէս են եկել Հոլանդիայի Ազգային Օպերայի սոպրանօ Ջուլիետտա Ալեքսանեանը եւ քանոնահար Մեղրիկ Կարապետեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։