Հա
13/07/2019 - 11:00

Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում տեղի ունեցած պայթիւնից վիրաւորւածների թւում հայեր չկան

Սիրիայի հիւսիսում գտնւող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով վիրաւորւած 11 անձանց թւում հայեր չկան:

«alikonline.ir» - Սիրիայի հիւսիսում գտնւող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով վիրաւորւած 11 անձանց թւում հայեր չկան: Այս մասին «Yerkir.am»-ին յայտնեց Հալէպում հրատարակւող «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Չիլափոշեան-Պօղիկեանը:

«Բարեբախտաբար, տուժածների մէջ հայեր չկան: Համայնքը հիմա զգուշութիւն է ցուցաբերում, յատկապէս` Ղամիշլիի դէպքում, որը թուրքական սահմանին մօտ է, եւ նահանգի շրջակայքում կան զինեալ խմբաւորումներ: Մի շարք հայկական կառոյցներ վնասւել են: Նման պայթուն Ղամշլիի խաղաղ, բնակելի թաղամասում, որտեղ զինւորական ներկայութիւն չկայ, առաջին անգամ է տեղի ունենում, եւ բնակչութիւնը ցնցւած է: Այսօր, ապահովութիւնից ելնելով, ազգային կենտրոնները փակ էին: Կիրակի նախատեսւած` Ղամշլիի ազգային վարժարանի ամառային դպրոցի հանդէսը նոյնպէս յետաձգւել է մէկ շաբաթով: Պայթիւնը տեղի է ունեցել այն ժամին, երբ էլեկտրականութիւնն անջատւած է եղել, հետեւաբար` թաղամասի կառոյցներում տեսախցիկները չեն նկարահանել ահաբեկչակական գործողութիւնը»,- մանրամասնեց նա:

Յիշեցնենք, որ յուլիսի 11-ին հզօր պայթիւն էր տեղի ունեցել Սիրիայի հիւսիսում գտնւող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում: Ականապատ մեքենայ էր պայթեցւել, որը կանգնել էր Ուղղափառ համայնքի Սուրբ Աստւածածին եկեղեցու դիմաց, ինչից վայրկեաններ անց որոտացել էր պայթիւնը: Կատարւածի հետեւանքով 11 մարդ վիրաւորւել է: Գրանցւել է նաեւ նիւթական վնասներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։