Հա
22/06/2019 - 10:10

Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դէմ 1-5 տարւայ ազատազրկման պահանջով դատավարութիւն է սկսւել

Թուրքիայի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագիր, 2007 թ․ սպանւած հայ լրագրող եւ հրապարակախօս Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, կարող է դատապարտւել 1-5 տարւայ ազատազրկման։ Արատ Դինքը մեղադրւում է ի պաշտպանութիւն Թուրքիայում հետապնդւող մտաւորականների հրապարակւած «Խաղաղութեան հռչակագրի» տակ ստորագրելու մէջ։

«alikonline.ir» - Թուրքիայի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագիր, 2007 թ․ սպանւած հայ լրագրող եւ հրապարակախօս Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, կարող է դատապարտւել 1-5 տարւայ ազատազրկման։ Արատ Դինքը մեղադրւում է ի պաշտպանութիւն Թուրքիայում հետապնդւող մտաւորականների հրապարակւած «Խաղաղութեան հռչակագրի» տակ ստորագրելու մէջ։ Ըստ մեղադրանքի՝ այս հռչակագիրը հրապարակւել է Թուրքիայում ահաբեկչական խմբաւորում համարւող «Քուրդիստանի բանւորական» կուսակցութեան (PKK) օգտին քարոզչութեան նպատակով։ Այս մասին գրում է «Ermenihaber.am»-ը յղում անելով «Mynet.com»-ին:

Ստամբուլի ծանր յանցագործութիւնների 36-րդ դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստին ներկայ են եղել Արատ Դինքն ու նրա փաստաբանները։ Դինքի փաստաբանները նշել են, որ դատարանը անկախ եւ անկողմնակալ չէ, գործով վճիռն արդէն նախապէս կայացւած է, հետեւաբար նրանք պահանջել են, որպէսզի գործով դատաւորները ինքնաբացարկ յայտարարեն։ Միեւնոյն ժամանակ փաստաբանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանեալին, իսկ այդ պահանջը մերժւելու դէպքում՝ գործը միացնել նոյն մեղադրանքով յարուցւած միւս գործերի հետ։

Դատարանը դատաւորների ինքնաբացարկի պահանջը համարել է անհիմն, արդարացման պահանջի մասով սահմանել է, որ միայն դատավարութեամբ կարելի է որոշել՝ կատարւած գործողութիւնը յանցակազմ պարունակո՞ւմ է, թէ ոչ։ Իսկ դատական գործերի միաւորման պահանջը չի ընդունւել՝ այդ գործերով դատավարութիւնների՝ տարբեր փուլերում գտնւելու պատճառաբանութեամբ։ Այսպիսով, Դինքի փաստաբանների բոլոր միջնորդութիւնները մերժւել են։ Դատարանը նաեւ արձանագրել է, որ արդէն աւարտւած նմանատիպ գործերով դիմումներ են ներկայացւել Սահմանադրական դատարան, ուստի նպատակայարմար է համարել սպասել մինչեւ այդ դիմումների վերաբերեալ ՍԴ-ի վճռի հրապարակումը։ Դատական նիստը յետաձգւել է մինչեւ հոկտեմբերի 9-ը։

Նշենք, որ Ստամբուլի հանրապետական դատախազութեան կողմից կազմւած մեղադրական եզարակացութեամբ մեղադրանք է առաջադրւել 1․128 անձի, որոնց թւում՝ Արատ Դինքին՝ 2016 թ․ յունւարի 11-ին հրապարակւած «Ակադեմիկոսները՝ յանուն խաղաղութեան» ինչպէս նաեւ «Մենք այս մեղքին յանցակից չենք լինի» անւամբ յայտնի հռչակագրերի տակ ստորագրելու համար: Ըստ մեղադրականի, այդ հռչակագրերում տեղ են գտել ՔԲԿ-ի քարոզչութեանն ուղղւած արտայայտութիւններ։

Ուշագրաւ է, որ դատախազութիւնում իր ցուցմունքի ժամանակ Դինքը յայտարարել էր, որ եթէ վերոնշեալ հռչակագրի տակ ստորագրելը յանցանք է, ուրեմն իրաւապահ մարմինները պէտք է նաեւ իր դէմ իրաւական գործընթաց յարուցեն։

«Ես ինքս իմ դէմ բողոք եմ ներկայացնում։ Պահանջում եմ, որ իմ դէմ էլ անհրաժեշտ իրաւական գործընթացներ յարուցւեն»,- յայտարարել էր նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։