Հա
09/07/2019 - 11:10

«Մայրական երախտագիտութիւն» մեդալ` Արցախով շնչող «Ազդակ»-ի խմբագրին

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպած` Հայ մամուլի համահայկական համաժողովի մասնակիցները, որոնք Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի առաջնային տպագիր, էլեկտրոնային մամուլի առաջին դէմքերն էին, առիթ ունեցան լինելու նաեւ ՀՅԴ-ի` Բէյրութում լոյս տեսնող «Ազդակ» թերթի խմբագրութիւնում եւ խմբագիր Շահան Գանտահարեանին յանձնելու Արցախի «Մայրութիւն» ՀԿ-ի «Մայրական երախտագիտութիւն» յուշամեդալը:

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպած` Հայ մամուլի համահայկական համաժողովի մասնակիցները, որոնք Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի առաջնային տպագիր, էլեկտրոնային մամուլի առաջին դէմքերն էին, առիթ ունեցան լինելու նաեւ ՀՅԴ-ի` Բէյրութում լոյս տեսնող «Ազդակ» թերթի խմբագրութիւնում եւ խմբագիր Շահան Գանտահարեանին յանձնելու Արցախի «Մայրութիւն» ՀԿ-ի «Մայրական երախտագիտութիւն» յուշամեդալը: Այն յանձնեց Արցախի «Ապառաժ» պարբերականի վերլուծաբան Միքայէլ Հաջեանը` նշելով, որ «Ազդակ»-ը` ի դէմս Գանտահարեանի, մշտապէս սատար է կանգնել Արցախին ու Արցախի ժողովրդին թէ՛ պատերազմի ժամանակ, թէ՛ յետպատերազմական տարիներին, թէ՛ վերականգման ու վերակառուցման շրջանում եւ թէ՛ այսօր:

«Մայրութիւն» կազմակերպութիւնն Արցախեան շարժման ծնունդ է, պատերազմի հետ համաժամանակ է ստեղծւել: Անկախ հանգամանքից, որ գործում է Արցախում, այն համահայկական արժէք է ձեռք բերել, որովհետեւ ուշադրութեան կենտրոնում է պահում բոլոր այն հայորդիներին, որոնք կարող են իրենց հնարաւորութիւնների սահմաններում ու ուժերի ներածին չափով սատար լինել, աջակցել Արցախին ու Արցախի ժողովրդին: Իր հերթին «Մայրութիւնը» նոյնպէս Հայոց բանակի ու զինւորների կողքին է: Կազմակերպութեան խմբերը մշտապէս առաջին դիրք են մեկնում` ցոյց տալով, որ թիկունքն ամուր է, ու սահման պահողները կարող են վստահ լինել, որ թիկունքում կանգնած են իրենց մայրերը, որոնք հաւատում են զաւակների, հայրենիքի պաշտպանութեանը զինւորագրւած տղաների արիութեանը, խիզախութեանը»,- իր խօսքում ասաց Հաջեանը:

Նա նաեւ մի դրւագ պատմեց, թէ ինչպէս է արցախցի ծաղկավաճառը ճանաչել Շահան Գանտահարեանին: «Անցեալ տարի մենք պէտք է որդուս (Ապրիլեան քառօրեայի նահատակ Նորայր Հաջեան-խմբ.) գերեզմանին այցի գնայինք : Գերեզմանատան ճանապարհի վերջին ծաղկավաճառին մօտեցանք: Այդ մարդը, որ Շահանի հետ ծանօթ չէր, նայեց ինձ ու ասաց` այս մարդու դէմքը ծանօթ է ինձ, կարո՞ղ է մեր Շահանն է: Շշմել էինք. այդ մարդը, որ առնչութիւն չէր ունեցել Շահանի հետ, ճանաչել էր նրան: Ինչպէ՞ս. Սիրիայի դէպքերի հետ կապւած, երբ Շահանը գրեթէ ամէն օր հանդէս էր գալիս հեռուստատեսութեամբ, մարդիկ սրտատրոփ սպասում էին` տեղեկանալու, թէ ինչպէս է սիրիահայութեան վիճակը»,- պատմեց Միքայէլ Հաջեանը` փոխանցելով Շահան Գանտահարեանին Յասմիկ Միքայէլեանի ղեկավարած «Մայրութիւն» ՀԿ-ի յուշամեդալը:

Նա կարեւորեց «Ազդակ»-ի դերն ու նշանակութիւնը ոչ միայն Սփիւռքի, այլ նաեւ ամբողջ հայութեան համար: Ասաց` երբ խօսում են հայ մամուլի գործիչների, թերթերի համագործակցութեան մասին, ապա Շահան Գանտահարեանն այդ համագործակցութեան կարեւոր ուղենիշներից մէկն է, ապա ընդգծեց, որ «Ազդակ»-ը մշտապէս Արցախով է շնչում, ու եթէ բացենք «Ազդակ»-ի ցանկացած համար, այնտեղ պարտադիր անդրադարձ կայ Արցախին:

«Շատ շնորհումներ են եղել, բայց այս մէկն իսկապէս յուզեց, նամանաւանդ, որ Արցախից է: Արցախն իսկապէս առանցքային դեր ունի մեզ համար: Սա ես կը համարեմ «Ազդակ»-ի մեծ ընտանիքի նւէրը, որովհետեւ ես առանձին չեմ կարող իրականացնել այն, ինչ իրականացնում է «Ազդակ»-ն` առհասարակ»,- շնորհակալութեան խօսքում նշեց «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիրը:

Յ.Գ. Երախտիքի բազմաթիւ մեդալներ կան, որ տրւում են պետական ամենափոքր գերատեսչութիւնից մինչեւ իշխանութեան գլուխ կանգնածների կողմից: Բոլորն էլ, անխօս, պարտաւորեցնող ու պատւաբեր են: «Մայրական երախտագիտութիւն» մեդալը, կարծում ենք, ո՛չ պարտաւորեցնող, ո՛չ էլ պատւաբեր է, այն լուռ աղօթքն է այն մայրերի, որոնց որդիներն իրենց կեանքն են զոհել ու զոհում յանուն հայրենիքի, ամուր ու խաղաղ սահմանի: Աղօթք, շնորհակալութիւն է` իրենց զաւակներին յիշելու, նրանց արածը գնահատելու, գործը շարունակելու ու սխրանքը սերունդներին փոխանցելու համար: «Մայրական երախտագիտութիւն» մեդալը, վստահ ենք, Շահան Գանտահարեանի համար մասունքի նման է լինելու. չէ՞ որ դրա մէջ որդեկորոյս մօր աղօթքի շունչը կայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։