Հա
21/09/2019 - 11:20

Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնների թնջուկը

Կ. Պոլսի հայ համայնքը վերջին շրջանում յայտնւել է սպասումների եւ լարւածութեան մէջ. 2019 թ. մարտի 8-ից՝ Պոլսոյ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի մահվանից յետոյ, սկսւեց պատրիարքի ընտրութեան երկար ու բարդ գործընթացը:

ԱՐԳԱՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

 

Կ. Պոլսի հայ համայնքը վերջին շրջանում յայտնւել է սպասումների եւ լարւածութեան մէջ. 2019 թ. մարտի 8-ից՝ Պոլսոյ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի մահվանից յետոյ, սկսւեց պատրիարքի ընտրութեան երկար ու բարդ գործընթացը:

1998 թ.-ին պատրիարք ընտրւած արքեպիսկոպոս Մութաֆեանի մօտ 2008 թ.-ից սկսեցին նկատւել ձեռքբերովի տկարամտութեան ախտանշաններ (դեմենցիա): Պատրիարքի պարտականութիւնների կատարման անկարելիութեան հետեւանքով նշանակւեց պատրիարքի փոխանորդ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, քանի որ, ըստ կանոնադրութեան, պատրիարք կարող է ընտրւել միայն գործողի մահւան պարագայում:

Հայ համայնքը բազմիցս է փորձել դիմել թուրքական իշխանութիւններին՝ նշելով, որ 1863 թ. պատրիարքական կանոնադրութեան մէջ նշւած է, որ, բացի մահւան պարագայից, կան նաեւ «յատուկ հանգամանքներ», որոնց առկայութեան դէպքում թոյլատրւում է նոր պատրիարք ընտրել: Սահակ եպիսկոպոս Մաշալեանն այս տարի «Անադոլու» գործակալութեանը տւած հարցազրոյցում նշել էր, որ պատրիարքի՝ նման հիւանդութեան դէպք երբեք չէր գրանցւել, եւ երբ ի յայտ եկան ախտանշանները, ո՛չ պատրիարքարանը, ո՛չ էլ պետութիւնը չգիտէին՝ ինչպէս վարւել:  Երկար տարիներ պոլսահայ համայնքը լարւածութեան մէջ էր՝ կապւած պատրիարքական անորոշութեան հետ: Ըստ կանոնադրութեան՝ պատրիարքի մահւան դէպքում ընտրութիւնները կազմակերպելու համար ընտրւում է տեղապահ, որն էլ պէտք է կազմակերպի ամբողջ ընտրական գործընթացը:

Չնայած արգելքներին եւ խոչընդոտներին՝ պատրիարքարանը որոշեց նոր պատրիարք ընտրել, եւ 2017 թ. մարտի 15-ին պատրիարքարանի Հոգեւոր խորհուրդը պատրիարքի տեղապահ ընտրեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանին, որով էլ դադարեցւեցին Արամ Աթեշեանի լիազօրութիւնները: Արդիւնքների հրապարակումից յետոյ 2010 թ. պետութեան կողմից փոխանորդ նշանակւած Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը ներկայացաւ Ստամբուլի նահանգապետարանից ստացւած գրութեամբ, ըստ որի՝ իրաւաբանօրէն անհնար է համարւում պատրիարքական ընտրութիւնների գործընթացի մեկնարկը: Այսպիսով՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գերագոյն հոգեւոր խորհրդի աջակցութիւնը վայելող եւ փաստացի տեղապահ ընտրւած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը թուրքական իշխանութիւնների ճնշումների պայմաններում չճանաչւեց պետութեան  կողմից՝ դարձեալ այն պատճառաբանութիւնը, թէ գործող պատրիարքը ողջ է, եւ նոր պատրիարք ընտրելն ապօրինի է:

Միայն երջանկայիշատակ Մեսրոպ պատրիարքի մահւանից յետոյ, կարծես, «թունելի մէջ լոյս վառւեց»: Արդէն առկայ են բոլոր նախադրեալները տարիներ շարունակ ձգձգւող թնջուկը քանդելու համար: Պատրիարք Մութաֆեանի մահւանից յետոյ պատրիարքարանը յայտարարեց, որ ընտրական գործընթացները կը մեկնարկեն Ս. Յարութեան տօնից՝ ապրիլի 21-ից յետոյ: Սակայն ընտրական գործընթացը սկզբնական շրջանում այդքան էլ հարթ չընթացաւ: Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի` ապրիլի 29-ի ժողովում որոշում կայացւեց, որ ընտրական գործընթացը յետայսու ղեկավարելու է Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը: Այս որոշումը մեծ դժգոհութիւն առաջացրեց հայ համայնքում: Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը Հոգեւոր խորհրդի կայացրած որոշման վերաբերեալ նշեց. «Պատրիարքի փոխանորդի գլխաւորութեամբ ընտրութեան գնալը սխալ որոշում է: Այս որոշումը հաշւի չի առնում մեր բոլոր աւանդոյթներն ու սովորոյթները: Մեր` հայկական կանոնագրքում այդ ամէնի մասին գրւած է, սակայն այս որոշմամբ այդ բոլորն անտեսւում է: Վնաս են հասցնում եկեղեցու զարգացմանը»:

