Հա

Գաղափարական

Երեքշաբթի, 06 Օգոստոսի 2013 15:20

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԲԵՄ - Ազատութեան ճանապարհների վախեցնող բացակայութիւնը

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

altԱյն տպաւորութիւնն ունեմ, թէ մենք մի շատ կարեւոր բան ենք բաց թողել: Աչքաթող ենք արել: Թոյլ ենք տւել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք մեր կեանքի ինչ-որ կարեւոր բանի կողքով անցել եւ նոյնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Յետ հայեացք եմ ձգում 80-ականների վերջերին, 90-ականներին, նոյնիսկ 2000-ականների սկզբին եւ տեսնում, որ մենք ամենեւին չէինք ծրագրում յայտնւել նման կեղտի մէջ, որում, ներեցէք արտայայտութեանս համար, յայտնւել ենք: Ընդորում՝ այս ոչ այնքան պարկեշտ արտայայտութիւնը դժւար չէ արդարացնել, եւ դժւար թէ մեր այսօրւայ կեցութեան համատեքստում գտնւեն այն մեղմել ցանկացողներ:

Թող «կեցութիւն» բառը ձեզ չապակողմնորոշի: Ես չեմ պատրաստւում գրել մարդկային արժանապատւութիւնը նւաստացնող մեր կենցաղի, սոցիալական, տնտեսական ու բնապահպանական ճնշող խնդիրների, ամենակուլ կոռուպցիայի, իշխանական վերնախաւի զգալի մասի մասնագիտական լիակատար անկարողութեան կամ յանցագործ հակումների մասին, թէեւ հիանալի գիտակցում եմ, որ մեր հասարակութեան մէջ շատերին, դրանից բացի, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:
Աշխարհընկալման ձեւափոխումը մեզանում կատարւեց աստիճանաբար, այնպէս որ՝ հասարակական տրամադրութիւնների զանազան վիճակների միջեւ սահմանագծերն անզէն աչքով կարող ես եւ չնկատել՝ «Ոչ միայն հացիւ» ազնիւ կարգախօսից մենք անցանք նախ «Հաց եւ զւարճանք» պահանջին, բայց հաց չի եղել եւ հիմա էլ չկայ, իսկ միայն զւարճանքներով, որոնցով մեզ կերակրում է հանրապետական իշխանութիւնը, չես կշտանայ, այնպէս որ՝ հասարակական տրամադրութիւնները սահուն կերպով վերածւեցին «Որտեղ հաց՝ այնտեղ հայրենիք» քաղքենիական խորիմաստութեանը: Եւ դա պատահական չէ: Ինչ-որ տեղ մեր ճանապարհին սխալ նրբանցք ենք թեքւել: Ո՞վ է դրանում մեղաւոր, եւ ինչո՞ւ այդպէս ստացւեց՝ հիմա քննարկելն անիմաստ է, այսինքն՝ առանց այդ էլ ամէն ինչ հասկանալի է: Դա չէ կարեւորը:
«Ազատութեան ճանապարհների վախեցնող բացակայութիւնը». այս արտայայտութիւնը ես կարդացել եմ շատ տարիներ առաջ ամերիկացի գրող Թորնթոն Վայլդերի «Մարտեան իդեր» հրաշալի վէպում: Եւ յաճախ էի յիշում, երբ Հայաստանն անկախութեան ճանապարհին իր առաջին քայլերն անելիս յայտնւեց ճամբաբաժանին: Ո՞ր ճանապարհն ընտրել: Միշտ էլ սխալւելու վտանգ կայ՝ փորձ չունենք, իսկ մեր քաղաքական ու աշխարհագրական դրութիւնն այնպիսին է, որ սխալը, ինչպէս սակրաւորի պարագայում, կարող է միայն մէկը լինել՝ ճակատագրական եւ վերջինը:
Վերջի՞նը: Ախ, երանի այդպէս լինէր: Բայց, ոչ, այս հարցում մեր բախտը չի բերել: Ի տարբերութիւն ականապատ դաշտի՝ քաղաքական դաշտն ունի մէկ առանձնայատկութիւն՝ պայթիւնը հազւադէպ է անմիջապէս յաջորդում արւած սխալին, այդ պատճառով էլ՝ դրա հետեւանքները միանգամից նկատելը յաճախ դժւար է լինում: Եթէ սխալների հետեւանքներն անմիջապէս նկատելի դառնային, կը կարողանայինք ընթացքում փոխել ձախորդ «սակրաւորներին», այսինքն’ տարբեր տրամաչափերի ու տեսակի ղեկավարներին եւ առաջ շարժւել՝ սրբագրելով եւ շտկելով մեր ճանապարհի ուղղութիւնը: Աւաղ, փոցխը անմիջապէս չի խփում ճակատին եւ ոչ նրանց, ովքեր դրա վրայ կանգնել են: Եւ մեր ճակատագրերի ինքնագոհ արարիչները