Հա
08/06/2019 - 10:00

Ախալքալաքի պատւաւոր քաղաքացի, ակադեմիկոս Մելքոնեանին վրացիներն առաջարկել են վերադառնալ Թուրքիա եւ դիմել այդ երկրում գործող դիւանագիտական մարմիններին

Յունիսի 6-ի ուշ երեկոյեան Վրաստանի սահմանային ծառայութեան աշխատակիցները արգելել են Վրաստան մտնել ծնունդով Ախալքալաքից` ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, Ախալքալաքի պատւաւոր քաղաքացի Աշոտ Մելքոնեանին։ 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Յունիսի 6-ի ուշ երեկոյեան Վրաստանի սահմանային ծառայութեան աշխատակիցները արգելել են Վրաստան մտնել ծնունդով Ախալքալաքից` ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, Ախալքալաքի պատւաւոր քաղաքացի Աշոտ Մելքոնեանին։ 

Նա թուրքագէտ Աշոտ Սողոմոնեանի խմբի հետ ինքնաթիռով Երեւանից մեկնել էր Վան, այնտեղից՝ Կիլիկիա եւ յետ վերադառնալիս է եղել մեքենայով, երբ Կարծախի վրացական անցակէտի աշխատակիցները երկար սպասեցնելուց յետոյ թղթեր են ներկայացրել` ստորագրման, այն մասին, որ Աշոտ Մելքոնեանի մուտքը Վրաստան արգելւած է։ Երկար բանակցութիւնները չեն տւել իրենց արդիւնքը, եւ վրացական սահմանային ծառայութեան աշխատակիցները առաջարկել են Մելքոնեանին` վերադառնալ Թուրքիա, դիմել այդ երկրում գործող դիւանագիտական մարմիններին։ 

Ակադեմիկոսի բոլոր փաստարկներին եւ դժգոհութիւններին, այն է՝ ինքը Ախալքալաքի պատւաւոր քաղաքացի է, ծնունդով` ախալքալաքցի, ՀՀ քաղաքացի է, իսկ Թուրքիայում բացակայում են ՀՀ դիւանագիտական հաստատութիւնները եւ այլն, վրացական կողմը որեւէ կերպ չի արձագանքել և անընդհատ կրկնել է նոյնը։ 

Աշոտ Մելքոնեանը ստիպւած վերադարձել է սահմանային անցակէտերի թուրքական մաս, որպէսզի մեկնի Թուրքիայի որեւէ քաղաք, այնտեղից՝ Կիեւ, Կիեւից՝ Երեւան։

Սահմանի թուրքական մասից նա կապ է հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանութեան հետ։ Երկար սպասումներից եւ բանակցութիւններից յետոյ Վրաստանում ՀՀ դեսպանին յաջողւել է ստանալ թոյլտւութիւն, որպէսզի Աշոտ Մելքոնեանը հատի վրացական սահմանը եւ, իր հայրենի Ախալքալաքով անցնելով, վերադառնա ՀՀ։ 

Առայժմ անյայտ է՝ այս թոյլտւութիւնը մեկանգամեա՞յ է, թէ՞ ոչ։ Եւ, քանի որ այս խնդիրը նոր չի առաջացել, եւ Աշոտ Մելքոնռանն էլ  ՀՀ միակ քաղաքացին չէ, որի մուտքը Վրաստան արգելվւում է, ապա դժւար չէ կռահել, որ պատմաբան-ակադեմիկոսի՝ Վրաստան մուտքի արգելքի խնդիրը եւս դառնում է օրակարգային հարց։

Յիշեցնենք, որ Աշոտ Մելքոնեանը վերջին շրջանում ջերմ յարաբերութիւններ է հաստատել Վրաստանի իր գործընկերների հետ, յաճախակի են դարձել փոխայցերը, բարեկամական շփումները։ Որպէս ապացոյց՝ նշենք անցեալ սեպտեմբերին Ախալքալաքում կայացած պատմական գիտաժողովը (նախաձեռնել էր տեղի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը), որտեղ երկու երկրների պատմաբանները ոչ միայն հանդէս եկան առաջին Հանրապետութիւններին նւիրւած գիտական զեկոյցներով, այլեւ մի քանի օր բարեկամական սեղանի շուրջը ստեղծեցին նախադէպը չունեցող անկեղծութեան եւ բարեկամութեան մթնոլորտ։ 

Աւելորդ չեմ համարում նշել, որ վրացի պատմաբանները, որոնց տարիներով քարոզել են, որ, իբր Ջաւախքում ապրում է վայրենաբարոյ, վտանգաւոր, անվստահելի եւ հակապետական հասարակութիւն, ուղղակի շշմած էին՝ տեսնելով բարձր քաղաքակրթութիւն, բարձր ընդունելութիւն, Վրաստանի ապագայի հանդէպ հաւասարաչափ մտահոգութիւն, պարզապէս հիանալի միջավայր, որը կեղտոտ եւ հիւանդագին քարոզչութեան արդիւնքում օտարւել է հէնց իրենցից՝ վրացիներից։ 

Վրացի պատմաբանները լաւագոյնս տեսանեւ խորութեամբ ըմբռնեցին այս ամէնը, աւելին` այս կարեւոր եւ օդ ու ջրի նման անհրաժեշտ մթնոլորտը ձնագնդի նման նրանք այժմ տարածում են վրաց հասարակական եւ մտաւոր շրջանակներում, եւ այս ամէնի երախտաւորներից մէկը հէնց Աշոտ Մելքոնեանն է։

