Հա
16/07/2019 - 09:20

Լիբանանի տուրիզմի հայ նախարարը դիմել է ՀՀ նախկին եւ ներկայիս իշխանութիւններին՝ իր փորձով օգնելու առաջարկով, բայց դեռ յաջողութեան չի հասել

2011-2015 թւականներին Սիրիայում պատերազմի հետեւանքով ստեղծւած մթնոլորտն ուղղակիօրէն ազդել էր Լիբանանի վրայ, անվտանգութեան վիճակը բաւականին ծանր էր, ուստի իմաստ չունէր խօսելու զբօսաշրջութեան մասին, քանի որ այն դիւրաբեկ ոլորտ է: «Yerkir.am»-ի եւ «Շանթ» հեռուստաընկերութեան հետ զրոյցում ասաց Լիբանանի զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտանեանը:

«alikonline.ir» - 2011-2015 թւականներին Սիրիայում պատերազմի հետեւանքով ստեղծւած մթնոլորտն ուղղակիօրէն ազդել էր Լիբանանի վրայ, անվտանգութեան վիճակը բաւականին ծանր էր, ուստի իմաստ չունէր խօսելու զբօսաշրջութեան մասին, քանի որ այն դիւրաբեկ ոլորտ է: «Yerkir.am»-ի եւ «Շանթ» հեռուստաընկերութեան հետ զրոյցում ասաց Լիբանանի զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտանեանը:

Ըստ նրա՝ զբօսաշրջութեան նախարարութիւնը կապ ունի գրեթէ բոլոր նախարարութիւնների հետ, յատկապէս` հանրօգուտ շինութիւնների, տրանսպորտի նախարարութիւնների եւ ներքին անվտանգութեան ուժերի: «Այս բոլորը համադրելով է, որ զբօսաշրջիկի կեցութիւնը երկրում կարելի է հեշտ դարձնել, եւ եթէ զբօսաշրջութեան նախարարութեանն առնչւող` ճաշարանի, գիշերային ժամանցի կամ որեւէ տեսարժան վայր այցելելու, երթեւեկութեան հարց կայ, մարդկանց ապահովութեան հարց հաստատ լինելու է: Սա, ինչու չէ, նաեւ արտաքին գործերի նախարարութեան հետ առնչութիւն ունի՝ դեսպանների կողմից իրենց երկրներում Լիբանանի զբօսաշրջութեան պատկերը քարոզելու առումով: Առնչութիւն կայ նաեւ տեղեկատվութեան նախարարութեան հետ, որի միջոցով երկրի իմիջն է արտացոլւում: Պէտք է ասեմ, որ այս ոլորտի գործունէութիւնը զարգացման հանգրւանին է հասել, եւ մենք 2019-ը պատրաստվում ենք հռչակել լաւագոյն զբօսաշրջութեան տարի Լիբանանի համար՝ զբօսաշրջիկների թւի առումով: Պետութեան առաւելագոյն եկամուտն այս տարի զբօսաշրջութեան ոլորտից է եղել, ինչով պայմանաւորւած զբօսաշրջութեան նախարարութիւնը դարձել է հիմնական նախարարութիւններից մէկը, որը բոլորի հոգածութեան առարկան է: Եւ բոլորի կողմից աշխատանք է տարվում, որ պայմանները դառնան ձեռնտու, որ այս ոլորտը զարգանայ, որովհետեւ մեծ ազդանշաններ տւեց այն, որ կարելի է մեծ նւաճումներ արձանագրել, եթէ համապատասխան ենթաօրէնքներ ունենանք»,- նշեց Լիբանանի հայ նախարարը:

Ըստ նրա՝ այսօրւայ դրութեամբ մեծ հոսք կայ Լիբանանից Հայաստան՝ թէ' ծագումով հայերի եւ թէ' նրանց, ովքեր հայ չեն, սակայն մեծ հետաքրքրութիւն ունեն Հայաստանի նկատմամբ: «Այդ հոսքը շատ մեծ է, եւ պէտք է ասել, որ ամէն օր թռիչք կայ դէպի Հայաստան: Եւ այս ամառւայ 100 օրւայ ընթացքում առնւազն 200 հոգի գնացել է Հայաստան, այսինքն՝ միայն ամռանը գոնէ 20.000 հոգի կը գնայ, եթէ ոչ` աւելին: Փոխարէնը հոսքը դէպի Լիբանան շատ աւելի նւազ է` հասկանալի պատճառներով, որովհետեւ ՀՀ տնտեսական վիճակը ծանր է եւ աւելի հեշտ է գնալ Վրաստան, Եգիպտոս, որտեղ աւելի էժան է: Բայց ընթացիկ տարւայ առաջին 6 ամսւայ ընթացքում 6.000 հայաստանցի Լիբանան է եկել: Դա լաւ թիւ է, յատկապէս` երբ տուրիզմի ամիսը մեզ մօտ յուլիս-օգոստոսն է, եւ այդ ժամանակ կարող է աւելի մեծ հոսք լինել: Անցած տարի, ընդհանուր առմամբ, 11.000 մարդ էր եկել, հիմա, եթէ ոչ զբօսաշրջային ժամանակահատւածում 6.000 է եկել, տարւայ աւարտին այս թիւը 15.000-20.000 կը լինի»,- նշեց Կիտանեանը:

Նա նաեւ շեշտեց, որ զանազան առիթներով դիմել է Հայաստանի նախկին եւ ներկայիս իշխանութիւններին՝ առաջարկելով իր` զբօսաշրջութեան ոլորտում փորձն ի սպաս դնել ՀՀ զբօսաշրջութեան կոմիտէին, բայց որեւէ դրական արձագանք չի ստացել: «Նախորդ իշխանութիւնների ժամանակ, երբ նախարարն Արծւիկ Մինասեանն էր, որոշ տեղ առաջանալու խնդիր ունէինք, բայց իշխանութիւնները փոխւեցին: Այս իշխանութիւնների օրօք մէկից աւելի առիթով եւ մէկից աւելի նախարարի եմ դիմել, որ այս փորձն ու կարելիութիւնը դնեմ նրանց տրամադրութեան տակ, բայց դա ինձ դեռ չի յաջողւել: Գուցե ՀՀ-ում սա կարեւոր ոլորտ չէ»,- ասաց Կիտանեանը՝ յաւելելով, որ այս ոլորտում զարգացում ապահովելու համար ՀՀ-ում կան բոլոր նախադրեալները:

Անդրադառնալով հարցին, թէ ինչպիսին կը լինեն Լիբանան-Հայաստան յարաբերութիւնները, եթէ Հայաստանը բնականոն յարաբերութիւններ հաստատի Իսրայէլի հետ, Լիբանանի զբօսաշրջութեան նախարարը նշեց, որ կան զանազան երկրներ, այդ թւում` արաբական, որոնց հետ Լիբանանն ու Իսրայէլն ունեն յարաբերութիւններ, եւ եթէ Հայաստանի պարագայում Լիբանանի հանրային կարծիքը հեշտ ձեւով չընկալի դա, այդ դէպքում Լիբանանի կառավարութեան մէջ եւ խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչներն աշխատանք կը տանեն, Հայաստանի իշխանութիւններն էլ պէտք է հաշւի առնեն այդ նրբութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։