շարունակում են մէկը միւսի յետեւից սխալներ գործել՝ չնկատելով, թէ ինչ բաւիղներ են մտցնում երկիրը՝ մինչեւ վերջապէս չի գալիս հատուցման ժամանակը: Ձեզ չի՞ թւում, որ մեր շոգեքարշը, որն «առաջ է սլանում» (Առա՜ջ, Հայաստան) այն մարդկանց ղեկավարութեամբ, ովքեր չեն կարողանում տեսնել, ընդունել եւ ուղղել իրենց եւ իրենց նախորդների սխալները, մօտենում է հէնց այդ կանգառին: Ճիշտ է, այդ ամէնը հատուցելը աւելի ծանր կը լինի մեզ, այլ ոչ թէ նրանց համար, սակայն դա արդէն նշանակութիւն չունի:
Մարտավարական, ռազմավարական, դժւար շտկւող այդ սխալների հետեւանքները մենք տեսնում ենք բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, բարոյական եւ քաղաքական:
Անձամբ ինձ թւում է, թէ մեր յոյսերին հասցւած ամենաուժգին հարւածը քաղաքացի լինելու զգացումի՝ ազգային օրգանիզմի հիմնական պաշտպանական մեխանիզմի կորուստն էր: Ասածս բացատրելու համար՝ ես ստիպւած կը լինեմ խօսել պարզ, թւում է՝ այբբենական ճշմարտութիւնների մասին: Սրանք սոսկ բառեր չեն: Ի՞նչ է քաղաքացի լինելու զգացումը: Դա ընդամէնը պատասխանատւութեան զգացումն է: Բայց, ոչ միայն ընտանիքի, մտերիմների, երեխաների առողջութեան եւ սեփական բարեկեցութեան նկատմամբ: Պատասխանատւութիւն՝ հայրենիքի նկատմամբ: Պատասխանատւութիւն, որն անհնար է դնել ուրիշի, նոյնիսկ սեփական կառավարութեան ուսերին: Պատասխանատւութիւն, որը չի կարելի վաճառել, ինչպէս ձայն են վաճառում ընտրութիւնների ժամանակ:
Յիշենք 80-ականների վերջը, յիշենք Ղարաբաղի համար մղւող պատերազմը: Ի՞նչը մեզ դարձրեց հպարտ, վճռական, քաջ: Ի՞նչը մեզ դարձրեց քաղաքացիներ: Ի՞նչն էր մեզ միաւորում: Ազգային պատկանելութի՞ւնը, լեզո՞ւն, եզակի այբուբե՞նը, ընդհանուր պատմութի՞ւնը, «Ջերմուկ» հանքային ջո՞ւրը, ազգային ինքնութեան գիտակցո՞ւմը, եկեղեցի՞ն, սէրը տոլմայի ու խաշի նկատմա՞մբ: Ո’չ, թւարկածները եւ շատ այլ բաներ մեզ դարձնում են հայ, բայց Հայաստանի քաղաքացի մեզ դարձնում էր մէկ այլ բան՝ պատասխանատւութեան զգացումը: Ղարաբաղեան շարժումը մեզ քաղաքացիական պարտքի զգացումով պարուրեց: Մենք մեզ զգացինք մասը այն հասարակութեան, որ գիտակցում է իր պատասխանատւութիւնը, եւ մտածել անգամ չէինք կարող այն մասին, որ այդ պատասխանատւութիւնը դնենք «պոլիտբիւրոյի» կամ նման մեզ չենթարկւող այլ կազմակերպութիւնների ինչ-որ «քեռիների» ուսերին: Այդ պատճառով էլ՝ յաղթեցինք մեզ պարտադրւած պատերազմում:
Բայց, յետոյ ինչ-որ մէկը վարպետօրէն տեղափոխեց մեր ուղենիշերը: Կամ գուցէ պատճառ դարձաւ ազգային շահերին համարժէք քաղաքական օրակարգ ձեւակերպելու մեր սեփական անկարողութիւնը:
Որպէս քաղաքացիական հասարակութիւն՝ մենք ձեւաւորւեցինք Ղարաբաղեան շարժման ընթացքում, բայց յետոյ հեռացանք դրանից եւ, որպէս հետեւանք, դադարեցինք լինել քաղաքացիական հասարակութիւն, թէեւ հէնց այդ շարժումը կարող էր լինել մեր ներքին զարգացման ու առաջընթացի խթանը: Ոմանք յօժարակամ դուրս մնացին դրանից՝ բաւարարւած վերջին երկու նախագահների ղարաբաղեան ծագումով (իբր՝ սրանք չեն դաւաճանի), միւսներին մեղմօրէն (ոմանց էլ՝ կոպտօրէն) դուրս մղեցին իրական քաղաքական ակտիւութիւնից: Եւ մենք ձեզ հետ լողացինք դէպի ոչ մի տեղ՝ հրապուրւելով կեղծ փարոսներով, կեղծ ուղեցոյցներով: Մե՛նք՝ հայ ժողովուրդը, դադարեցինք լինել Ղարաբաղեան շարժման հիմնական բաղկացուցիչը, իսկ առանց մեզ այն շուտով կորցրեց իր կենսատու բնոյթը՝ վերածւելով քաղաքական խարդաւանքի՝ դարձեալ «պոլիտբիւրոյի» «քեռիների» ակտիւ մասնակցութեամբ, բայց արդէն ոչ թէ խորհրդային, այլ՝ միջազգային:
Մենք լուռ նայում էինք, թէ ինչպէս մեր ղեկավարների ձեռքով Ղարաբաղը դուրս էր մղւում բանակցային գործընթացից, մենք համակերպւում էինք, երբ մեր դիւանագիտութեան «հանճարները» միջազգային համաժողովներին մասնակցելու մեկնողներին մեծամտօրէն սովորեցնում էին մեծահոգի լինել ադրբեջանցիների հակահայկական հիստերիկ գրոհների նկատմամբ, իբր մեր կոշտ արձագանգը դուր չի գալիս մեր արեւմտեան գործընկերներին, իսկ ճշմարտութիւնն առանց դրա էլ բոլորը գիտեն: Մենք լուռ կողքի քաշւեցինք, երբ պարզ դարձաւ, որ իրար յաջորդող կառավարութիւններից եւ ոչ մէկը չի պատրաստւում իրական քայլեր ձեռնարկել ազատագրւած տարածքները հայերով բնակեցնելու հարցում: Դաշնակցականները բողոքում էին դրա դէմ: Բայց դէ դա դաշնակցականներն են, հասկանո՞ւմ էք,- բազմանշանակ քմծիծաղ էին տալիս դիւանագէտները: Երբեւէ վառօդի հոտ չառած, բայց իրենց երեւակայող պաշտօնեաների մռութներին չէինք հասցնում, երբ նրանք ամէն առիթով եւ առանց առիթի բոլոր լսարաններում արիաներ էին երգում, թէ Հայաստանը պատրաստ է զիջումներ անել: Մենք սովորեցինք ադրբեջանական էմիրութեան ներկայացուցիչների լկտի սպառնալիքներին՝ մոռանալով, որ նրանք մեր զսպւածութիւնն ընկալում են որպէս թուլութիւն եւ վախկոտութիւն:
Մեզ հետ վարժեցրին պայքարից: Դուք շատ լաւ գիտէք, թէ ինչու հնազանդների հետ իշխանութիւններն իրենց աւելի հանգիստ են զգում:
Մեզ ազատեցին պատասխանատւութիւնից: Եւ մենք չգիտակցելով, որ օտարի ձեռքն ենք յանձնում քաղաքացի լինելու մեր կոչումը, հեշտութեամբ դէն նետեցինք սեփական երկրի համար պատասխանատւութեան բեռը: Եւ Սփիւռքը, նայելով մեզ, արեց նոյն բանը՝ երես թեքեց ու սկսեց զբաղւել իր գործերով:
Իսկ մենք ընկանք մէկ այլ տարերքի մէջ: Մեզ գրաւեց ազատութիւնը: Նախ՝ ինչպէս երեխաներն են անսպասելիօրէն ձեռք բերում չփորձւած ազատութիւնը, մենք սկզբում չէինք վախենում նրա ճանապարհների բացակայութիւնից: Չունենալով փորձ՝ նաեւ չէինք լսում նախազգուշացումները եւ չէինք սովորում միջոցներն ու մեթոդները տարբերել նպատակներից, գլխաւորը՝ երկրորդականից: Ազգային շահերի յստակ ցանկը, որի առաջին տողում եղել եւ մնում է Ղարաբաղի հարցը, մեր գիտակցութեան մէջ յետ մղւեց, իսկ առաջին տեղը եկան զբաղեցնելու թէեւ շատ կարեւոր, սակայն օժանդակ հարցեր՝ ժողովրդավարական վերափոխումներ, վարչական բարեփոխումներ եւ այլն: Յետոյ դրանք էլ կորցրեցին իրենց արդիականութիւնը: Դրանց փոխարինելու եկան խարդաւանքները, սկանդալները, եւ բամբասանքը դարձաւ աւելի ու աւելի նեխող հասարակութեան տեղեկատւութեան հիմնական աղբիւրը:
Եւ համընդհանուր անտարբերութեան այս հէնքին մեր երկիրն այսօր ստիպւած է լուծել ռազմավարական կարեւորութեան հարցեր: Խօսքը ոչ միայն եւրոպական ինտեգրման նոր փուլերի եւ ռուսական կողմնորոշման միջեւ բարդ ընտրութեան մասին է: Դրան մենք դեռ կանդրադառնանք: Խօսքը մեր հասարակութեան կենսունակ մոդելի ընտրութեան մասին է: Ինչպէ՞ս ելք փնտրել:
Հիմա, երբ մենք յոգնած, հիասթափւած, երբեմնի բոլոր պատրանքները կորցրած՝ յայտնւել ենք փակուղում, ժամանակն է, որ վարւենք այնպէս, ինչպէս, սովորաբար, վարւում են քարանձաւում մոլորւածները՝ հարկաւոր է դանդաղ, խարխափելով յետ դառնալ՝ մինչեւ գտնենք այն, ինչ կորցրել ենք, մինչեւ գտնենք մեր ուղեցոյց թելը, մինչեւ գտնենք ինքներս մեզ: Նոյն գետը երկու անգամ չես մտնի, բայց ուրիշ գետ չկայ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։