Վերադառնալով խնդրին՝ յաւելենք, որ վրացական կողմը Աշոտ Մելքոնեանին յայտնել է, որ պատմաբանը իբր վերջին շրջանում յաճախակի է այցելում Վրաստան կամ Ախալքալաք։ Փաստենք, որ պատմաբանի եղբայրը՝ լրագրող եւ Ախալքալաքի հեռուստաընկերութիւններից մէկի տնօրէն Կարապետ Մելքոնեանը, վերջին շրջանում ծանր հիւանդ էր եւ, ցաւօք, շաբաթներ առաջ վաղաժամ հեռացաւ կեանքից։ Ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանի ծնողների եւ եղբոր գերեզմաններն Ախալքալաքում են: Նոյն քաղաքում եւ շրջանում են ապրում նաեւ նրա հարազատներն ու մտերիմները, եւ վրացական կողմը փայլուն գիտի այդ մասին։ Հետեւաբար՝ այս պատճառաբանութիւններն առնւազն տարօրինակ են։

Միւս կողմից՝ եթէ Աշոտ Մելքոնեանի պարագան մի կողմ դնենք, ապա իրաւական տեսանկիւնից ցանկացած քաղաքացի, օրէնքով սահմանւած ընթացակարգով, կարող է Վրաստան մտնել եւ դուրս գալ ամէն օր, եւ վերոնշեալ պատճառաբանութիւնը ոչ միայն տեղին չէ, այլեւ 21-րդ դարում անգամ ծիծաղելի է։

Մի բան պարզորոշ է՝ Վրաստանի հետ յարաբերութիւններում առկայ գոնէ տարրական խնդիրները ոչ միայն չեն լուծւում, այլեւ գնալով առաջանում են աւելի նոր, աւելի խայտառակ, երկու երկրների բարիդրացիական յարաբերութիւնների ծիրում չտեղաւորւող խնդիրներ։

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Երանի Փաշինեանի խօսնակը լինէր չխօսնակ, առնւազն՝ երէկ
    Երանի Փաշինեանի խօսնակը լինէր չխօսնակ, առնւազն՝ երէկ

    Փաշինեանի խօսնակը՝ այդ երիտասարդը, պարզապէս չի գիտակցում, թէ, յանձին Վանեցեանի, ինչպիսի լրջութեան պաշտօնեայի մասին է խօսում, ինչպիսի լրջութեան  համակարգի ղեկավարի, հետեւաբար նաեւ համակարգի մասին է տալիս նման աննորմալ որակումներ։ Կրկնում եմ՝ խօսքը Վանեցեան անձի մասին չէ, այլ այն կաբինետի եւ այն ուժային համակարգի, որը ղեկավարում էր Վանեցեանը։

  • ՀՀ-ի արեւելումի մասին
    ՀՀ-ի արեւելումի մասին

    ՀՀ ներքաղաքական այնպիսի զգայուն խնդրի վերաբերեալ, ինչպիսին Քոչարեանի դատավարութիւնն է եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձութիւններին առնչւող քննարկումները, BBC-ի ռուսական ծառայութեան հրապարակումը յստակօրէն բացայայտեց մի քանի հանգամանքներ․

  • Դաւիթ Գարեջիի խնդրի լուծման բանալին Արցախում է
    Դաւիթ Գարեջիի խնդրի լուծման բանալին Արցախում է

    Յուլիսի 14-ին հերթական միջադէպն է տեղի ունեցել վրաց-ադրբեջանական սահմանի չսահմանազատւած մասում` Դաւիթ Գարեջի 6-րդ դարի քարանձավային վանական համալիրի մօտ, տեղի բնակիչների եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ: Վրացական բնակչութեան դժգոհութիւնն էր առաջացրել այն տեղեկութիւնը, որ ադրբեջանցի սահմանապահները վրացական Ուդաբնօ տաճարից դուրս են բերել սրբապատկերներն ու փոխանցել վրացի գործընկերներին։

  • Լենա Նազարեանի լուսանկարները, Վրաստանը եւ Հայաստանի շահերը
    Լենա Նազարեանի լուսանկարները, Վրաստանը եւ Հայաստանի շահերը

    Այս օրերին համացանցում տեսնում եմ տիկին Լենա Նազարեանի լուսանկարների մասին քննարկումներ: Ես չգիտեմ, աջելին` չեմ էլ ուզում իմանալ, թէ տիկին Նազարեանը դրանով ի՞նչ է ուզում ասել: Բայց մի բան ուզում եմ ասել կամ յիշեցնել այդ առիթով. տիկին Նազարեանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Մի ոլորտ, որն օդ ու ջրի նման կարեւոր է ՀՀ-ի համար` թէ՛ ռազմավարական, թէ՛ տարանցիկ, թէ՛ անվտանգութեան, թէ՛ թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու եւ բազմաթիւ այլ իմաստներով: 

  • Միջադէպ` Ախալքալաքում. հայկական ՀԿ-ների խորհուրդը կոչով դիմել է Վրաստանի իշխանութիւններին եւ իրաւապահ մարմիններին
    Միջադէպ` Ախալքալաքում. հայկական ՀԿ-ների խորհուրդը կոչով դիմել է Վրաստանի իշխանութիւններին եւ իրաւապահ մարմիններին

    Սամցխէ-Ջաւախքի եւ Քւէմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը կոչով դիմել է Վրաստանի իշխանութիւններին եւ երկրի իրաւապահ մարմիններին՝ ցուցաբերել առանձնակի զսպւածութիւն եւ ազգաբնակչութեան հանդէպ բացառել անհամաչափ ուժի եւ այլ ստորացուցիչ մեթոդների կիրառում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։