Ընտրական գործընթացին դարձեալ միջամտեց պետութիւնը: Մայիսի 13-ին պատրիարքարան այցելեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն, որը, հանդիպելով փոխանորդ Արամ Աթեշեանի եւ Հոգեւոր խորհրդի անդամների հետ, նշեց, որ պատրիարքարանը ընտրութիւնների պէտք է գնայ տեղապահի մասնակցութեամբ, եւ դա նաեւ նախագահ Էրդողանի կարծիքն է:

Սոյլուի այցի ժամանակ որոշւեց, որ տեղապահի ընտրութիւնները պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրութիւններից յետոյ (ՏԻՄ ընտրութիւնները երկրի ամբողջ տարածքում տեղի են ունեցել մարտի 31-ին, սակայն մի քանի նահանգներում, այդ թւում ՝երկրի խոշորագոյն քաղաքում՝ Ստամբուլում, յայտարարւեց կրկնընտրութիւն, եւ նոր ընտրութեան օր նշանակւեց յունիսի 23-ը): Տեղապահի ընտրութեան օր նշանակւեց յունիսի 27-ը: Սակայն Ստամբուլի նահանգապետարանը յունիսի 26-ին գրութիւն ուղարկեց, որով ընտրութիւնները յետաձգւեցին մինչեւ յուլիսի 4-ը: Տեղապահ էին առաջադրւել Արամ արքեպիսկոպոս Աթեշեանն ու Սահակ եպիսկոպոս Մաշալեանը: Ձայների՝ 13 կողմ, 11 դէմ եւ 1 ձեռնպահ յարաբերակցութեամբ տեղապահ ընտրւեց Մաշալեանը, իսկ Աթեշեանը դարձաւ Հոգեւոր խորհրդի նոր ատենապետը:

Ընտրութիւնները կազմակերպելու համար ստեղծւեց Նախաձեռնակ մարմին: Ընտրութիւնների անցկացման համար, բացի այդ, անհրաժեշտ է ՆԳՆ-ի կողմից ուղարկւող կանոնադրութիւն: Օգոստոսի 30-ին Անկարայում Յաղթանակի օրւայ միջոցառումների ժամանակ Պոլսոյ պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալեանը եւ Ս. Փրկիչ հիւանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն կարճ հանդիպում ունեցան նախագահ Էրդողանի հետ, որը հետաքրքրւեց, թէ ինչպէս է ընթանում ընտրական գործընթացը: Հայ համայնքի ներկայացուցիչները յայտնեցին, որ սպասում են կանոնադրութեանը: Ըստ Շիրինօղլուի՝ Էրդողանը յանձնարարել էր ՆԳ  նախարարին՝ մէկ շաբաթւայ ընթացքում ուղարկել այն: Ըստ այդ կանոնադրութեան՝ պէտք է որոշւի՝ արդեօ՞ք արտասահմանում ապրող թեկնածուները (միայն այն եպիսկոպոսները, որոնց ծնողները արմատներով Թուրքիայից են) ունեն իրաւունք մասնակցելու պատրիարքի ընտրութեանը:

Հայաստանում տպագրւող «Հրապարակ» օրաթերթը «Անհաւասար պայմաններ՝ Պոլսոյ պատրիարքի ընտրական գործընթացում» վերնագրով յօդւած էր հրապարակել, որում նշւում էր, որ երկու հիմնական թեկնածուները՝ Մաշալեանն ու Աթեշեանը, դարձել են դաշնակիցներ եւ անում են ամէն բան՝ չէզոքացնելու համար արտասահմանում բնակւող հաւանական թեկնածուների հաւակնութիւնները, բացի այդ՝ քարոզչութիւն են տանում համայնքի ներսում, ինչը եկեղեցական կանոններով համարւում է անհարիր արարք: Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, ի պատասխան այս յօդւածի, հերքել էր բոլոր մեղադրանքները, սակայն նշել, որ համայնքի պատկան մարմիններից դուրս կան անձինք, որոնք ամէն բան անում են՝ խոչընդոտելու երկրից դուրս գտնւող թեկնածուների մասնակցութիւնը:

Թէեւ դեռ ոչ մի յստակութիւն չկայ, թէ երբ եւ ինչ պայմաններում են ընթանալու պատրիարքի ընտրութիւնները, այդուհանդերձ, պէտք է արձանագրենք, որ 2008 թւականից ի վեր պոլսահայ համայնքը յայտնւել է ճգնաժամի մէջ, որի միակ եւ արդիւնաւէտ հանգուցալուծումը կը լինի պատրիարքի արդար ընտրութիւնները:

 

Yerkir.am

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։