Հա

Գաղափարական

03/12/2012 - 11:04

Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը եւ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը թեւակոխում է բոլորովին այլ փուլ: Կողմերի հետ դէմ առ դէմ նստելուն ուղղւած ջանքերը, որ կոչւում է բանակցութիւններ, անյայտ հեռանկարների եւ սպասումների փոխարէն, շնորհիւ Հայ Դատի կայուն եւ երկարատեւ աշխատանքների, նոր հորիզոններ են բացում հայկական արտաքին քաղաքական ասպարէզում:

Այս նոր փուլը ենթադրում է Մինսկի խմբի մակարդակով ընթացող այսօրւայ բանակցային գործընթացն առանց վնասելու միտումով՝ սկսել պետական եւ համահայկական մակարդակով նոր քաղաքական աշխատանք՝ ուղղւած այլ երկրների կողմից ԼՂՀ-ի անկախութեան միջազգայնօրէն ճանաչմանը:
Նման ձեւաչափով գործելու արդիւնաւէտութիւնը կիրառւել է Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման գործընթացում:
ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի գործունէութեան հիմնական ուղղութիւններից է Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչումը: Այս ուղղութեամբ Հայ Դատի յանձնախմբերը տարիներ շարունակ աշխատել, հիմք են նախապատրաստել՝ սկսելու մի նոր գործընթաց:
Արցախի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչումը պէտք է դառնայ հայկական արտաքին քաղաքականութեան հիմնարար ուղղութիւններից մէկը, որի շուրջ անհրաժեշտ է համահայկական մօտեցում: Այս հարցում հայրենի իշխանութիւնները պէտք է հանդիսանան հայկական բոլոր կազմակերպութիւնների եւ կառոյցների յուսալի յենարանը:
Աշխարհում արդէն երեք նահանգ՝ երկուսը՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներում եւ երրորդը՝ Աւստրալիայում, ճանաչել են ԼՂՀ-ի անկախութիւնը եւ իրենց երկրների իշխանութիւններին կոչ ուղղել ճանաչել այն: Սա արդէն լուրջ արդիւնք է, եւ անկախ այն մօտեցումից, որ իրաւական հիմք չեն ներկայացնում աշխարհի համար, այդուհանդերձ, ԼՂՀ-ի միջազգայնօրէն ճանաչման գաղափարի շրջանառութիւնն արդէն ծանրակշիռ նշանակութիւն ունի մեր արտաքին քաղաքականութեան համար:
Սկսւած գործընթացը կարող է շրջադարձային լինել ե՛ւ Արցախի Հանրապետութեան, ե՛ւ ողջ աշխարհի համար: Այն նպաստաւոր նախադրեալներ է ստեղծում առանձին երկրների կողմից ԼՂՀ-ի միջազգայնօրէն ճանաչման համար կամ գոնէ մօտեցնում է այդ գործընթացը: Այն «վարակի» նման կարող է տարածւել եւ տալ իր ցանկալի արդիւնքները:
20-րդ դարից սկսւել եւ 21-րդ դարում գերակայութիւն է դառնում ազգերի ինքնորոշման իրաւունքը: Սերունդները ականատեսն են դառնում աշխարհում կազմալուծւող կամ տարանջատւող տասնեակ պետութիւնների:
ԼՂՀ-ի հետ հակամարտութեան մէջ գտնւող Ադրբեջանն ամէն կերպ փորձում է խեղդել ազգերի ինքնորոշման իրաւունքի դրոյթը՝ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում: Բոլորովին վերջերս այդ պարունակում Ադրբեջանը ճանաչել է նոր անկախացած Հարաւային Սուդանի Հանրապետութիւնը:
Փաստօրէն, Ադրբեջանն ընդունում է ազգերի ինքնորոշման իրաւունքի գերակայութիւնը այլ հանգրւանում, բայց՝ ոչ մեր դէպքում:
Արցախի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչումը պէտք է դիտել ոչ միայն ազգերի, այլեւ՝ մարդու իրաւունքների պարունակում:
Մենք կարող էինք օգտւել Ադրբեջանի շատ սայթաքումներից: Պահը չօգտագործելով՝ մենք տրամաբանօրէն դառնում ենք թոյլ եւ անկարող կողմ:
Ադրբեջանի կողմից Հարաւային Սուդանի ճանաչումը մեզ համար յաղթաթուղթ է, իսկ մենք վարանելու տեղ չունենք: Այն պէտք է օգտագործել ըստ արժանւոյն:

Խմբագրական Արցախի ՀՅԴ Կենտր. կոմիտէի
պաշտօնաթերթ «Ապառաժ»-ի

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։